Ռուսական երջանկություն՝ հայկական ողբերգությամբ

Ռուսական երջանկություն՝ հայկական ողբերգությամբ

Այս տարվա մարտի 16-ին՝ 1921թ. Մոսկվայի դավադիր պայմանագրի 100-ամյակի օրը, ՀՀ «ռազմավարական դաշնակից» Մոսկվան առ Անկարա հղեց սիրատոչոր խոստովանությունը, երբ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը, Թուրքիայի խորհրդարանում Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ, պատմեց այդ հին-նոր սիրո մասին. «Անցյալ շաբաթ, երբ ես ներկա էի «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում մեկնարկի արարողությանը` մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Էրդողանի նախագահությամբ, ես մտածում էի Մոսկվայի պայմանագրի մասին. հենց այն ժամանակ մեր ժողովուրդներն ամուր հիմք դրեցին բարեկամության այն հարաբերությունների եւ համագործակցության համար, որոնք այսօր այդքան երջանկությամբ են զարգանում»: 

100 տարի առաջ եւ 100 տարի հետո հայ ժողովրդի ողբերգության՝ նրա պատմական տարածքների բռնազավթման հաշվին սեփական ամոթալի երջանկությունը հյուսած Ռուսաստանն անփոփոխ դաժանությամբ զոհաբերում է քրիստոնյա Հայաստանի ազգային, պետական շահերը վայրագ մի ցեղախմբի, որին հաջողվել է այլ ժողովուրդներից բռնազավթված տարածքներում թուրքական պետություն ստեղծել: Ռուս-թուրքական դավադիր համագործակցության խավարչտին անձավներում հայ ժողովրդի «հավերժական բարեկամի» եւ հավերժական թշնամու դեմքերը նույնանում էին: 

Այս տարվա մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը օրը, ՀՀ իշխանությունները՝ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովը, երդվյալ լռություն պահպանեցին՝ չհիշատակելով անգամ այդ չարաղետ պայմանագիրը: ՀՀ իշխանությունների քար լռությունն ավելի քան խոսուն էր: Այդ լռությունը մի քանի պատճառ ունի. 

1. 1921թ. մարտի 16-ի պայմանագիրը հիշատակելիս անխուսափելի են զուգահեռները մեկ այլ չարաղետ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի ստորագրեց Ղարաբաղի տարածքների հանձնման տակ՝ պատերազմում տալով 5 հազար զոհ: 

2. Մոսկվայի պայմանագիրը հիշատակելիս անհնար է խուսափել ռուս-թուրքական պատմական դավադրությունն այս կամ այն կերպ դատապարտելուց, իսկ ՀՀ իշխանությունը սարսափում է բոլշեւիկյան Ռուսաստանի իրավահաջորդը հանդիսացող ներկա Ռուսաստանից եւ անգամ այդ երկրի անցյալի մասին դատողություն անել չի կարող իրեն թույլ տալ: 

3. ՀՀ վարչապետի եւ նրա քաղաքական թիմի անտեղյակությունը աշխարհաքաղաքական գործընթացներին, միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքների բացակայությունը, անհաղորդությունը ազգային խնդիրներին, ապազգայնության ագրեսիվ հաղթարշավը արգելափակոցներ էին՝ դրված Մոսկվայի պայմանագրի հիշատակման եւ դատապարտման ճանապարհին: 

Նիկոլ Փաշինյանը չի կարող հիշատակել, առավել եւս՝ դատապարտել 1921թ. ռուս-թուրքական դավադիր պայմանագիրը, քանի որ Հայաստանի կառավարման մանդատը նա հանձնել է Ռուսաստանին: Փաշինյանը Հայաստանն ու հայ ժողովրդին տարել է ստորացուցիչ, աղետաբեր այն ճանապարհով, որի վերջում դարձյալ հայտնվեց 100-ամյա խավարչտին վիհը: 
Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը լակմուսի թուղթ էր, որ բացահայտեց ոչ միայն ՀՀ իշխանությունների կամազրկությունն ու վախկոտությունը, այլեւ ընդդիմությանը «հայտնի ուժերին», որոնք Հայաստանը Ռուսաստանին շղթայելու՝ իշխանության քաղաքական կուրսի թե՛ շահառուներն են եւ թե՛ մրցակիցները:

Բաղրամյան պողոտայում խորոված անող 17+ ընդդիմությունը նույն դավադիր լռությունը պահպանեց պայմանագրի 100-ամյակի շուրջ: Այդ շարքում միակ բացառությունը Դաշնակցությունն էր: ՀՅԴ Բյուրոյի՝ մարտի 16-ին, ցերեկը ժամը 3-ին տարածած հայտարարությունը, սակայն, տարակուսանքի տեղիք տվեց. ՀՅԴ-ն հայտարարեց, որ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակի ներպետական եւ միջազգային միջոցառումների ծրագիրը»: 

Իշխանության եւ ընդդիմության պես, նույն խղճալի վիճակում էր հայտնվել Հայաստանի հանրության ռուսատենչ հատվածը, որը մարտի 16-ին սրտատրոփ սպասում էր ՌԴ նախագահի կողմից 1921թ. պայմանագրի մասին հայանպաստ եւ հուսավառ արձագանքի՝ դրա գործողության ժամկետի ավարտի կամ համանման ձեւակերպմամբ: Մոսկվայի պատասխանը չուշացավ։

«Վերջին 100 տարվա ընթացքում իր քաղաքական ու պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն ու սկզբունքներին հետեւելը երաշխիք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության ու Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հետագա առաջադեմ զարգացման համար»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Վերահաստատելով բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման պատրաստակամությունը» եւ պայմանագիրը բնութագրելով որպես «հիմնարար փաստաթղթերից մեկը, որը երկու պետությունների միջեւ ժամանակակից հարաբերությունների հիմք է դրել»՝ պաշտոնական Մոսկվան ընդգծեց․ «Մենք այս նշանակալի ամսաթիվը դիտարկում ենք 2020թ. երկկողմ դիվանագիտական կապերի մեկդարյա հոբելյանի հետ միասին՝ որպես ռուս-թուրքական գործընկերության կարեւորության փոխըմբռնման պատմական վկայություն»: 

Այդ հայտարարությամբ Մոսկվան զրկեց Հայաստանի հանրության ռուսահպատակ հատվածին՝ հպարտանալու «հայ-ռուսական դարավոր բարեկամությամբ» եւ «ռազմավարական դաշնակցի»՝ հին օրերի երգը բաղաձայնելուց: Չնայած հայ ժողովրդի հանդեպ ռուսական այս ծաղրուծանակին՝ ռուսահնազանդ հայերը սկսեցին կառչել փլվող հույսի ավազներից, թե՝ ռուս-թուրքական պատերազմ է հասունանում Ղրիմի առիթով: Անհուսությունից ծնված այս ինքնախաբեությունը, սակայն, կարող էր օրորել եւ նինջ բերել միայն ռուսատենչ հայերին: 

Ներհայաստանյան իրադարձությունների հարահոսում Մոսկվայի պայմանագիրը հիշատակեցին, դատապարտեցին, բողոքի միջոցառումներ կազմակերպեցին հայաստանյան ազգային ուժերը եւ արեւմտամետ հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների ոչ մեծ հատվածը: Մնացյալի համար Մոսկվայի պայմանագրի հիշատակումն ու դատապարտումը նշանակում էր դատապարտել ռուս-թուրքական մեկդարյա դավադրությունը՝ դրանով իսկ արժանանալ Մոսկվայի զայրույթին եւ իբր վտանգել հայ-ռուսական հարաբերությունները: 

Հայ հանրության զգալի մասի պարզունակ ընկալումները, հայ քաղաքական մտքի չգոյության պայմաններում, վերածվում են ոչ միայն զավեշտի, այլեւ ողբերգության Հայաստանի համար: 
Թե՛ 100 տարի առաջ, թե՛ 100 հետո՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը Ադրբեջանին եւ Թուրքիային զոհաբերած Ռուսաստանը ոչ թե պարզապես աշխարհաքաղաքական առեւտրական գործարք է իրականացնում, այլ անթաքույց ձգտում է ստորացնել եւ պատժել հայ ժողովրդին, կարծես թե նրա մի մասի՝ Ռուսաստանի հանդեպ ինքնամոռաց հավատարմության համար: Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքն ու ավարտը ցույց տվեցին, որ Մոսկվան Հայաստանին եւ հայ ժողովրդին չի ներում՝
- 2016թ. ապրիլյան պատերազմում հայկական կողմի աննահանջ դիմադրության համար, 
- այդ պատերազմում ռուսական սադրանքի պսակազերծման համար, 
- ապրիլյան հեղափոխության համար, 
- հայոց լեզվի պահպանման անկոտրում կամքի եւ ռուսերենը ՀՀ պետական լեզու չհռչակելու համար, 
- Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի հարաճուն անվստահության համար,
- ռուսական ֆորպոստի կարգավիճակը թոթափելու փորձերի եւ կոչերի համար: 

Մեծ Ռուսաստանը ղեկավարող ՌԴ նախագահը իրականում վախենում է փոքր Հայաստանից եւ փոքրաթիվ հայ ժողովրդից, եւ իր իսկ վախերը թոթափելու համար նա պարզապես արյունոտ կտորը՝ հայ ժողովրդի տարածքների տեսքով, թափահարեց Հայաստանի կրկնակի թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ:

Սա Հայաստանի վերջը չէ, սակայն կարող է Ռուսաստանի վերջի սկիզբը դառնալ: Մանավանդ որ, Թուրքիան եւ Ռուսաստանը դարձել են սպառնալիք իրենց դրկիցների համար՝ մասնավորապես, աշխարհի համար՝ ընդհանրապես: Օրըստօրե աճող եւ կարծրացող միջազգային պատժամիջոցները, Ռուսաստանի ներքաղաքական վիճակը, թուրքական շողոմ բարեկամությունը, ռազմավարական դաշնակցին դավաճանելը կարող են իրապես մթագնել ռուսական այն երջանկությունը, որը 100 տարի առաջ եւ հետո իրականացվեց հայ ժողովրդի հաշվին՝ բզկտելով Հայաստանը: 

Ամեն ինչ իր գինն ունի, Մոսկվան դեռ պետք է վճարի հայ ժողովրդին ստորացնելու, նրա պատմական հայրենիքը անցյալում եւ ներկայում Հայաստանի թշնամիներին նվիրելու աշխարհաքաղաքական գինը: Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովի հիշատակած ռուսական երջանկությունը կարող է հօդս ցնդել: Մանավանդ որ, ՌԴ դեսպանն անտեսում է. երջանկությունը ո՛չ քաղաքական կատեգորիա է, ո՛չ էլ աշխարհաքաղաքական գործոն: