Բա ինչի էինք դեմ քվեարկում․ հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս

Բա ինչի էինք դեմ քվեարկում․ հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս

Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին՝ թե ինչու 2018-ին առաջադրվեցիք վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էիք , որ այլևս չեք ստանձնելու ոչ մի պաշտոն, Սարգսյանը հարցին  ի պատասխան նշել էր, «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար  այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։

Այս հայտարարությունն, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը եւ ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ով էլ հայտարարեց. «Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առվազն դա զրոյացնում է այդ ընթացքւոմ  նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել  2017-18 թթ-ին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում  գտնվելը չի նշանակում երկիրը  հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ  արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաև ուրիշ նյուանս կար, ինչու այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել  ժողովրդին...»: Չեն տեղեկացրել նաեւ իրեն` Փաշինյանին եւ նա հարցնում է. «Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, չէր կարող գրել, որ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»։
2018-ից հետո եղե՞լ է Սարգսյանի և Փաշինյանի միջև հաղորդակցություն, ի՞նչ կենցաղային նամակագրության մասին է խոսքը, հարցրեցինք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ-ի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Մինչ բովանդակային թեմային անդրադառնալը, նշեմ, որ կենցաղային ոչ մի նամակագրություն՝ ոչ մի բան չի եղել, որին կանդրադառնա երրորդ նախագահի գրասենյակը։ Բայց ես ուզում եմ ասել՝ Սերժ Սարգսյանից անձամբ, իր անունով երբեք  նամակ չի գնացել, և այն, ինչ էլ որ ինքն է նկատի  ունեցել, և շատերը ենթադրել են, որ այն նամակները բնակարանի համար է եղել, ապա ասեմ, որ այդ հարցը կենցաղային չէ` այն պետական արարողակարգ է։ Հիմա  խոսենք այդ վերահաս արհավիրքից, որ ինքը մանիպուլացնում է՝ իր սովորության համաձայն։ Երբ Սերժ Սարգսյանը, մենք, ասում էինք «վերահաս  արհավիրք», նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը և նրան հովանավորող ուժերին։ Նկատի ենք ունեցել, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը` որպես բանակցողի, Նիկոլ Փաշինյանով, կհանգեցնի  արհավիրքի, քանի որ, շատ լավ հասկանում էինք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետականությունից ոչինչ չի հասկանում՝ բանակցություններից առավել ևս, և նա պետական շահ չի կարող սպասարկել, նա շարքային պոպուլիստ է, որի մասին մենք հայտարարել ենք ի սկզբանե՝ նրա վարչապետ դառնալու օրվանից, և մեր ասածները, կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանն է  դիվանագիտական պատերազմ հայտարարել ԵԱՀԿ նախագահությանը, երբ գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ՝ ֆորմատը փոխեց, գնաց Ալիևի հետ Դուշամբեում հանդիպեց, Շուշիում ինաուգուրացիայի մասնակցեց, Քոչարյանին բռնեց, և ինչ ասես արեց, որը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայաթափմանը։ Որ ելնում հայտարարում է՝ հանրապետականը իրեն վտանգների մասին չի տեղեկացրել, ինքը կրկին լկտիաբար ստում է։ Առնվազն ես մայիսի 1-ին՝ 2018-ին Աժ-ում, իր ընտրության օրը ասել եմ «գերագույն գլխավոր հրամանատարի գործը հանաք մասխարության գործ չի»։ Արմեն Աշոտյանը ևս, նույն օրը ասել է՝ «Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, և Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ մարտահրավերները դիմակայել, և ինքը չի ուզում, որ Նիկոլը դառնա Հայաստանի վերջին վարչապետը»։ Ողջ հանրապետական ֆրակցիան, իր ելույթներում՝ մայիսի 1-ին ասում էր՝ պետության ղեկավար լինելը Նիկոլի խելքի գործը չի՝ դա միտինգ վարել չի։ Այսքանից հետո, հայտարարում է, որ չենք զգուշացրել։ Բա ինչի էինք դեմ քվեարկում, հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս։ Պարզ ասում էինք, որ դու չես կարող լինել բանակցող։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը