Նիկոլին «դու»-ով դիմել, թե «դուք»-ով 

Նիկոլին «դու»-ով դիմել, թե «դուք»-ով 

Մի ժամանակ, երբ ես ու ինքն ընդդիմադիր էինք, իրեն անունով էի դիմում: Նույնիսկ խորհուրդներ տալու իրավունք էի վերապահում ինձ: Ուրիշ հարց, որ ինքը դա չէր ընդունում: Ես իհարկե գիտակցում եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի սիրում երբ իրեն խորհուրդ են տալիս՝ սեփական անձը համարելով ամենագետ: Մի խոսքով, նրան ընկեր էի համարում, բայց դա մինչև 2013 թվականը՝ երբ ինքը նախաձեռնեց մի շարժում, որ երկու տարի անց վերափոխվեց կուսակցության: Նախաձեռնության վերաբերյալ նրա հետ նամակագրական (էլեկտրոնային) քննարկումների ընթացքում երևաց, որ սեփական կարծիքից զատ այլ կարծիք չի ընդունում: Ու ես հաջողություն մաղթեցի նրան՝ որոշելով այլևս չշփվել նրա հետ: 

Այս նախաբանից հետո անցնեմ հոդվածի վերնագրի հարցին. ինքն ինձ համար մնաց ընդամենը Նիկոլ: Այսինքն՝ անձ, որի պետք է հարաբերվել «դու»-ով և ոչ թե «դուք»-ով: Չնայած որ կրելով «դուխով» գրությամբ գլխարկը՝ իր շուրջ համախմբեց զանգվածներին ու դարձավ «ժողովրդի վարչապետ»: Իսկ 2020-ի նոյեմբերի 10-ին վրեժի կոչեց ընդդեմ հայրենասեր մարդկանց՝ փոխանակ, որպես խայտառակ պարտության պատասխանատու և մեղավոր, հրաժարական ներկայացներ: Ինչո՞ւ եմ այժմ այս հարցը քննարկում: Որովհետև Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի հարց-ելույթին, երբ մեկ-երկու անգամ օգտագործեց դու-ն, դահլիճը փորձեց ալեկոծվել. Ալենը թույլ չտվեց: Չնայած Լևոնը լուրջ հարց էր բարձրացնում, սակայն քպկական խառնամբոխին ոչ թե հայրենիքի ճակատագիրն է մտահոգում, այլ «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» դու չասելը: Քանի որ Լևոնի հարցը վերաբերում էր ոչ թե Նիկոլին դիմելու ձևին, այլ հենց հայրենիքի ճակատագրին: Ավելացնեմ, որ այդպես էլ չպատասխանեց Լևոնի հարցին, քանի որ չուներ դրա պատասխանը: Ընդամենն անցավ վիրավորելուն, ինչը ձեռքից գալիս է, քանի որ տիրապետում է իշխանական լծակներին: 

Ինչ է դահլիճում հավաքված քպկականների ռեակցիան՝ եթե ոչ ստրկական մտածողության դրսևորում: Միայն սեփական տիրոջը նվիրված անձը կպաշտպաներ նրան ոչ միայն ֆիզիկապես, այլև նրա հեղինակությունը` եթե ընդունենք, որ Նիկոլին դու-ով դիմելը հարված է վերջինիս հեղինակությանը: Քպկականների կողմից չգիտակցվեց, որ որևէ մեկի հեղինակությունն այլոց կողմից պաշտպանվել չի կարող: Որ ամեն մի առանձին անհատի հեղինակությունը վերջինիս հարստությունն է, ինչը պաշտպանել կամ ոտնահարել կարող է միայն ինքը: Եթե վերջին երեք տարվա վարչապետի պաշտոնից կառչած անձը լիներ 2018-ից 2020 թվականների (մինչև սեպտեմբերի 27-ը) անձնավորությունը, ապա նրա հեղինակությունը պաշտպանված կլիներ հենց ինքն իրենով: Եվ որևէ մեկի մտքով էլ չէր անցնի նրան դիմել դու-ով: Սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հնարավոր չէ պաշտպանել այն, ինչ այլևս գոյություն չունի: Որովհետև սեփական հեղինակությունը զրոյի է հավասարեցվել հենց Նիկոլի կողմից՝ դիմես նրան դու-ով, թե դուք-ով: