Վարչապետի միջամտությունը տրամաբանական եմ համարում

Վարչապետի միջամտությունը տրամաբանական եմ համարում

Բարձրագույն որակավորման կոմիտեում ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Բարձրագույն որակավորման կոմիտեից։


«Վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-հայտնում են ԲՈԿ-ից։

Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում, ինչո՞ւ է վարչապետը միջամտում իր դոկտորականի շուրջ բարձրացած աղմուկին․

«Այս թեմայով ես մամուլի ասուլիսի ժամանակ ամբողջական մեկնաբանություն եմ տվել, ճիշտ չի լինի հիմա հատվածական մտքեր ասել, իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իսկ Վարչապետի միջամտությունը տրամաբանական եմ համարում՝ հաշվի առնելով բարձրացված աղմուկը»,- պատասխանեց Հայրապետյանը։ 

-Դուք ասել էիք, որ եթե համակարգ ձևավորվի, որը կուսումնասիրի ատենախոսությունները, ապա առաջիններից կլինեք, որ կհրաժարվեք կոչումից, հիմա սա այդ համակա՞րգն է, - հարցրինք․

«Տեղյակ չեմ, բայց իմ ասածը վերահաստատում եմ»,-պատասխանեց ռեկտորի ԺՊ-ն։ 
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ մի խումբ դասախոսներ, որոնք  դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի գործունեությունից, հայտարարել էին, որ Հայրապետյանի ատենախոսության մեջ եղել են արտատպումներ, որոնք նա ներկայացրել է թարգմանաբար։