Մեզ ոչ պաշտոններ են պետք, ոչ փող, ոչ էլ հարստություն, մեզ պետք է միայն արդարություն

Մեզ ոչ պաշտոններ են պետք, ոչ փող, ոչ էլ հարստություն, մեզ պետք է միայն արդարություն

«Հրապարակի» զրուցակիցը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն է:

- Կառավարության մոտ զոհվածների ծնողներով նստացույց եք իրականացնում: Կա՞ն այլ ծրագրեր՝ առաջիկայում ինչ եք պատրաստվում անել:

- Ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է, ամեն ինչ արագ է զարգանում, չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի: Առայժմ նստացույցը կառավարության բակում շարունակվում է, թե ինչ զարգացումներ կլինեն, չգիտեմ:

- Թեպետ զոհվածների ծնողները, հարազատները նստացույց են իրականացնում, սակայն կառավարությունից որևէ արձագանք չկա: Ինչո՞ւ:

- Այո, ոչ մի արձագանք չկա: Իշխանություն չունենք, հավանաբար հենց այդ պատճառով էլ արձագանք չկա: Իշխանության համար իր իշխանական թևից բացի ուրիշ ոչ ոք հետաքրքիր չէ: Միայն ՔՊ-ականներն են այս կառավարությանը հետաքրքրում: Իրենց բերանով ասում են, որ մարդկանց սևերի ու սպիտակների են բաժանել: Նման պայմաններում այլ բան չենք էլ սպասում: Սևերի համար սպիտակները գոյություն չունեն, սակայն այս պարագայում սևերը հենց իրենք են, ոչ թե մենք: Երկիրը հենց այս պառակտման պատճառով էլ հայտնվել է այս վիճակում:

- Ինչո՞ւ հենց «Որդիների կանչը» թիրախում հայտնվեց:

- Որովհետև ամենահզոր ու ուժեղ կազմակերպությունն է, որից իշխանությունները երկյուղած են: Մենք չենք պայքարում իշխանության համար, մեզ ոչ պաշտոններ են պետք, ոչ փող, ոչ էլ հարստություն, մեզ պետք է միայն արդարություն: Ինչո՞ւ եղավ պատերազմ, ինչո՞ւ զոհվեցին տղերքը, մեզ այս երկու հարցի պատասխանն է պետք: Ինչպե՞ս է ստացվում, որ այսքան զոհերից հետո, դեռ խոսում ենք հանձնելուց ու զիջելուց: Կան բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանները պետք է անհապաղ ստանանք: Գայանե Հակոբյանը պետք է ազատության մեջ հայտնվի: Նա մեր ՀԿ-ի ամենաակտիվ անդամներից է: Նա ունի խելացի ու կարևոր մտահղացումներ ու ծրագրեր: Հենց դրա համար էլ ճնշում են մեզ` շինծու գործեր հարուցելով:

- Ինչպե՞ս Աշոտ Փաշինյանը հայտնվեց որդեկորույս ծնողների մոտ:

- Եթե սկզբում ասում էի, որ այս ամենը սադրանք է 90 տոկոսով, ապա հիմա ասում եմ` սադրանք է՝ 190 տոկոսով: Սարքած գործ է: Հայտնվել էր նա հատուկ, որպեսզի սադրի:

- Նիկոլ Փաշինյանն այսօր իր որդուն հերոսացրեց, տիկնոջն էլ տվեց հերոսածին մայր «տիտղոսը»:

- Չեմ կարծում, թե նորմալ մարդը կարող է այս ցնդաբանությունների հետ համաձայն լինել: Հերոսածին լինելու համար պետք է հերոս որդի ունենալ, ո՞րն է Աշոտի հերոսությունը: Եթե հերոս էր, ինչո՞ւ մինչև վերջ պատերազմի դաշտում չմնաց: Ինչո՞ւ վախեցավ ու հոր հրահանգով հեռացավ: Իր արյունն ավելի կարմիր էր, քան մեր տղաների՞նը, կարող է՝ մտածում է ինքն ավելի խելոք էր, քան մեր տղերքը: Նիկոլ Փաշինյանի պատմած հեքիաթներին ես չեմ հավատում։