Կրակի միջից շագանակ որսացողները, սովորաբար, տխուր իրողությունների առջեւ են հայտնվում

Կրակի միջից շագանակ որսացողները, սովորաբար, տխուր իրողությունների առջեւ են հայտնվում

Հարցազրույց «Իմ քայլի» նախկին պատգամավոր, միջազգայնագետ Գոռ Գեւորգյանի 
հետ

- Պարոն Գեւորգյան, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ըստ Ձեզ, ինչպե՞ս կավարտվի եւ ինչպե՞ս կանդրադառնա մեր պետության, Արցախի վրա։

- Ես ձեռնպահ կմնամ կանխատեսումներ անելուց, որովհետեւ քաղաքական ասպարեզում կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ Այո, մեր պետությունը տեւական ժամանակ է՝ գտնվում է չափազանց բարդ իրավիճակում, եւ ռուս-ուկրաինական գործողությունները, բնականաբար, չեն կարող որեւէ դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա: Հատկապես, երբ տեսնում ենք, որ Արեւմուտքը համախմբված եւ թիրախավորված հնարավոր բոլոր պատժամիջոցները փորձում է իրականացնել ՌԴ-ի նկատմամբ։

- Իսկ հետեւանքները, ազդեցությունը, եթե դիտարկենք երկու տարբերակն էլ՝ Ռուսաստանը հասնում է իր նպատակին կամ ձախողվում է։

- Մենք Ռուսաստանի հետ համարվում ենք ռազմավարական դաշնակիցներ, եւ ակնհայտ է, որ այսօր Արցախում ստեղծված իրավիճակը, ՀՀ պետական սահմանների որոշ հատվածների շուրջ, այս տեսակետից ՌԴ-ն առանցքային նշանակություն ունի մեզ համար` անվտանգության պահպանության առումով, եւ, բնականաբար, Ռուսաստանի շուրջ ցանկացած բացասական զարգացում նույն հետեւանքն է ունենալու նաեւ մեզ համար։
Տարբեր վերլուծաբաններ կարծում էին, որ պատերազմը կարող է տեւել 1-2 կամ առավելագույնը 3-4 օր, բայց տեսնում ենք, որ գործողությունները շարունակվում են։ Ես չեմ պատրաստվում ռազմական փորձագետի տեսանկյունից գնահատական տալ՝ ինչու: Բայց դատելով համացանցում տարածված ինֆորմացիայից՝ գործողությունները շարունակում են ոչ հօգուտ խնդրի քաղաքական հանգուցալուծման։ Հետեւաբար, սա կարող է բացասական ազդեցություն ունենալ, մենք պետք է կարողանաք կառավարելի դարձնել այն խնդիրները, որոնք արդեն տեսանելի են, նկատի ունեմ` տնտեսական․․․

- Իսկ քաղաքակա՞ն առումով։

- Քաղաքական առումով առայժմ վաղաժամ է ինչ-որ բան ասելը, եթե հաշվի առնենք, որ պատերազմը սկսվելուց առաջ տեղի ունեցավ Պուտին-Ալիեւ հայտնի հանդիպումը։ Ենթադրում եմ, որ որոշակի զսպաշապիկ է հագցվել Ադրբեջանի նախագահին, որպեսզի այս ընթացքում հնարավորինս ետ պահի Ալիեւին մեր նկատմամբ սադրանքներից, արկածախնդրություններից։ Բայց մենք գործ ունենք երկու նենգ եւ ուխտադրուժ պետությունների հետ` ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, ուստի այս պարագայում ցանկացած սցենար տեսականորեն պետք է դիտարկել։ Քանի որ վերջին պատերազմից հետո էլ ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն չի գործում։ Ռուսաստանի թուլացման պարագայում, անկասկած, այս պետությունները շատ ավելի ագրեսիվ են գործելու, քան այժմ իրենց հայատյացությամբ։
Ի դեպ, վերջերս թուրք ընդդիմադիր պատգամավորներից մեկը հայտարարեց, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանի կողմից թիրախ կարող են լինել Կարսը, Արդահանը եւ այլն, իսկ նման ձեւակերպումները պատահական չեն արվում, սրա շուրջ, ուրեմն, կա տեսլական, դիսկուրս։ Հետեւաբար, սա մեզ համար պետք է ազդանշան լինի քաղաքական օրակարգն ընտրելիս։

- Իսկ այսօր մենք ունե՞նք քաղաքական տեսլական, օրինակ` Ձեզ հայտնի՞ է, թե ինչ է ուզում մեր իշխանությունը, ստեղծված իրավիճակում ինչ դիրքորոշում ունի եւ այլն։

- Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ այսօր առավել եւս պետք է շատ ավելի հավասարակշռված դիվանագիտական-քաղաքական խոսակցություն տանենք։ Եթե դա տարվում է, ապա մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, մեզ ավելի ապահով կզգանք։ Օրինակ, հավանական բացասական զարգացումների դեպքում Ռուսաստանի կողմից տարբեր տեսակի քաղաքական օրակարգերի առաջադրումը, ասենք` իր կողմից ճանաչված երկու հանրապետությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելը կամ պատերազմի նկատմամբ հստակ դիրքորոշում հայտնելը։ Այս հարցով մենք պետք է ճկունություն դրսեւորենք եւ կարողանանք մեր դաշնակցին պատասխանել, որ մենք նման դիրքորոշում կարող ենք հայտնել այնքանով, որ դա համահունչ կլինի երկու երկրների միջեւ կառուցողական, դաշնակցային հարաբերություններին։ Կտրուկ քայլերը մեզ համար, անշուշտ, բացասական ազդեցություն են ունենալու։ Ինձ համար տեսանելի չէ՝ ինչ է անում այսօր իշխանությունը, բայց ընդդիմադիր դաշտի հետ այդ հարցերը գոնե պետք է քննարկվեն, վերջիններս պետք է հասկանան՝ այդ հարցերն ինչ օրակարգով ու ձեւաչափով են ներկայացնում դաշնակից հարեւաններին։ Այն պետություններն ու ազգերը, որոնք չունեն սեփական քաղաքական տեսլական եւ առհասարակ աշխարհաքաղաքական խաղերում փորձում են ինչ-որ ձեւով կրակի միջից շագանակ որսացողի կարգավիճակ ստանձնել, սովորաբար հանգրվանում են տխուր իրողությունների առջեւ։
Հիմա առավել, քան երբեւէ, հարկավոր է քաղաքական-հասարակական առողջ կոնսոլիդացիա, պետության առջեւ ծառացած խնդիրները պետք է առանց պոպուլիզմի ներկայացվի քաղաքական գործիչներին եւ մտավորականներին, որպեսզի խնդիրներին կոչված մարդիկ հասկանան իրենց անելիքները: Ի վերջո, ես եւ դուք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց նման պարագայում պետք է առաջնորդվել պետական շահով։

- Դատելով խորհրդարանում վերջին հարցուպատասխանի մթնոլորտից, իշխանությունը, կարծում եք, հասկանո՞ւմ է իրավիճակի լրջությունը։

- Այս պարագայում ես կասեմ՝ «նո քոմենթ»։

- Դուք ասում եք՝ զգուշավորություն է պետք, բայց մի կողմից հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն է գնում, մյուս կողմից` մեր պատվիրակները դեմ են քվեարկում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի անդամության կասեցմանը, ծածուկ պրոամերիկյան դիրքորոշում են պահում` փորձելով խաղալ բոլոր լարերի վրա։

- Հայ-թուրքական հարաբերությունների մասով վաղաժամ է որեւէ բան ակնկալել, իհարկե, մենք, որպես բազմադարյա պատմություն ունեցող երկիր, շատ լավ հասկանում ենք, որ հարեւանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ։ Բայց դրանք պետք է երկկողմանի լինեն, եթե քո հարեւանն անհասկանալի նախապայմաններ է առաջ քաշում (իհարկե, իշխանություններն ասում են՝ նախապայման չկա, բայց մեր թուրքագետ լավագույն մասնագետները վկայում են, որ կա), մյուս կողմից ձգտում են պետական սահմանների դեմարկացիա անել եւ քարոզում են հայատյացություն։ Հիմա այս պետությունների հետ բանակցություններ սկսելը` առանց գիտակցելու, առաջ մղելու սեփական շահը, մեղմ ասած՝ նորմալ չէ։ Մեզ մնում է հույս հայտնել, որ ստեղծված ճգնաժամը հնարավորինս շուտ կավարտվի։

Այո, պետության համար լավագույն տարբերակը  դիվերսիֆիկացված հարաբերություններն են, այդ թվում՝ քաղաքական։ Բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ չես կարող հաշվի չառնել մի պետության շահերը, որն ըստ էության ապահովում է Արցախում մեր հայրենակիցների անվտանգությունը։ Ուստի ամենակարեւորը՝ որտեղ կարելի է լռել, ամենեւին էլ պետք չէ խոսել, եթե դիրքորոշում պետք է հայտնես, որը պիտի վնասի ՀՀ շահին, ավելի լավ է լռես կամ դիվանագիտական հնարքներով հայտնես։

- Նախօրեին ՄԱԿ-ին նվիրված միջոցառում կազմակերպվեց, դա էլ մեսիջ էր Արեւմուտքին, որ ձեզ հետ ենք։

- Անկեղծ ասած, վերնագրերով եմ կարդացել, բայց, կրկնեմ` շատ բաներ կան, որ հետպատերազմական իրողություններում չպետք է արվեն, բայց արվում են՝ նույն գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին հայտարարությունները, որոնց վերաբերյալ աշխատանքները տեղափոխվել են զուտ իրավաբանների տիրույթ։