Ասում էին՝ միջին վիճակագրական խնջույք չկա, որ թմրանյութ չօգտագործվի․ այդ դեպքում ինչու են Գալեյանին ձերբակալել

Ասում էին՝ միջին վիճակագրական խնջույք չկա, որ թմրանյութ չօգտագործվի․ այդ դեպքում ինչու են Գալեյանին ձերբակալել

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ինչպես հայտնի է, ձերբակալվել է։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները  հավաքվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի շենքի դիմաց։ 

«Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, հատկապես այն զգայուն թեմաներով, որոնք կապված են հերոսածին ծնողների հետ։ Որևէ ջանք չեն խնայում, որպեսզի մարդկանց փորձեն հեղինակազրկել, վարկաբեկել ու դրանով իսկ մեր հասարակությանը ներկայացնել այս ծնողներին ուրիշ քողի տակ»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը նույնպես եկել է ի աջակցություն Գարիկ Գալեյանի։

«Սա պարզ քաղաքական հաշվեհարդար է պարոն Գալեյանի նկատմամբ: Նա իշխանություններին խանգարում էր իր կոշտ քննադատությամբ, նաև նրա համար, որ այսօր ընդդիմադիր դաշտում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, նաև վերջին հանրահավաքը, դրանից հետո գործընթացները: Այս իշխանությունները բոլոր այն մարդկանց, որոնք իրենց դեմ են արտահայտվում, որոնք գործունեություն են ծավալում, ապօրինի կերպով հետապնդում են: Այսօր այս գործն էլ, որ փորձում են կարել, բազմիցս մենք ԱԺ-ում լսել ենք, որ միջին վիճակագրական խնջույք չկա, որ թմրանյութ չօգտագործվի: Եթե ընդունենք այն փաստը, երբ գործող իշխանությունները դա չեն համարում քրեորեն հետապնդելի արարք, ապա ինչում է խնդիրը, ինչու են այսօր այդ գործով մարդուն կալանքի տակ են պահում: Մեկ պատասխան կա. սա պարզ քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- հավելեց նա։

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, հիշեցնենք, վերջերս թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարց ուղղելիս Ազգային ժողովում նշել էր, որ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չեն անցնում։