Մարսեցին Արցախի կորուստը, կներվի նաեւ տնտեսական ճգնաժամը

Մարսեցին Արցախի կորուստը, կներվի նաեւ տնտեսական ճգնաժամը

Այն, որ հայաստանյան քաղաքական ավանդույթի համաձայն՝ անցած արտահերթին եւս որեւէ ընտրող նախընտրական ծրագրերին չի ծանոթացել, պարզից էլ պարզ է, բայց գոնե ակնկալվում էր, որ խոշորամասշտաբ ազգային աղետից հետո ընտրողը պետք է վերաիմաստավորեր իր նախկին քվեն, ինքն իրեն հարց ուղղեր՝ իշխանությունը կատարե՞լ է իր խոստումների գոնե այն մասը, որն ուղղակիորեն կապված չէ պատերազմի եւ դրա հետեւանքների հետ (թեեւ այդպիսի ոլորտ դժվար է գտնել)։

Այս օրերին շատ հետաքրքրական է վերընթերցել 2018-ի դեկտեմբերյան արտահերթին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագիրը։ Պարզ է, որ այն ժամանակ գրեթե ոչ ոք այն չէր կարդացել, քվեարկությունը մեկ անձի նկատմամբ կույր պաշտամունքի հիման վրա էր իրականացվել, բայց 2021-ի արտահերթի տրամաբանությունը հուշում էր, որ նույն այդ ընտրողը, եթե ելնում է ողջամտության եւ ոչ թե խելագարության կանխավարկածից, պետք է առնվազն քննադատաբար վերաբերվի սեփական ընտրությանը։

Եվ եթե անգամ Արցախի, բանակի, անվտանգության, ինքնիշխանության, պաշտպանության մասին ականջահաճո դրույթների չիրականացման, դրանց խայտառակ տապալման մեղավոր են կարգվում բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից, գուցե արժե՞ր քննադատաբար մոտենալ գոնե սոցիալ-տնտեսական շռայլ, բայց անկատար խոստումներին։ Ցավալի արձանագրումն այն է, որ պետականության համար շատ ավելի կարեւոր ոլորտների բացարձակ ձախողումը բավարար հիմք չհամարելով՝ ստիպված ես ուշադրություն հրավիրել օր-օրի վատթարացող տնտեսական ցուցանիշներին։

Օրինակ, 2018-ին «Իմ քայլը» խոստանում էր հարկային դրույքաչափերի իջեցում, ընդ որում՝ խոսքը ոչ թե Փաշինյանի՝ հեղափոխական հարթակից տված խոստումների, այլ նախընտրական ծրագրի մասին է, երբ նա արդեն կես տարի է՝ վարչապետ էր եւ ներսից էր ծանոթ սոցիալ-տնտեսական կացությանը։ Մինչդեռ վերջին երեք տարում կարեւորագույն հարկային դրույքաչափերի իջեցում ոչ միայն չեղավ, այլեւ 2021-ն սկսեցինք սոցիալական վճարի, դրոշմանիշային վճարի եւ գույքահարկի թանկացմամբ։ Արդարացումները կարող են բազմազան լինել, բայց պոպուլիստական խոստումը հո տրվե՞լ է։

Մրցունակ էներգետիկ համակարգի մասին դրույթը հերթական առասպելն էր, որը մեզ խոստացվում էր 2018-ին։ Արդյունքում Երեւանում այսօր պլանային եւ վթարային ամենօրյա հոսանքանջատումների ահռելի թիվը գալիս է փշրելու այդ խոստումը։ Այդ ինչպե՞ս է մրցունակ էներգետիկ համակարգ ունեցող երկրում էլեկտրաէներգիան թանկանում՝ թեկուզ խորհրդանշական չափով, ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ ամիսներ շարունակ չի աշխատում Մեծամորի ատոմային էլեկտրակայանը։ Ի վերջո, ինչպե՞ս բացատրես միջին քաղաքացուն, որ չի կարող մրցունակ լինել մի երկրի էներգետիկան, որի հետ անքակտելիորեն կապված Արցախի 36 ՀԷԿ-ից 30-ը մնացել է թշնամուն։

Ամենահուզիչը, սակայն, նեոբոլշեւիկյան կարգախոսների թագն ու պսակն է՝ ժողովրդից գողացված միլիարդների վերադարձ պետբյուջե։ Ռոբինհուդյան աստառ հագած իշխանության ու նրա ղեկավարի խոսույթի հիմնական հաղթաթուղթն է սա, այդպիսին էր ե՛ւ նրա ընդդիմադիր տարիներին, ե՛ւ 2018-ին, ե՛ւ այսօր, թերեւս՝ այդպես է լինելու նաեւ առաջիկայում։
Ամբոխին բնավ չի հետաքրքրում, թե որքանով է կուլակաթափման գործընթացն օրինական, ունեզրկման գործընթացն իրականացվում է ըստ քաղաքական նախընտրությունների՞, թե՞ համատարած, կարեւորը տեսարանն է։ Ավելին, ամբոխը կարող է նույնիսկ մի կոպեկ չստանալ «թալանվածի վերադարձից» (որպես կանոն, չի էլ ստանում), բայց նրա սիրտն առանձնահատուկ հովացնում է հետախուզման մեջ գտնվող, բանտարկված կամ ընդհատակ անցած նախկին գործարարի կամ իշխանավորի տեսնելը, իսկ նրա փաստաբանին լսելու կարիք չկա։

Ավելի քան երեք տարի անց ապօրինի հարստացման գործով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որեւէ դատավճիռ չկա, ավելին՝ դատախազությունն ինքն է կարճել ինը նման վարույթ, հինգ անձի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը եւ միայն մեկ գործով է մեղադրական եզրակացություն ուղարկել դատարան։ Ինչ է, դատարաններից բացի՝ գլխավոր դատախազն է՞լ է «նախկինների սպասարկու»։

Դավիթ Սարգսյան