Տարածաշրջան եմ ասել, իսկը՝ գժանոց

Տարածաշրջան եմ ասել, իսկը՝ գժանոց

Ռուսաստանի մարզերը երբեք այլ երկրների հետ գործարքների առարկա չեն լինի. ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Իհարկե, ռուսական մարզերը երբեք չեն կարող լինել եւ չեն լինի որեւէ գործարքի առարկա, դա բացառվում է»,- ասել է Կրեմլի խոսնակը: Այդկերպ Պեսկովը մեկնաբանել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալի հայտարարությունը, ըստ որի՝ Մոսկվան եւ Անկարան կկարողանան համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի շուրջ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Հյուսիսային Կիպրոսի թուրքական մասը ճանաչի որպես անկախ պետություն: «Դժվար թե Թուրքիայից հարգարժան պրոֆեսորը կարողանա անձնավորել Անկարայի պաշտոնական տեսակետը»,- հավելել է Պեսկովը:

Պեսկովի վերջին դիտարկումը, անշուշտ, անթերի է, իսկ ահա այն, որ լրագրողները նրան այդպիսի հարցով են դիմել, նշանակում է, որ Թուրքիայում, այնուամենայնիվ, մտածում են նոր համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի հետ, ավելի ստույգ՝ թուրքական դիվանագիտությանը բնորոշ ձեւով Ռուսաստանին «զիջել» մի բան, որ Ռուսաստանինն է, եւ դրա դիմաց Ռուսաստանից ստանալ մի բան, որ չեն կարողանում միջազգային հանրությունից ստանալ արդեն 50 տարի: Ավելի վաղ անդրադառնալով տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք էր հայտնել, որ այդ տարածաշրջանում ոչ ոք չի ցանկանա իր վրա փորձել ՀԱՊԿ-ի ամրությունը:

Համեմատելով Լավրովի եւ Պեսկովի հայտարարությունները՝ դժվար չէ նկատել, որ խոսքը միանգամայն տարբեր խնդիրների մասին է, բայց այնպիսի խնդիրների, որոնք, ի վերջո, հանգում են ՌԴ ազդեցության գոտիների պահպանման ռուսական տեսլականին: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Արցախը, ապա նաեւ Հայաստանը մի պահ դուրս մնացին այդ տեսլականի շրջագծից: 44-օրյա պատերազմը, արդյոք, միտված չէ՞ր Ռուսաստանից ազդեցության հսկայական տարածքներ կորզելուն: Սյունիքը եւ այլ տարածքներ Հայաստանից պոկելու թուրք-ադրբեջանական այս իդեա-ֆիքսը միտված չէ՞, արդյոք, Ռուսաստանին Իրանից կտրելուն եւ դեպի տաք ջրեր նրա ճանապարհը փակելուն: Քանի՞ կմ էր ձգվում հայ-իրանական սահմանը՝ մինչեւ 44-օրյա պատերազմը, եւ քանի՞ կմ է այն այսօր:

Արեւմուտքն շտապեց խոսել Սյունիքի կենտրոնով հյուսիս-հարավ ճանապարհահատվածի կառուցմանը հսկայական գումարներ տրամադրելու ցանկության մասին: Ո՞վ է վերահսկելու այդ ճանապարհը, եթե, իհարկե, այն կառուցվի: Հայաստա՞նը, որ շտապում է րոպե առաջ թռչել Արեւմուտքի գիրկը: Ռուսներին հիմարացնելը հեշտ չէ այդքան, մանավանդ որ այդ գործում կա նաեւ իր դարավոր հակառակորդ Թուրքիան եւ ամեն կերպ ջանում է ցամաքային միջանցք ստանալ Ադրբեջանի հետ: Եվ, այսուհանդերձ, ինչ-որ պահի Ռուսաստանի ոխերիմ «դաշնակից» Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան Կրեմլին համոզել, թե Անկարան, Մոսկվան եւ Բաքուն կկարողանան առանց Արեւմուտքի կարգավորել տարածաշրջանային խնդիրները եւ լուծել Արցախի հարցը: Թուրքիայից այդ առաջարկը հնչել է այսպես՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել Սիրիայի օրինակով, իսկ դա նշանակում էր՝ Ռուսաստանինը՝ Ռուսաստանին, Թուրքիայինը՝ Թուրքիային: 44-օրյա պատերազմով, սակայն, ամեն ինչ շրջվեց գլխիվայր: Ռուսաստանն ուշացումով, բայց ի վերջո հասկացավ, որ իրեն կողոպտում են բոլոր առումներով, եւ միայն պատերազմի ավարտական փուլում զորք մտցրեց Արցախ՝ իր ազդեցության գոտու փշրանքները փրկելու հույսով:

Ռուս-թուրքական բազմաթիվ պատերազմները երբեք որեւէ հարց կողմերի համար չեն լուծել: Ո՛չ Թուրքիան է կարողացել գերիշխանության հասնել մեր տարածաշրջանում եւ ո՛չ էլ Ռուսաստանը: Դրա վառ վկայությունն են թե՛ Կիպրոսի թնջուկը, թե՛ Բալկաններում տիրող խառնիճաղանջ դրությունը, թե՛ Ղրիմի կիսաճանաչված վիճակը, թե՛ Հարավային Կովկասում շարունակվող «քողարկված» պատերազմը: Փոխարենն այդ ամենից լիուլի օգտվել է Արեւմուտքը, որն այսօր իր բազմամիլիարդ ներդրումների շնորհիվ գերիշխող դիրքեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ հետխորհրդային տարածքի շատ երկրներում՝ Ուկրաինա, Վրաստան, Ադրբեջան, ինչու ոչ, նաեւ՝ սորոսական Հայաստան: 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարածքում չի տուժել արեւմտյան կորպորացիաներին պատկանող որեւէ կոմունիկացիոն կառույց, ոչ մի գծամետր խողովակաշար, ոչ մի ճանապարհ, իսկ տաջիկա-աֆղանական սահմանին նկատվող էսկալացիան սպառնում է դառնալ միջինասիական հարստությունները Ադրբեջանի «անվտանգ» տարածքով Արեւմուտք հասցնելու մեծ ծրագրի վերջին արարը:

Ո՞րն է ասվածից մեր եզրակացությունը: Եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, այս ամենից հետո ուշքի է եկել, ապա դա նշանակում է, որ Լավրովի եւ Պեսկովի ուղարկած մեսիջները շատ շուտով կհասնեն Անկարա, Բաքու եւ արեւմտյան մայրաքաղաքներ: Հայ-ադրբեջանական շփման գծում (չեմ ուզում ասել՝ սահման) վերջին շրջանի անհանգստությունը վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ստանալու 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության շահերից բխող եւ Փաշինյանի ստորագրությամբ հաստատված փաստաթուղթը, չի լինելու Ադրբեջանն ու Թուրքիան իրար կապող ցամաքային միջանցք: Նիկոլ Փաշինյանը շատ վատ գործընկեր դուրս եկավ ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Արեւմուտքի համար, նա շուտով կանհետանա, իսկ ահա Ալիեւի ժամացույցի սլաքներն էլ ակնհայտ շտապում են Կրեմլի կուրանտների համեմատությամբ:

Չբացառենք նաեւ, որ Ռուսաստանն այս խաղի իմաստը հասկացել է շատ ավելի վաղ եւ, տուրք տալով արտաքուստ թուրք-ադրբեջանական փաթեթավորում, իսկ ներքուստ՝ արեւմտյան «առաջարկություններին, փորձել է այս եղանակով խաղից դուրս մղել նախ Արեւմուտքին՝ ի դեմս Մինսկի խմբի, եւ ապա՝ Թուրքիային՝ իր ազդեցությունն Ադրբեջանի վրա մեծացնելու նպատակով: Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա օրերին, եւ ում գլխին կիջնի գույնզգույն ժապավենով չագուճը: Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է միասնական բանակ ստեղծել: Հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ: Հանկարծ չասեք՝ Հայաստանի: