«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանո՞վ, թե՞ կշրջանցի այն

«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանո՞վ, թե՞ կշրջանցի այն

Ադրբեջանա-իրանական սահմանին իրականացվել է Աղբեդինի ավտոմոբիլային կամրջի հիմնարկեքի արարողություն, որին տեսակապային ձեւաչափով մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւն ու Իրանի Ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Քասեմին։ 

Կամուրջը միավորելու է Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենգ ավտոմայրուղին, որն ունի 112 կմ երկարություն՝ Իրանի  ավտոմոբիլային ցանցի հետ, Արաքս գետի վրայով։ Կամրջի երկարությունը 216 մետր է, լայնությունը՝ 24,5 մետր։ Երկու երկրների տարածքներում նախատեսվում է կառուցել անցակետեր, որոնք կկարողանան օրական մինչեւ 1 հազար բեռնատար տանսպորտային միջոցներ ընդունել եւ բաց թողնել՝ 500 մուտքային եւ 500 ելքային հարաբերակցությամբ։ 
Ադրբեջանական կողմն այս նախաձեռնությամբ բավական ոգեւորված է։ Իրանում էլ, կարծես թե, տրամադրվածությունը՝ այս նախագծի իրականացման հետ կապված, առանձնապես վատ չէ։ Ադրբեջանական կողմը ներկայացնող որոշ վերլուծաբաններ այս նախագիծն արդեն հասցրել են անվանել «Հայաստանը շրջանցող զանգեզուրյան միջանցք»։ 

Վերլուծաբանները նշում են, որ Իրանն իրապես շահագրգռված է թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմամբ։ Իրանը, ըստ փորձագետների, ձգտում է իր տնտեսական առեւտրային կապերը խորացնել հարեւանների հետ։ Իրանը ցանկանում է, որ կապերը տարածաշրջանում լինեն կայուն եւ ամուր։ Սակայն սահմանների փոփոխություն, ավելին՝ Թուրքիայի հզորացում եւ ներխուժում Հայաստանի տարածք, առավել եւս` Սյունիք, չի հանդուրժի:

Ուշագրավ է հատկապես այն, որ Ադրբեջանում այս ամենը ներկայացնում են բավական հետաքրքիր ռակուրսով՝ նշելով, որ այժմ արդեն Երեւանից ու Բաքվից է կախված, թե զանգեզուրյան միջանցքի որ ճյուղն ավելի արագ կգործի՝ Հայաստանի տարանցումո՞վը, թե՞ Աղբեդինի ավտոմոբիլային ապագա կամրջովը։ Նկատենք, սակայն, որ Իրանում այս նախագիծը չեն կապում, այսպես կոչված, զանգեզուրյան միջանցքի հետ։ Ավելին, Թեհրանում պնդում են, որ տարածաշրջանի սահմանները պետք է մնան անփոփոխ, ինչը ենթադրում է, որ զանգեզուրյան միջանցքի ուժով, զենքով բացման ցանկացած սցենար Թեհրանի համար անընդունելի է։ 

Ի դեպ, այս նախագիծն Ադրբեջանի քաղաքական շրջանակները սկսել են նաեւ որպես շանտաժի առիթ օգտագործել՝ նշելով, որ եթե Հայաստանի տարածքով միջանցքը չբացվի, ապա Իրանի տարածքով հաղորդակցության վրա շեշտը կդրվի, ու Հայաստանն էլի դուրս կմնա տարածաշրջանային ինտեգրացիայից։