«Հրապարակ». Վարդենիսցիները լուրջ կասկածներ ունեն

«Հրապարակ». Վարդենիսցիները լուրջ կասկածներ ունեն

Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանամերձ դարձած Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը լարվեց, իսկ 2024-ի սկզբից իշխանությունը սկսել է փակել քաղաքը եւ հարակից գյուղերը սպասարկող անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակը։ Վարդենիսի բնակիչ Կարենն ասաց, որ փակվել է նաեւ քաղաքը սպասարկող բանկերից մեկը, տեղեկություն կա, որ այլ քաղաք են տեղափոխելու հիվանդանոցը, հոգեբուժարանը։ «Կա՛մ հանձնում են քաղաքը, կա՛մ պատերազմ է սկսվում` այլ տարբերակ չկա։ Վարդենիսցիները չեն կարողանում պարզել, թե ինչու են քաղաքից հանում այսքան կարեւոր կառույցները»,- նշեց նա եւ ասաց, որ փետրվարի 12-ին պատրաստվում են բողոքի ակցիա անել եւ դրա համար նաեւ ստորագրահավաք են իրականացնում, որին մասնակցում է նաեւ Վարդենիսի պոլիկլինիկան։

Փորձեցինք պարզաբանում ստանալ պաշտոնատարներից։ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ իրենք էլ են լսել կառույցները փակելու կամ տեղափոխելու լուրերը, սակայն վերեւներից պարզաբանում ստանալ չեն կարողացել, իրենց չեն արձագանքում։ «Այս պահին հստակ տեղեկություն կա, որ անձնագրային բաժինն է տեղափոխվում, որեւէ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, ամեն բան խոսակցությունների մակարդակով է։ Ձեր նշած մյուս բոլոր օբյեկտների տեղափոխման մասին նույնպես խոսակցություններ կան։ Այս պահին ստորագրահավաք է իրականացվում անձնագրայինի համար, որ չտեղափոխվի»,- ասաց Շահնազարյանը։ 

«Մենք պաշտոնական որեւէ պատասխան չենք ստացել, որ կարողանանք ժողովրդին պատասխանել։ Երեկ ինձ հետ հանդիպել են մի խումբ վարդենիսցիներ՝ պատասխան ստանալու համար, բայց մենք չենք կարողացել նրանց հստակ բան ասել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ վարդենիսցիները կարծում են՝ կա՛մ իշխանությունները հանձնում են քաղաքն Ադրբեջանին, կա՛մ պատերազմ է սկսվում, Շահնազարյանն արձագանքեց․ «Այդ մտահոգություններն ինձ մոտ էլ են հայտնել, բայց ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, քանի որ տեղեկություն կա, որ տեղափոխում են նաեւ Ճամբարակի եւ Մեղրիի անձնագրային բաժինները։ Ես դեմ եմ, որ պետական օբյեկտները դուրս բերվեն սահմանամերձ այս բնակավայրերից։ Եթե անգամ միավորման խնդիր ունեն, չի կարելի դա անել սահմանամերձ համայնքների հաշվին։ Այս գոտիները պետք է զարգացնել, լրացուցիչ աշխատատեղեր բացել, որպեսզի սահմանամերձ գոտին կայուն եւ անվտանգ տարածք դառնա»։ Շահնազարյանը կարծում է՝ եթե իսկապես իշխանությունները Վարդենիսից դուրս բերեն կարեւոր նշանակության կառույցները, դա կհանգեցնի լուրջ արտագաղթի. «Եթե թվարկված բոլոր օբյեկտները տեղափոխվեն, մարդկանց մոտ լուրջ հիմնավորված կասկածներ կարող են առաջանալ, ինչը կնպաստի մարդկանց արտագաղթին»։