Մոսկվայում հայ երիտասարդին ծեծի ենթարկած ադրբեջանցին ազատության մեջ է

Մոսկվայում հայ երիտասարդին ծեծի ենթարկած ադրբեջանցին ազատության մեջ է

Օրերս Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված հայ երիտասարդին՝ Աշոտ Սարգսյանին, դեռ չեն վիրահատել: Նա ունի ծնոտի երկկողմանի կոտրվածք ու գլխի վնասվածք եւ ներկայում գտնվում է հիվանդանոցում: Աշոտ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինքնազգացողությունը նորմալ է, վիրահատությունը նշանակված է հունիսի 2-ին: 
Հարձակումը եւ դրան հետեւած հայ երիտասարդի ծեծն ադրբեջանցիների կողմից տեղի են ունեցել մայիսի 27-ին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել ադրբեջանցիներից մեկին: 

Հարձակման մասին լուրը համացանցի տիրույթում տարածել էր Մոսկվայի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Նրա միջոցով կապ հաստատեցինք Աշոտ Սարգսյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ մայիսի 27-ին միայնակ պիկետ է իրականացնելիս եղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, պահանջել է ազատել հայ ռազմագերիներին: 13։30-ին մոտ նրան է մոտեցել անհայտ անձ, որը, ենթադրաբար, ադրբեջանցի է եղել եւ լեզվակռիվ է սկսել՝ սադրելով հայ երիտասարդին:

 «Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, նա սկսեց հարվածներ հասցնել ինձ, եւ մի քանի վայրկյանից արդեն շատ ադրբեջանցիներ եկան, քանի որ իրենց դեսպանատան մոտ էր: Չեմ բացառում, որ ամենը պլանավորված էր»,- ասում է Աշոտ Սարգսյանը: 

Մոսկվայում բողոքի ակցիաների ու պիկետների մասնակիցները քիչ են: «Ցավոք, մոսկվաբնակ հայերից շատ քիչ մարդ է դուրս գալիս ակցիաների, մի մասն էլ Մոսկվայում չի բնակվում, այլ կողքի քաղաքներից են գալիս: Այն քիչ քանակության մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ունեն տարբեր քաղաքական հայացքներ, սակայն սա խոչընդոտ չի հանդիսանում մեր ընդհանուր գործին: Ամեն ինչ պետք է թողնենք մի կողմ եւ միավորվենք»,- ասում է Աշոտ Սարգսյանը: 

Իր վրա հարձակվող ադրբեջանցիների հետագա ճակատագրի մասին նա ոչինչ չգիտի, մինչ այս պահը փաստաբան չունի: Մեզ չափազանց հետաքրքրեց այս հանգամանքը, քանի որ Մոսկվայում մենք ունենք «Հայ իրավաբանների ասոցիացիա» անունով հասարակական կազմակերպություն, որը ներկայանում է իբրեւ հայանպաստ կառույց: Այս ՀԿ-ի ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ սերտ կապերի մեջ են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները: Հենց այս ասոցիացիայի հետ են հանդիպում իմքայլականները մոսկովյան այցերի ժամանակ, այս կազմակերպությունն է հանդիսանում նիկոլականների հենարանը մոսկովյան սփյուռքում: Բայց արի ու տես, որ երբ մեր հայրենակիցներին կոնկրետ իրավաբանական օգնություն է պետք, «հայ իրավաբանները» պասիվ են: 

Փորձեցինք տեղեկություններ ստանալ կառույցի ղեկավար Շահեն Պետրոսյանից՝ հույսով, որ նա, այնուամենայնիվ, տեղյակ կլինի իրավական զարգացումներից:

Քրեական գործ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ, ադրբեջանցիներն ազատության մե՞ջ են, թե՞ ոչ, ի՞նչ մեղադրանք է առաջադրված նրանց, եթե, իհարկե, այս գործով կա մեղադրյալ: Մեր «էլեկտրոնային» հարցերը Շահեն Պետրոսյանը կարդաց, սակայն անտեսեց, զանգերը եւս մնացին անպատասխան:   
Ոստիկանությանը մոտ աղբյուրից տեղեկացանք, որ Աշոտ Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով կա մեկ մեղադրյալ, սակայն նա ազատության մեջ է:

Հ.Գ. Մինչ սույն հոդվածը հրապարակվեց, տեղեկացանք, որ Աշոտ Սարգսյանին արդեն վիրահատել են։ Նրա շահերը պաշտպանում է  փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը։