Գերագույն գլխավոր հրամանատարը՝ դավադիր կապիտուլյանտ

Գերագույն գլխավոր հրամանատարը՝ դավադիր կապիտուլյանտ

2020թ․ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին սկսվեց 44-օրյա պատերազմը: Չնայած այդ օրն իմ ծննդյան 90-ամյակն էր, որդիս՝ որպես ազատամարտիկ, նույն օրը կամավորական ջոկատով մեկնեց ռազմաճակատ՝ Մատաղիս: Թե ինչպիսի թեժ մարտեր էին ընթանում, եւ հայ զինվորներն ինչպես էին ջախջախում Ադրբեջանի, Թուրքիայի եւ սիրիացի արաբ ահաբեկիչների բանդիտական ուժերը՝ վկայում է հետեւյալ փաստը, որ գրառել եմ իմ օրագրում: Հոկտեմբերի 3-ին մի հույն ականատես լրագրող գրում էր այդ մասին. «Ոչ թե հայերն են կռվում հերոսների նման, այլ հերոսներն են կռվում հայերի նման»: 

Բայց ինչպե՞ս պատահեց, որ 44-օրյա պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, Արցախի մասնատումով եւ հայկական բանակի կատարյալ դեգրադացիայով: Այդ հարցին պատասխանում է «Հրապարակ» թերթի թղթակից Նորայր Մարտիրոսյանի 2021թ․ մայիսի 6-ի  հոդվածը՝ Գորիսում 2020թ․ հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած արտակարգ հավաքի մասին (շարադրում ենք կրճատումներով).   

«Այդ օրը, երբ Սյունիքի ռազմական ջոկատները՝ իրենց գյուղապետերի եւ համայնքապետերի հրամանատարությամբ, Սյունիքի սահմանից 140 կմ հեռավորության վրա թեժ մարտեր էին մղում Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ ագրեսոր ուժերի դեմ, վարչապետի անունից շտապ Գորիս են կանչում հրամանատարներին, որոնք կարծել են, թե ինչ-որ հույժ կարեւոր ռազմական օպերացիայի քննարկում է նախատեսվում: Խորհրդակցության ժամանակ վարչապետը հայտնել է, թե «պիտի պատրաստվեք Սյունիքը պաշտպանելու»: Տղերքը շոկի մեջ են ընկել: Քաջարանի քաղաքապետը չի դիմացել, ասել է, թե՝ «պարոն վարչապետ, ի՞նչ Սյունիք, մենք 140 կիլոմետր էն կողմում ենք, մենք որտե՞ղ ենք կռվում, Դուք ի՞նչ եք ասում»: Երկու օր անտեղի ժամանակ կորցնելուց հետո զայրացած հրամանատարները վերադարձել են իրենց դիրքերն ու տեսել, որ զորքը մոտ 50 կմ նահանջել է: Պարզվել է, որ հրամանատարներին Գորիս կանչելու գիշերը՝ դիրքերում մնացած զինվորներին հեռակապով հայտնել են, թե նրանք շրջապատման մեջ են, շտապ պետք է նահանջել, քանի որ կողքի դիրքերն արդեն նահանջել են: Բոլորին զանգել եւ նույն բանն են ասել: Շատ հեշտ է պարզել, թե այդ երկու օրը ովքեր են զանգել զորքի հետ մնացած հրամանատարներին եւ կարգադրել նահանջել։ Հարց է ծագում՝ վարչապետը չգիտե՞ր, որ զորքը չի կարելի թողնել առանց հրամանատարների եւ կանչել ինչ-որ անկապ խորհրդակցության»։ 

Թերթի հրապարակած սկանդալային հոդվածից հետո 27 օր է անցել: Ադրբեջանցիները, իմքայլականների օրինակով, «քայլելով» գրավել են Սյունիքն ու Գեղարքունիքը, բայց ոչ ոք չի մտածում՝ ո՞վ կազմակերպեց Սյունիքից 140 կմ հեռավորության վրա կռվող ջոկատների նահանջը եւ դրան հաջորդած անպաշտպան Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակը: 
Այս պարտությունը գլուխ բերելու համար Նիկոլը մեջտեղ բերեց նոր բանաձեւ՝ «մենք այնպիսի լուծում պիտի տանք Արցախի հարցին, որ համապատասխանի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի եւ թե՛ Ադրբեջանի ժողովրդի շահերին»: Իրականում մտքում դրել էր գլուխ բերել առաջին երկուսի խայտառակ պարտությունը, իսկ իրականում՝ Ադրբեջանի եւ իր գերագույն շահը:

Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող,բանասիրական գիտությունների դոկտոր