Լքում են դահճին` դառնալով դիտորդ

Լքում են դահճին` դառնալով դիտորդ

«Պլյուս-մինուս հիսուն»-ը հիշում ենք, որ հնչեց երկրի բարձր ամբիոնից՝ երկրի ղեկավարի շուրթերով: Պետությունն այսպես հաշվետու եղավ նույն պետությունը պաշտպանած զինվորների համար: Սա վերաբերմունք էր, գնահատական` տրված զոհաբերությանը: Իսկ աշխարհում, բարոյական ու մարդկային հասարակության մեջ ընդունված է ասել. «Նրանց հիշում ենք անուն առ անուն»: Փոխարենն անմարդկային, տականքին բնորոշ վերաբերմունք տեսանք մեր զինվորների աճյունների նկատմամբ, որ սարսռում եմ այստեղ նկարագրել, քանի որ աստվածանարգ է: Մենք այս տեսարանի ականատեսը եղանք Հայաստանում. սա Ադրբեջանի վերաբերմունքը չէր հայ զինվորի աճյունի նկատմամբ: Իսկ մենք գիտենք, որ հայրենիքի համար զոհվածի մասունքները սուրբ են: Սա պետության, իշխանության վերաբերմունքն է սրբությանը: Այս սրբապղծությունն անարգանք է՝ առաջին հերթին ուղղված պետությանն ու պետականությանը: 

Մեր պետականության դեմ ուղղված հերթական քայլին ընդառաջ չգնալով է պայմանավորված ԱԳ նախարարի պաշտոնակատարի հարժարականը. «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»։ Այսպես պիղատոսաբար ձեռքերը լվանում է նախարարի պաշտոնակատարը, ինչպես իրենից առաջ մի քանիսն են լվացել` կարծելով, թե ջուրը մաքրում է իրենց: Բայց ոչ ոք չփորձեց երկիրը խաչի հանողի ձեռքը բռնել: Այս մարդիկ իջնում են զոհասեղանից` դահճի շուրջը չկանգնելու հաշվենկատությամբ եւ խառնվում դիտորդի կարգավիճակ ունեցող ամբոխին: 

Պարույր Սեւակը գրում է. «Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն»: Իսկ հիմա ասենք, որ Մայր Հայաստանի արգանդը երբեւէ չի եղել այսքան պիղծ, որ ծներ այսպիսի խմբապետ ու խումբ` պետության գլխին թառած եւ պետականություն ներկայացնող սեւ անգղեր` չարաղետ ու կործանարար: Լսվա՞ծ բան է, որ պետության առաջին դեմքը դավաճանի պետական շահը, հետեւողականորեն ոչնչացնի պետականություն ու հանձնի երկիրը տարածք առ տարածք` բացառապես գործելով թշնամու թելադրած կանոնով: Սա եւ իր համախոհները հեռու են պետական մտածողությունից, ավելին` հակապետական է, որովհետեւ հասու չէ նրանց ուղեղին: Այդպիսին են սրանց կրթությունն ու դաստիարակությունը: Սրա եւ սրանց համար պետությունը թերթի հոդված է, որ ինչպես ուզեն, այնպես էլ կգրեն` փողոցում դուրս տվողի անկապությամբ: Սրանց համար գոյություն չունի մարդկային որեւէ արժեք. հայրենիք, ժողովուրդ, սրբություն ու զոհ: 

Դեռ հատորներ են գրվելու նիկոլականության մասին․ հակագիտություն՝ հանուն գիտության, անմարդկայնություն՝ հանուն մարդու: Այս ժամանակն առանձնանալու է որպես սեւ խոռոչ, հրեշավորություն ու ճիվաղություն: Ինչպես չի կարելի լինել: Սա նոր պատվիրան է լինելու: Ցույց է տրվելու սատանայի նոր տեսությունը` աստվածայինը գիտակցելու համար: Մենք անցնում ենք մի ճանապարհ, որ նախատեսված չէ մարդկանց համար` միս ու արյուն եւ հոգի ունեցողների: Հավանաբար, մեծ առաքելություն ունեցող ժողովուրդն է անցնում նման փորձության միջով: Գոնե մխիթարվենք:

Հուսիկ Արա