Պատերազմական Սուդանում ինչպիսի՞ն է հայերի վիճակը․ պատասխանում է Սրբազանը

Պատերազմական Սուդանում ինչպիսի՞ն է հայերի վիճակը․ պատասխանում է Սրբազանը

Վերջին օրերին Սուդանում ռազմական թեժ բախումներ են, որոնք վերածվել են քաղաքացիական պատերազմի։ Վերջին տվյալներով,  իշխող բանակի և օրերս ապստամբած արագ արձագանքման ուժերի միջև բախումների զոհ է դարձել առնվազն 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է։

Հայտնի է, որ Սուդանում, մասնավորապես՝ մայրաքաղաք Խարթումում, ապրում են փոքրաթիվ հայեր, իսկ ռազմական գործողությունների թեժ շրջաններից մեկում՝ օդանավակայանի հարևանությամբ գտնվում է հայկական միակ եկեղեցին։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր հայրենակիցներին և համայնքի եկեղեցուն․ «Հրապարակ»-ը կապ է հաստատել և կարևոր մանրամասներ իմացել Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու Եգիպտոսի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանից։

-Սրբազան, Սուդանից տագնապալի լուրեր են ստացվում․ թեև փոքրաթիվ, այդուհանդերձ, Խարթումում հայեր են ապրում, գործում է Հայաստանյայց հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Եգիպտոսի թեմին պատկանող հայկական միակ եկեղեցին, որը բախումների կիզակետում է հայտնվել։ Ի՞նչ է հայտնի եկեղեցու ներկայիս ճակատագրի մասին, վնասներ կրե՞լ է արդյոք։ 

-Ներկա պահին, համեմատաբար, ավելի խաղաղ է իրավիճակը։ Եկեղեցին ոչ մի վնաս չի կրել։ Կարծես, թե կառավարական ուժերն էլ հաջողության են հասնում։ Ընդհանուր առմամբ մեր Եկեղեցին բարվոք վիճակում են, թեև գործողություններինք մոտ ենք, բայցևայնպես որևէ վնաս չենք կրել։

- Նկատի առնելով հայկական եկեղեցու առկայությունը, հավանաբար, կան նաև հավատացյալ հայեր, որոնք այցելում են եկեղեցի։ Մեր հայրենակիցների մասին ի՞նչ տեղեկություններ ունեք, ի՞նչ վիճակում են նրանք, արդյո՞ք դիմել են որևէ օգնությամբ։ 

- Մեր հայրենակիցները 15-20 հոգի են, ներառյալ՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Սուդանում հաստատվածները։ Նրանք իրենց բնակավայրերում են, վտանգ չի սպառնում։ Այս պահին երկրից դուրս գալն անհնարին է, կամ պիտի մնան իրենց բնակարաններում, կամ անհնարին է դուրս գալ։ Մեր տեղեկություններով՝ հիմնական խնդիրը ջրի և լույսի խնդիրն է, բայց հուսանք՝ ամեն ինչ կլուծվի։

Արա Ալոյան