Горбатого Могила Исправит!

Горбатого Могила Исправит!

Forbes-ին տված հարցազրույցում «Էխո Մոսկվիի» նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ասել է, թե «ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «սարսափած» է այն ամենից, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Նա կարծում է, որ ՌԴ նախագահը ոչնչացրել է իր ողջ ժառանգությունը»։
Նախ, ծերուկի մտքի ամեն մի «փայլատակում» չէ, որ պետք է հանրայնացնել: Երկրորդ, մարդն ինչքա՞ն ոչ ադեկվատ պետք է լինի, որ իր կյանքի մայրամուտին չհասկանա, թե ինչ արհավիրք է բերել հարյուրավոր ժողովուրդների գլխին: Լավ, ենթադրենք, ԽՍՀՄ-ը հեռանկար չուներ: Այդ դեպքում՝ ԵՄ-ն ինչպես կարող է հեռանկար ունենալ, երբ միայն մեկ գազամատակարարման խափանման արդյունքում մատնվել է կրախի: Եթե, նույնիսկ, ԽՍՀՄ-ը պետք է դադարեր գոյություն ունենալուց, հնարավոր չէ՞ր, արդյոք, միասնական ուժերով գնալ վերափոխումների, ընդհուպ՝ անկախ պետությունների կայացման: Եթե ԽՍՀՄ-ը համարենք անկախացած պետությունների «հայրական տուն», ապա որտե՞ղ եք տեսել այն աստիճանի անբարոյական ծնողներ, որոնք առանց իրենց երեխաներին աճեցնելու և զարգացնելու նետեն փողոց: Ըստ էության, բոլոր հանրապետությունները նետվել են դուրս, ջունգլիներ, օվկիանոս, չգիտակցելով, որ իրենց անհամբեր սպասում են հսկա շնաձկները, առյուծները, վագրերը, անակոնդաները: 

Եվ այս ինտելիգենտ անձնավորությանը թվում է, թե ինչ-որ ժառանգություն է թողել: Այդ դեպքում, թող Գորբաչովը բացատրի «կոմունիզմ» և «ժողովրդավարություն» հասկացությունների տարբերությունները:

Ինչ վերաբերում է Ուկկրաինային, ապա ԽՍՀՄ-ում ծնվածների համար դա մեծ ցավ է, դժբախտություն, բայց Ուկրաինան ինչպե՞ս կարող էր դավաճանել իր եղբորը, ինչպես կարող էր այդքան հեշտությամբ նետվել օտարի գիրկը: Ի վերջո, ինչպես կարող էր խորհրդային ժողովրդի ստեղծած առաջավոր ռազմական տեխնոլոգիաները և բարձր տեխնոլոգիական արտադրանքը վաճառել Թուրքիային:

Արցախյան պատերազմում միջազգային հանրությունը հավանության արժանացրեց ուժի կիրառումը, ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավորությամբ (Թուրքիան և ՆԱՏՕ-ն նույնական են) ջախջախեցին, ցեղասպանեցին հայերին: Հիմա ո՞վ է հիշում երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին: Որևէ կերպ չարդարացնելով Ռուսաստանի դիրքորոշումը, պետք է նկատել, որ ոչ թե ինչ-որ վիրտուալ ժառանգություն է վերացվում, այլ վերականգնվում է իրական ժառանգությունը: Ուրեմն, ինչու՞ է այս դեպքում ուժի կիրառումը համարվում անընդունելի:

Գագիկ Վարդանյան