Որ «հինգ հոգով վեց երգ երգելու» սովորությունը դառնա «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափար

Որ «հինգ հոգով վեց երգ երգելու» սովորությունը դառնա «մեկ ազգ, մեկ պետություն» գաղափար

Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ ոչ մի երկրի առաջին դեմք, հատկապես գրավոր խոսքում, հենց այնպես որեւէ միտք չի արտահայտում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում ժամանակի հաստատմանն ի պահ տրված մտքեր կան։ «Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով էր իրականում ծախում այն»։

Ընդունված է ասել, որ 1988-ի Հայոց համազգային շարժման ու նաեւ ՀՀՇ կուսակցության հիմքում ղարաբաղյան շարժումն է։ Ողջ մոլորակի ռազմաքաղաքական պատմությանը, գերտերությունների ներկա ծավալապաշտական եւ այլ նկրտումներին քաջատեղյակ հիմնադիր նախագահը, անշուշտ, չէր կարող չիմանալ, թե ինչ է կատարվում իր երկրում։ Նորանկախ ՀՀ-ում պետական կառավարման կարգի, գուցե նաեւ անկախության ամրապնդման իրարամերժ գաղափարներ կային ոչ միայն տարբեր կուսակցությունների քաղաքական ակտիվների տեսլականներում, այլեւ, որ ավելի վտանգավոր է՝ նույն կուսակցության՝ տարբեր խմբավորումների շահեր սպասարկող թեւերում։ Պատմությունը մի օր գուցե լույս սփռի, թե այդ ինչպես եղավ, որ 1988-ին «միացում» վանկարկող հրապարակից, 1989-ի ՀԽՍՀ ԳԽ՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու որոշումից հետո հանկարծ Արցախում իշխանության եկավ ՀՀ իշխանությանը ոչ լոյալ, միավորումը վիժեցնելուն հակված խումբը՝ Արթուր Մկրտչյանի ղեկավարությամբ։ Եվ արդյոք Մկրտչյանին փոխարինած, ծպտյալ դաշնակցականի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանին սկզբում Արցախում նախագահ, հետո՝ ՀՀ վարչապետ, ապա նախագահ կարգելը, նրա, ապա Սերժ Սարգսյանի նախագահության 10-ամյակներով հայ ժողովրդի դժգոհությունը հարուցելը միայն ու միայն այն լուսավոր նպատակով չի արվել ու արդարացվում, որ վերջապես հնարավոր լինի Արցախի՝ իշխանատենչ նկրտումներ ունեցող վերնախավին կառուցողական դաշտ բերել եւ իրականացնել դեռ դարերի խորքից իր կենտրոնախույս հակվածությամբ հայտնի Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու լուսավոր գաղափարը։ 

Որքան էլ պարադոքս է, ՀՀ-ն այսօր՝ բանակում չծառայած գերագույն հրամանատար վարչապետի օրոք, նոր դիրքեր է գրավում, առաջիկայում տարածքներ ազատագրելու տեսանելի հեռանկարով, իսկ ոմանց կողմից ռազմիկ նախագահներ հորջորջվող Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես Սերժ Սարգսյանի օրոք բանակում տիրող վիճակի մասին բոլոր զինվորներն ու նրանց հարազատները, ողջ հայ ազգը գիտի։ 

Այժմ, երբ ժողովրդի կամքով ձեւավորված է լեգիտիմ իշխանություն, վարչապետ Փաշինյանը վերջապես հնարավորություն ունի սաստելու երբեմնի պետականախույս ուժերին եւ շարունակելու Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու Լեւոն նախագահի պետականաշահ գործունեությունը։ Հեռուն գնացող այդ նպատակով է Արայիկ Հարությունյանին Նիկոլ Փաշինյանն Արցախի ընտրված ներկայացուցիչ անվանում, որ ճանապարհ հարթի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման համար, ու «5 հոգով 6 երգ երգելու»՝ արդեն թվում է՝ անգամ գենետիկ մակարդակում ամրացած հայի սովորությունը փոխվի մեկ ազգ՝ մեկ պետություն մտածողության։

․․․Ժամանակն է, որ հաստատվի կուրարաքսյան սահմաններով հայոց պետականությունը՝ ՌԴ-ի հետ ընդհանուր սահմանով։ Եկող տարի լրացող Նախիջեւանի պայմանագրի 100-ամյակի առթիվ աշխարհի հզորների հետ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստի, եւ վերջնականապես փակեն համայն աշխարհի խաղաղ գոյակցությանը պանթուրքիզմի ճանապարհը՝ ամրացնելով Եվրոպայի քրիստոնեական սահմանը։

Արձանագրենք պետականաշահ եւս մեկ փաստ․ 1990-ականներին Տեր-Պետրոսյանի վարած բալանսավորված քաղաքականության արդյունքում երկրի ներքաղաքական կյանքում տոն էին տալիս հայոց պետականության նվիրյալներ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն ու պաշտպանության նախարար, սպարապետ Վազգենը, իսկ Տեր-Պետրոսյանն արտաքին հարաբերություններում զբաղված էր, սպարապետի ասած՝ մեր ազատագրած տարածքները լեգիտիմացնելով եւ մեզ ագրեսորի պիտակից զերծ պահելով։ Ու մենք հաղթեցինք։ Հաղթելու ենք եւ հիմա, երբ ժողվարչապետ Փաշինյանը, արտաքին լսարանին ի լուր, կառավարության նիստում դիվանագիտորեն հարցնում է պաշտպանության նախարարին՝ կարո՞ղ է «ՈւԱԶ»-ն էին ուզում հետ վերցնել, որ իր հարցն ու Տոնոյանի կոշտ պատասխանը դնի բանակցությունների սեղանին ու իրավունք ունենա վճռական ասելու՝ «Դավիթ, հուպ տուր», Տոնոյանն էլ ասի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», չուշանա վճռական հակահարվածի հրամանը։ Փառք հայոց բանակին, երիցս փառք իր կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած զինվորին ու հրամանատարին։

Հանգամանքների բերումով ես չունեմ երկրիս սահմանապահը լինելու հնարավորություն, բայց դա չի խանգարում «ամենայն տեղ մահը մի է» նալբանդյանական պատգամով ապրելու կարեւորությունը գիտակցել եւ պարզորոշ հասկանալուն, որ դիրքապահ ամեն զինվոր իր նահատակությամբ հերոսաբար փրկում է 10, 100 ․․․ 100 հազար, իսկ գուցե անգամ՝ միլիոն հոգու կյանք, ու դրա համար երիցս փառք «մահ իմացյալ»-ի կրողներին։ 

Ոգեւորում է նաեւ հանգամանքը, որ այս օրերին իրենց բարձրության վրա են ՀՀ ԱԳՆ-ն ու ՄԻՊ-ը։ Աստված ձեր մտքին այնքան պայծառություն տա, որ կարողանաք փաստաթղթավորել հայ զինվորի բազկի թափը, ու հանուն հայրենիքի թափած արյունն իմաստավորվի նաեւ դիվանագիտական ամրագրումներով։

 Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ