Գազայից շարունակվում են հրթիռներ արձակվել դեպի Իսրայել․ զոհերի մեջ պաշտոնյաներ կան

Գազայից շարունակվում են հրթիռներ արձակվել դեպի Իսրայել․ զոհերի մեջ պաշտոնյաներ կան

Գազայի հատվածում գործող պաղեստինյան խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Թել Ավիվի տարածքում և Իսրայելի կենտրոնում կրկին օդային տագնապի ազդանշաններ են հնչել, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 150 իսրայելցի, վիրավորվել է առնվազն 1000 մարդ։

Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելի կառավարությունը կդադարեցնի Գազայի հատվածի էլեկտրամատակարարումը։ Իսրայելը ապահովում է այդ հատվածի էլեկտրաէներգիայի կարիքների մոտ երկու երրորդը, գրում է իսրայելական Haaretz թերթը։ 

Այսօրվա մարտերի ժամանակ սպանվել է Ռահաթ քաղաքի ոստիկանապետը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական ​​Kan Bet ռադիոն։ Ռահաթի ոստիկանապետից բացի հայտնի է դարձել նաև Նետիվոտ քաղաքի հրշեջ ծառայության պետի և Շաար Խա-Նեգևի տեղական խորհրդի ղեկավարի մահվան մասին։