Չեն ցանկացել, որ տեսանկարահանում իրականացվի

Չեն ցանկացել, որ տեսանկարահանում իրականացվի

Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հերթական դատական նիստը։ Աղվան Գառնիկի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակաիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանին համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, ապա այդ արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին ծառայության գծով հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ապա հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացրել է:

Բացի այդ, Աղվան Հովսեփյանը, 2017 թվականի ապրիլի 10-ին իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող Վրեժ Մարկոսյանին համոզելու եղանակով դրդել է վատնել նրան վստահված, Վարշամ Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը: Վրեժ Վարանցովի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի ապրիլի 10-ին Աղվան Հովսեփյանի դրդմամբ վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ Հողամասը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն դատարանը համաներում է կիրառել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նա արդեն 72 տարեկան է։

«Դատարանը միջնորդություն է ստացել այսօր, սակայն սա այն միջնորդությունն է, որը պաշտոնական կողմը չցանկացավ, որ տեսանկարահանվի։ Դատարանը որոշեց այս մասով չտույլատրել տեսանկարահանումները։ Այս հարցը կքննարկենք, դրանից հետո նիստի շարունակության վերաբերյալ տեղյակ կպահենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- նշեց դատավորը։