Երբ հոդվածն արտագրել են 2017թ․ՀՀ պետական գույքի կառավարման հայեցակարգից

Երբ հոդվածն արտագրել են 2017թ․ՀՀ պետական գույքի կառավարման հայեցակարգից

 Թավշյա հեղափոխությունից հետո որքան բարեփոխումները դարձան անխուսափելի, նույնքան էլ այդ բարեփոխումներին դիմակայությունը։ Դիմակայողները նախկին իշխանությունների օրոք տարբեր կապերի միջոցով բարեկեցության եւ որոշակի դիրքի հասած անձինք են, որոնց ձեռնտու չեն ցավոտ բարեփոխումները։ Բարձրագույն կրթության, գիտության ոլորտներն էլ այս առումով բացառություն չեն։ 

Երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի որոշմամբ, ելնելով որոշակի չափորոշիչներից, որոշ գիտական հանդեսներ համարվեցին  ոչ ընդունելի, գիտական շրջանակներում դժգոհություն առաջացավ։ 
Սմբատ Գոգյանի հետ զրույցում հիշեցրինք ամիսներ առաջ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած այն միտքը, որ՝  «տասնյակներով ամսագրեր են փակվում, տնտեսագիտական ուղղվածության մեկ ամսագիր չեք գտնի»։ Թաթուլ Մանասերյանը դժգոհել էր նաեւ, որ ԲՈԿ-ում ծիծաղաշարժ, հետին թվով որոշումներ են կայացնում, հետին թվով դնում են կայքում, փոփոխում են դրանք, կամային, միանձնյա որոշումներով խախտում են ԲՈԿ-ի կանոնադրությունը, օրենքները։

ԲՈԿ-ի նախագահը հակադարձում է, որ ԵՊՀ-ի, Ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտական հանդեսները գործում են, եւ այդ համարներում զգալի բարդ է տպագրվելը, որովհետեւ գրագողության հիմքեր չկան։ 

«Հունվարին, բնականաբար, բողոքները շատ էին, բայց վեց-յոթ ամսագիր ընդունել են մեր չափանիշները, տպագրվել են, եւ հնարավոր է, որ նրանց մեծ մասը կրկին ընդգրկվի մեր ցուցակում։ Թաթուլ Մանասերյանի խմբագրությամբ լույս տեսնող «Այլընտրանք» հանդեսը տպագրվում էր 450-500 էջի սահմաններում, իսկ այս տարվա առաջին համարը, որը տպագրվեց մեր չափանիշներն ընդունելուց հետո, ունի ընդամենը 135 էջ»,- մեզ հետ զրույցում նշեց Սմբատ Գոգյանը։ 

Ըստ նրա՝ անցյալ տարի տպագրվում էր 89 ամսագիր, իսկ այս տարի՝ 64-ը։ Դուրս մնացած 25  ամսագրերից 10-ը փորձում են համապատասխանել ԲՈԿ-ի չափանիշներին, եւ ԲՈԿ-ն էլ վերանայում է դրանք։  Գոգյանը նշում է, որ փոխում են հանդեսների գնահատման կարգը, եւ այսուհետ, փոխելով մոտեցումը, ոչ միայն պետք է ԲՈԿ-ը հաստատի հանդեսների ցուցակը, այլ՝ կրթության եւ գիտության նախարարությունը։ Իսկ դա նշանակում է, որ չափանիշներ հաստատելու պատասխանատվությունը չի մնալու ԲՈԿ-ի վրա։ 
Մեր զրույցի ժամանակ Սմբատ Գոգյանը ցույց տվեց, որ  2018թ․ «Այլընտրանք» հանդեսում Անի Դոխոյանի հեղինակությամբ տպագրված «Պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների եւ ՊՈԱԿ-ների գործունեության գնահատման կատարելագործման հիմնական ուղիները» հոդվածն արտագրված է 2017թ․ ՀՀ պետական գույքի կառավարման հայեցակարգից։ 

Մեկ տարվա ընթացքում ԲՈԿ-ին հաջողվել է գրագողության, գիտական կեղծ կոչումներ ստանալու տասը  դեպք կանխել։ Դրանք վերաբերում են մանկավարժության, ռոմանագերմանական լեզուների, տնտեսագիտության, հոգեբանության ոլորտներին։ 
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ԲՈԿ-ն ունի անհրաժեշտ կադրեր, մասնագետներ, մեխանիզմներ, որպեսզի կարողանա հետայսու կանխել գրագողության դեպքերը։

«Բնականաբար ռեսուրսները միշտ էլ սահմանափակ են լինում։ Պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, վերահսկողություն, թափանցիկության ապահովում, տեխնիկական լուծումներ են պետք, որ գրագողությունը թաքցնել հնարավոր չլինի։ Ընդունենք, որ բարձրաստիճան չինովնիկը ուզում է պաշտպանել ատենախոսություն, բայց չի զբաղվում գիտությամբ, չի կարող թաքցնել իր՝ գործ չանելը, եթե այն անընդհատ չլինի հրապարակային վերահսկողության ներքո։ Պաշտպանությունը շատերն ընկալում են միայն ատենախոսության պաշտպանության օրը տեղի ունեցող պրոցեսը, բայց այն իրենից ներկայացնում է տարիների քրտնաջան աշխատանք։ Եվ եթե մենք այդ ողջ պրոցեսը կարողանանք վերահսկել, ապա օդիոզ դեմքերը, ինչպես նախկինում, չեն էլ ձգտի պաշտպանել ատենախոսություն։ Մենք պետք է ոչ թե ելքը վերահսկենք, այլ մուտքը, որպեսզի գիտության ոլորտ մուտք գործեն այն մարդիկ, որոնք հետաքրքրված են գիտությամբ։ Եթե մուտքը չես վերահսկում, ապա ելքը վերահսկելն արդյունավետ չի լինի։ Եթե մարդն իր պլանում նշում է, որ պետք է գնա Ռուսաստանի ազգային գրադարան, նյութեր օգտագործի, ապա նախօրոք հնարավոր է վերահսկել՝ մեկնե՞լ է Հայաստանից դուրս, թե՞ ոչ, արե՞լ է, թե՞ ոչ, իսկ միայն ատենախոսության պաշտպանության օրն այդ ամենը հսկել հնարավոր չէ»,- ասաց Սմբատ Գոգյանը։