Հոսանք չկա, որ մարդիկ հեռախոսները լիցքավորեն

Հոսանք չկա, որ մարդիկ հեռախոսները լիցքավորեն

Ռուս-ուկրաինական հակամարտության 18-րդ օրն է, բայց Ուկրաինայում պատերազմն ավելի է սաստկացել, շարունակվում են ռմբակոծությունները, ավերվում են քաղաքներ ու խաղաղ բնակավայրեր, զոհվում անմեղ բնակիչներ։ Hraparark.am-ը թեմայի շուրջ զրուցել է Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ և հետաքրքրվել մեր հայրենակիցների ճակատագրով։ 

«Շատ ծանր է վիճակը Մարիոպոլ, Վոլնովախա և Խարկով քաղաքներում, այնտեղ այս պահին ծանր մարտեր են ընթանում։ Ռմբակոծություններն այնքան ուժգին են, որ թաղամասեր կան, որ հավասարվում են հողին։ Խարկովում դեռ կա հոսանք, ջեռուցում, իսկ Մարիոպոլում՝ ոչ ջեռուցում կա, ոչ՝ հոսանք, ոչ էլ՝ գազ։ Ութ օր է քաղաքի բնակչության մեծամասնության հետ չունենք կապ, քանի որ չկա հոսանք, որպեսզի մարդիկ կարողանան հեռախոսները լիցքավորեն»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մկրտչյանը։

Փոխնախագահի խոսքով, իրենք դեռ չեն կարողանում օգտվել «կանաչ» հումանիտար միջանցքներից, քանի որ հայտարարվում է մի բան, սակայն՝ արվում ճիշտ հակառակը։ 

«Օրինակ, Մարիոպոլում՝ ավտոբուսները նախօրոք հայտարարված կետերին չեն հասնում: Ժողովուրդը կուտակվում է, որ դուրս բերվի ավելի խաղաղ ու ապահով մարզեր, ավտոբուսները չեն հասնում։ Խարկովից դեպի Ուկրաինա հումանիտար միջանցք դեռ չկա։ Հայտարարված էր միջանցք դեպի Ռուսասատանի Դաշնություն, բայց ոնց հասկանում եմ՝ չեն օգտվել այդ միջանցքներից։ Չունենք տվյալներ, թե որքան մարդ է օգտվել այդ միջանցքից և գնացել է դեպի Ռուսաստան։ Սպասում ենք, ինչ-որ նոր պայմանավորվածություններ կան, որ ամբողջ շրջափակված տարածքներից պետք է միջանցքներ բացվեն և պետք է հայտարարվի 12-ժամյա զինադադար, որպեսզի Խերսոնի, Նիկոլայեվի, Զապորոժիայի, Դոնբասի, Խարկովի, Չեռնիկովի մարզերից դուրս բերվեն խաղաղ բնակիչները»,-ասաց զրուցակիցս։ 

Դավիթ Մկրտչյանը նշեց, որ Կիև-Օդեսա մայրուղին բաց է և աշխատում է։ Այն մարդիկ, ովքեր ունեն մեքենայի վառելիք, և կարողանում են դուրս գալ իրենց սեփական մեքենաներով, գնում են դեպի Հարավ, դեպի Արևմուտք։ 

«Դե, իհարկե, ամեն մարդ ռիսկի է դիմում Կիևից դուրս գալով, որովհետև անցնում են այն կետերով, որտեղ պատերազմի առաջին օրերից ակտիվ ռմբակոծվել են հենց այդ ճանապարհներին գտնվող ռազմական բազաները, պահեստները, ռազմական օդանավակայանները։ Պետությունը կազմակերպել է նաև մարդկանց տարհանում երկաթուղային ճանապարհով։ Այստեղ նույնպես ահավոր իրավիճակ է տիրում, որովհետև 50 տեղանոց վագոններում 100-ից ավել մարդիկ են նստում, որոնք պիտի 12-14 ժամ ճանապարհ ընկնեն»,-ասաց Դավիթ Մկրտչյանը:

Հայերի միության փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե մեր հայրենակիցները, որոնք ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ, ինչպես են կարողանում լքել Ուկրաինան, վերջինս ասաց, որ Ուկրաինայում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որևիցե խնդիր չունեն դուրս գալու: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Ուկրաինայից դուրս են գալիս հինգ տարբեր ուղղություններով՝ Մոլդովա, Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա և Լեհաստան։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ազգությամբ հայ, ռազմական իրավիճակից ելնելով՝ 18-60 տարեկան տղամարդկանց չի թույլատրվում լքել երկիրը, իսկ ծերերին, կանանց և երեխաներին թույլատրվում է պետությունից դուրս գալ և գտնել ապաստարան Եվրամիության տարածքում: Եվրամիությունը վերջերս ընդունեց օրենք, որի համաձայն եվրոպական 22 երկրներ պետք է աջակցեն Ուկրաինաից դուրս եկած փախստականներին: Այդ երկրները տալիս են փախստականի թղթեր և հոգ են տանում այդ ընտանիքների մասին»,-ասաց զրուցակիցս:

Դավիթ Մկրտչյանը նշեց, որ իրենք չունեն տվյալներ, թե որքան հայ է լքել Ուկրաինան, քանի որ մարդիկ դուրս են գալիս ով ոնց կարող է և կապն այդպես ընդհատվում է: Միակ ճշգրիտ տվյալները սահմանապահ մարմինները կարող են հայտնել, սակայն Ուկրաինան լքել է մոտ 4 մլն մարդ, և անհնար է այս պահին ամփոփելով անձնագրի էջերը, յան-ը անջատել։

«Մենք դիմեցինք սահմանապահ մարմիններին Ուկրաինայում, որ հասկանանք քանի հայ է հատել Ուկրաինայի սահմանը, պատասխան եկավ՝ որ շատ մեծ հոսքի պատճառով և աշխատելով 24 ժամ ծանրաբեռնված գրաֆիկով, չեն կարողանում բոլոր մյուս ազգություններից անջատել յան մասնիկը, որպեսզի տան տեղեկություն»,-զրույցը եզրափակեց Դավիթ Մկրտչյանը: