«Հրապարակ». Արցախը`գազի տարանցման վճարի դիմաց

«Հրապարակ». Արցախը`գազի տարանցման վճարի դիմաց

Հունիսի վերջին որոշ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներ սկսեցին լուրեր տարածել, թե Ադրբեջանը պատրաստվում է հուլիսի 1-ից բացել Լաչինի միջանցքին որպես այլընտրանք կառուցված ճանապարհը՝ այդպիսով իր վերահսկողության տակ վերցնելով ոչ միայն ճանապարհը, այլ նաեւ Հայաստանից Արցախ գնացող մյուս ենթակառուցվածքները եւ հայաթափելով Լաչինը, Աղավնոն ու Սուսը: Նորակառույց ճանապարհը դեռեւս չբացվեց, որովհետեւ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ ճանապարհի կարգավիճակի հարցում համաձայնության գալ Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարծես հաշիվ չէ, քանի որ նախորդած իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունը պարտվածի ճարահատությամբ կամ գուցե այլ շարժառիթներով միշտ պատրաստ է կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ: Հայաստանի իշխանությունը փաստացի ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլեւս չի պատրաստվում Արցախի եւ արցախահայության իրավունքների հարցում հակադրվել Ադրբեջանին: Արցախին տրամադրվող ֆինանսական օգնությունը հաշիվ չէ, քանի որ Հայաստանի իշխանությունը դա դիտարկում է հումանիտար խնդիր. ֆինանսական օգնություն կարելի է հատկացնել հումանիտար աղետի եզրին գտնվող այլ երկրի քաղաքացիներին:

Ադրբեջանն այդ ճանապարհը չի կառուցել, որ դրանով Արցախի հայությունը կապ հաստատի Հայաստանի հետ եւ հակառակը: Դրա համար Ադրբեջանը բազմամիլիոնանոց ներդրումներ չէր անի եւ չէր կառուցի Լաչինի միջանցքով անցնող ճանապարհին իր որակով մի քանի անգամ գերազանցող մայրուղի: Եթե Ադրբեջանը նպատակ ունենար հայերին այլընտրանք առաջարկել, մի անանցանելի գրունտային ճանապարհն էլ բավարար կլիներ: Այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհը բռնազավթելով: Ադրբեջանն այդ ճանապարհը կառուցել է նախեւառաջ իր համար, որ դրանով կապ հաստատի Նախիջեւանի հետ: Հայերն էլ Լաչինի միջանցքը հանձնելուց հետո հնարավորություն կունենան այդ ճանապարհով արագ գաղթել Հայաստան: Ճանապարհը կապահովի գաղթի հնարավորինս մեծ արագություն եւ հարմարավետություն:
Ադրբեջանի մտահղացումը պարզ է. եթե այդ ճանապարհով իրենք պետք է կապվեն Նախիջեւանի հետ, Հայաստանը դրա վրա մաքսատուն եւ սահմանապահ անցակետ պետք է տեղադրի: Եթե Հայաստանն անցակետ է տեղադրում՝ հսկելով Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տեղաշարժն իր տարածքում, բնական է, որ հակառակ կողմում էլ պետք է ադրբեջանական անցակետ լինի, որը կհսկի հայերի տեղաշարժը: Ադրբեջանի ուզածն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վրա անցակետ ունենալն է, ինչը չհաջողվեց անել Լաչինի միջանցքի դեպքում: Անցակետ տեղադրելը կապահովի Արցախի արագ ու երաշխավորված հայաթափումը եւ Արցախի հարցի վերջնական կարգավորումը` Ադրբեջանի սցենարով:

Ռուսական իշխանությունները, կոնկրետ դեպքում՝ խաղաղապահ զորքերի հրամանատարությունը, հասկանում է Ադրբեջանի իշխանության մտահղացումը: Արցախ-Հայաստան ճանապարհի վրա ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրումը նշանակում է, որ ռուսներն այլեւս այդ տարածքում անելիք չունեն. իրադրությունն անցնելու է ադրբեջանցիների ձեռքը, իրենք են որոշելու՝ ում թողնեն մտնել Արցախ, ում՝ արգելեն դուրս գալ: Ստացվելու էր, որ ռուսներն անիմաստ կանգնելու էին ճանապարհի մի կողմում եւ հետեւելու էին ադրբեջանական կողմի գործողություններին՝ այնպես, ինչպես ժամանակին անում էին Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, երբ այն շահագործվում էր հայերի, բայց հսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Ռուսաստանը հսկայական ծախսեր չի արել ու 3 հազարանոց զորք ու զինտեխնիկա տեղակայել Արցախում, որ Ալիեւը մի ճանապարհ կառուցի ու ռուսներին դուրս մղի այդ տարածքից: Ռուսաստանը համարում է, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքում իրեն հաջողվել է ռազմական ներկայություն ապահովել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում, որը մենք Արցախ ենք անվանում: Դրա համար ռուսները չեն կարող թույլ տալ, որ Լաչինի միջանցքը հանձնվի, ու շահագործման հանձնվի նոր ճանապարհը, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ համաձայնության չեն եկել Ադրբեջանի հետ:

Ալիեւը հասկանում է, որ ռուսների հետ խոսելը եւ նրանց հետ համաձայնության գալը շատ ծանր կնստի իր վրա, որ Ռուսաստանը չափազանց մեծ գին կպահանջի Արցախը զիջելու դիմաց. առնվազն Ադրբեջանի ինքնիշխանությունը: Դրա համար Ալիեւը գերադասում է Արցախի հարցը լուծել Հայաստանի միջոցով, Հայաստանը ոչ թե պահանջողի, այլ պահանջը կատարողի դերում է: Դրա համար է Ալիեւն իր արտգործնախարար Բայրամովին ուղարկել Թբիլիսի, որ նա Հայաստանին փոխանցի Ադրբեջանի պահանջները՝ դրանք հնարավորինս արագ իրագործվելու ակնկալիքով:

Արեւմուտքն ու Ադրբեջանը շտապում են. նոր գազային համաձայնագիրը ստորագրելու եւ իրագործելու համար տարածաշրջանում կայուն խաղաղություն է պետք, ու պետք է օր առաջ այնտեղից դուրս հանել ռուսական բանակը: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ապահովել այդ խնդրի լուծումը: Դրա արդյունքում մենք, իհարկե, վերջնականապես կկորցնենք Արցախը, բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը կարող է գազի տարանցումից միջնորդավճար ստանալ: Բավական լուրջ տարանցման վճար: Բա հայրենիքը վաճառելն ուրիշ էլ ինչպե՞ս է լինում:

Ավետիս Բաբաջանյան