ՔԿ-ն խախտել է Փարամազյանի անմեղության կանխավարկածը

ՔԿ-ն խախտել է Փարամազյանի անմեղության կանխավարկածը

Այսօր Քննչական կոմիտեն երեկ Կապանում տեղի ունեցածի վերաբերյալ «պարզաբանող» հայտարարություն տարածեծց, որի մեջ մասնավորապես նշված է․

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք»,- գրել է Քննչական կոմիտեն, ապա շարունակել,- «Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն»։

Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունում Քաջարանի քաղաքապետին վերաբերող հատվածում որևէ տեղ նշված չէ «կասկածվում է» նախադասությունը, կոմիտեն արդեն իսկ Մանվել Փարամազյանին վերագրել է արարքը, ըստ որի «Համայնքի ղեկավարի կանչով Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք»։ 

Իրավաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննչական մարմինը հայտարարության մեջ պետք է նշի , որ ոչ թե «կատարել է», այլ «կասկածվում է նման արարք կատարելու մեջ»․

«Եթե նշվում է, որ կատարվել է, ապա դա, բնականաբար, անմեղության կանխավարկածի խախտում է։ Անմեղության կանխավարկածի իրավունքը չի բխում որևէ կանխավարկածից, մարդիկ այդ իրավունքն ունեն, քանի որ մարդ են՝ անկախ նրանից, թե կասկածյա՞լ են, մեղադրյա՞լ, թե՞ փողոցում քայլող քաղաքացի։ Դրա համար պետք է ասել, որ ոչ թե «նա արել է՝ ըստ որոշ տվյալների», այլ նա կասկածվում կամ մեղադրվում է։ Սա, միանշանակ, անմեղության կանխավարկածի խախտում է՝ անկախ նրանից, որ տակը կգրեն, թե հարգում են անմեղության կանխավարկածը։ Պետք է նշել՝ կասկածվում է կամ մեղադրվում»,- ասաց Ղազարյանը։ 

Նշենք, որ տվյալ դեպքերում նախաքննական մարմինը, իրեն ապահովագրելու համար հայտարարության վերջում  տեղադրում ՝ ծանուցում, որ «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Արա Ղազարյանի խոսքով՝ սա չի կոնպենսացնում բուն հայտարարության մեջ անմեղության կանխավարկածի խախտումը․ « Դա կարևոր չէ, Դուք կարող եք տակը վերապահում գրել, բայց տեքստի մեջ խախտել իրավունքը, այդ վերապահումը որևէ կերպ չի կոնպենսացնում տեքստում անմեղության կանխավարկածի խախտումը, այդ վերապահումը կարող է չլինել, բայց տեքստում պահպանվել անմեղության կանխավարկածը»,- ասաց Ղազարյանը։