ՆԱՏՕ-ն բազմաթիվ լծակներ ունի Թուրքիայի վրա ազդելու համար․ Թուրքագետ

ՆԱՏՕ-ն բազմաթիվ լծակներ ունի Թուրքիայի վրա ազդելու համար․ Թուրքագետ

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մայիսի 14-ին։ Հիմնական թեկնածուներն են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Էրդողանը ներկայանում է «Հանրապետական դաշինքով», իսկ Քըլըչդարօղլուն՝ «Ժողովրդավարական դաշինքով»։

Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։

-Թուրքիայում նախընտրական շրջանը բավականին հետաքրքիր է։ Ի սկզբանե, փորձագետները նշում էին, որ ընդդիմության միասնական թեկնածուն չի կարող մրցել Էրդողանի հետ։ Սակայն, կարծես թե, որոշակի փոփոխություննե՞ր կան։ 

-Նախ նշեմ ամենակարևորը՝ պարտվելու հետ կապված ավելի շատ քննարկվում էր էրդողանական, իշխանամետ ուժերի կողմից, որը այդքան էլ այդպես չէ։ Որովհետև ընդդիմությունն, ըստ էության, նախաքայլը կատարել էր՝ պատրաստվել էր այս ընտրություններին։ Որպես նախաքայլ ընդունենք 2019 թվականին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունները, երբ որ այդ մշակված ռազմավարության հիման վրա ընդդիմադիրները կարողացան հաղթանակի հասնել Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Սա ցույց տվեց, ինչ-որ տեղ հույս ներշնչեց, որ Քեմալ Քըլըչդարօղլուն, այսինքն ժողովրդավարա-հանրապետական կուսակցությունը կարող է նախագահական ընտրությունների համար հավակնել հաղթանակի։ Իսկ եթե այսօրվա իրավիճակի մասին խոսենք, նախ կառավարության և ընդդիմության մասով, այս դեպքում ձայները գրեթե հավասարվում են։ Դա ցույց են տալիս գրեթե բոլոր տեսակի հարցումները՝ տարբերությունը շատ քիչ է արդեն և ըստ էության այստեղ հիմա Թուրքիայի համար ավելի կարևոր խնդիրներ են քննարկվում, որոնք կրկին արվում են քվեներ վերցնելու համապատկերում։ Օրինակ, երեկվա նույն Քըլըչդարօղլուի արածը, երբ որ թվիթերում դիմել էր ալևիներին և քրդերին, ու ինքը բացահայտ ներկայացրել էր, որ ինքը ալևի է։ Այսինքն՝ բավականին լարված է իրավիճակը։ Մենք առաջիկա օրերին կտեսնենք, որ այդ լարվածությունն ավելի կխորանա, որովհետև ինչ-որ տեղ կողմերն իրար զսպում են, որովհետև ռամադան է։ Դա վերջանա՝ մենք ավելի խորը լարվածության ականատես կլինենք։ 

-Շատերն ասում են՝ չվերընտրվելու պարագայում Էրդողանը Թուրքիան կմտցնի անկայունության փուլ։

-Շատ հետաքրքիր է, որ այդ մասին կա նաև Էրդողանի հետ կապված, որ եթե չընտրվի՝ նման գործընթացներ կսկսվեն։ Եվ կա նույն մոտեցումը հակառակի հետ կապված, եթե Էրդողանը  ընտրվի, ապա այս դեպքում ավելի շատ շեշտվում է Արևմուտքի դերը, որ Արևմուտքի հրահրմամբ ինչ-որ անկայունության փուլ կսկսվի Թուրքիայում, անկայունության ինչ-որ գործողություններ տեղի կունենան։ Իրականում սա բացառել պետք չի․ ընդ որում՝ դա կարող է լինել ցույցերի, ելույթների, տարբեր ակցիաների՝ ընդհուպ մինչև գունավոր հեղափոխությունների որոշակի սցենարներ, բայց իրականության մեջ սցենարները շատ տարբեր են՝ նայած թե որ դեպքում ինչ խնդիր կլինի։ Օրինակ, Էրդողանը գուցե պարտվի նախագահական ընտրություններում, բայց հաղթի պառլամենտական ընտրություններում։ Այսինքն, սա լրիվ այլ պատկեր է ստեղծում և իրական ճգնաժամ է լինելու։ Ասեմ նաև հակառակի դեպքում, եթե, օրինակ, Էրդողանը հաղթի նախագահական ընտրություններում, բայց պարտվի խորհրդարանական ընտրություններում, տեսեք ինչ վիճակ կստեղծվի, եթե Քըլըչդարօղլուն հաղթի, իրենք խոստացել են, որ փոփոխություններ են կատարելու և հետ են վերադառնալու խորհրդարանական կառավարման համակարգին։ Բայց դրա համար պետք է լինելու խորհրդարանի վերջնական հաստատումը, որտեղ որ մեծամասնություն կկազմեն Էրդողանի կողմնակիցները։ Այսինքն, կտապալվի կառավարության ցանկացած գործունեություն և դա կարող է լինել նաև ճիշտ հակառակի դեպքում։ Իրականում շատ բարդ իրավիճակ է, մենք՝ Թուրքիայով զբաղվողներս, մեծ ուշադրություն ենք դարձնում գլխավորապես նախագահական ընտրություններին, բայց ըստ էության այստեղ շատ մեծ խնդիր է և սցենարներից մեկն է ու իրավիճակի վրա կազդի այն, թե պառլամենտում ինչ ուժերի դասավորվածություն կլինի։ Կարծես թե երկու կողմն էլ ավելի արմատական են տրամադրված, որ պետք է հաղթել։

-Խոսեցիք Արևմուտքի դերակատարման մասին։ Շատ փորձագետներ հակված են կարծել, որ այս պահին Էրդողանը փորձում է Արևմուտքից կորզել ընդդիմադիր թեկնածուին չաջակցելու դիմաց տալ իր համաձայնությունը Շվեդիայի մասով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Արևմուտքը կգնա՞ Էդողանի հետ այս գործարքին։

-Էրդողանի կողմից այդ խաղաթղթերի օգտագործումը կար նախկինում, այստեղ մի քիչ դժվար է ասել՝ կոնկրետ այդ հարցի հետ էր այդ խաղաթուղթը, թե ուրիշ հարցերի հետ, որովհետև բազմաթիվ այլ հարցեր էլ կան։ Շվեդիայի հետ կապված, իմ կարծիքով Էրդողանը բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործեց Արևմուտքի հետ փորձելով կրկին իր հարաբերությունները ջերմացնել՝ ստանալու համար նրանց հավանությունը առաջիկա ընտրությունների համար, բայց երբ Չավուշօղլուն եղավ Միացյալ Նահանգներում, նա չստացավ այդ աջակցությունը և Արևմուտքը բացահայտ հայտարարում է, որ ինքն աջակցում է ընդդիմությանը։ Հիմա նույն Ձեր ասած առևտրի սկզբունքը այլևս չի գործում, որովհետև Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Շվեդիայի վերաբերյալ էլ հայտարարում են՝ կլինի Թուրքիայում այլ իրավիճակ՝ մենք հարցերը այդպես կլուծենք։ Եվ Քըլըչդարօղլուն իր հերթին հայտարարում է, որ իրենք ամբողջությամբ կգործեն ՆԱՏՕ-ի ռազմավարության շրջանակներում և ինչ-որ խոչընդոտներ չեն ստեղծի կառույցի աշխատանքներում։

-Ակնարկում են, որ Թուրքիային ստիպելու են տալ համաձայնություն,անկախ նրանից՝ կլինի դա Էրդողանը, թե ոչ։

-Լինի Էրդողանը, թե ոչ, եթե մեծ հաշվով ՆԱՏՕ-ի ղեկավարությունը այն համոզմանը գա, որ պետք է անպայման անդամակցի՝ կանդամակցի, որովհետև ՆԱՏՕ-ն Թուրքիայի վրա ազդելու բազմաթիվ լծակներ ունի՝ բազմաթիվ։ Ու դա լինի Էրդողանը, թե մեկ ուրիշը, անհրաժեշտության դեպքում նրանք դա գործի կդնեն։

-Ասում են նաև, որ Արցախյան հիմնահարցը դարձրել են Թուրքիայում նախընտրական քարոզչության մի մաս։ Արդյո՞ք Հայաստանի հետ հարաբերությունները կամ Արցախյան հիմնահարցն իրենից որևէ հետաքրքրություն ներկայացնում է թուրք հասարակության համար։

-Իրականում, եթե ինչ-որ մի հարց դառնում է քարոզչության հիմնական մաս կամ այդ հարցը կարևորություն է իրենից ներկայացնում, այդ հարցն ընդգրկվում է տվյալ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում։ Երկու կողմերի նախընտրական ծրագրերում էլ խոսք չկա Արցախյան հիմնախնդրի մասին և ընդհանրապես խոսք չկա Հայաստանի Հանրապետության կամ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այնպես որ դա ներքաղաքական ոչ դիսկուրսի առարկա է, ոչ կարևոր խնդիր է Թուրքիայի համար, առավել ևս այս նախընտրական փուլում, որովհետև թուրք հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր կան, և հավատացեք, Արցախի հարցը նրանց այդքան չի հուզում։Դա ընդամենը թուրքական պետության քաղաքականությունն է, որը կապված է Ադրբեջանի հետ՝ Ադրբեջանն իրենց ազդեցության ոլորտում պահելու համար։ Այդպիսի քննարկում չկա անգամ։ Հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ գործընթաց կա, անգամ այդ գործընթացի հրապարակային անդրադարձներ էության մեջ չկան, այսինքն՝ դա քննարկման խնդիր չի։ Նշեմ նաև, որ դա մեծ քննարկումների առարկա չի դառնում որևէ նախընտրական կամպանիայի ժամանակ, որովհետև Թուրքիայում կան շատ կարևոր հարցեր։ Օրինակ, սոցիալ-տնտեսական խնդիրներն են այսօր ամենաառաջին տեղում գտնվում, ներքին բազմաթիվ այլ խնդիրներ՝ քրդական հարցը, սիրիացի փախստականների հարցը, երկրաշարժի հետևանքների հարցը, արտաքին քաղաքական խնդիրները, այնպես որ դա կարևորագույն հարցը չի։