Ինչու է պաշտոնական Երեւանը թաքցնում Իրանի նախագահի «զգուշացումը»

Ինչու է պաշտոնական Երեւանը թաքցնում Իրանի նախագահի «զգուշացումը»

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  գլխավորած պատվիրակությանն այցը Իրանի իսլամական հանրապետություն որոշ տեղեկություններով անցել է լարված մթնոլորտում։ Պաշտոնական Թեհրանը սառը ջուր է լցրել հայ բարձրաստիճան պաշտոնյաների գլխին, որոնք մտադիր են ռուսական ներկայությունը հանել Հայաստանից, փոխարենը մեր անվտանգային խնդիրների լուծման բանալին հանձնել հավաքական Արեւմուտքին, որը վերջինի պահանջն է ու հենց այդ նպատակով էլ շուրջ մեկ տարի առաջ Հայաստան գործուղեցին եվրոպացի դիտորդներին, որոնց առաքելությունը մինչ օրս էլ չի հասկացվում, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սադրանքները, ինչը նշանակում է, որ դիտորդների ներկայությունը, եթե այդպիսին կա, Ադրբեջանի համար առոչինչ է։

Ինչեւէ, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայկական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ եթե հույս ունենք, որ Ռուսաստանին Հայաստանից հանելուց հետո անվտանգության ապահովման «պատրվակով» արեւմտյան ուժեր պետք է կենտրոնացվեն Հայաստանում, ապա Իրանը թույլ չի տալու օտար ուժերի ներկայությունը տարածաշրջանում եւ բաց առաջարկել է, որ եթե անվտանգության մասին ենք մտահոգվում ու հրաժարվում ենք Ռուսաստանի հետ դաշինքից, ապա Իրանը կարող է ՀՀ անվտանգությունն ապահովել, հենց այս նկատառումներով էլ առաջարկում է, որ Սյունիքում իրանական ռազմաբազա տեղադրվի։

Նշենք, որ պաշտոնական Թեհրանը չի էլ թաքցրել այս ուլտիմատումը եւ Իրանի նախագահի պաշտոնական կայքում հայ պատվիրակների հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում որոշ հատվածներ կան տեղի ունեցած զրույցից․ «Մենք համաձայն չենք խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանում կողմնակի անձանց ներկայությանը և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա ազգերի և կառավարությունների համար», հայտնել է Իրանի նախագահ Ռայիսին։ 

Ուշագրավ է, որ պաշտոնական Երեւանը այցի վերաբերյալ առավել շեշտադրել է տնտեսական համագործակցության խնդիրները, կառավարության կայքում այցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ընդամենը մեկ տողով հպանցիկ են անդրադարձել տարածաշրջանային եւ անվտանգային հարցերին․ «Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ:Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում՝ փաստացի չանդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ Իրանի կոշտ եւ հստակ անհամաձայնությանը։

Խնդիրն այն է, որ Իրանի կարևորությունը հայ ժողովուրդը լավ է հասկանում հատկապես Սյունիքի հարցում եւ Իրանի հարցում իշխանությունը չի կարող նույն պրոպագանդան իրականացնել, ինչ անում են Ռուսաստանի դեմ՝ հայտարարելով, թե ՌԴ-ն դեմ է արեւմուտքին, քանի որ Հայաստանում միջանցք է ուզում։ Ու եթե Իրանը հայտարարում է, որ կողմ է ՀՀ ինքնիշխանության պահպանմանը, այսինքն, դեմ է միջանցքներին, բայց Արեւմուտքը չի կարող տեղ ունենալ Հայաստանում, կնշանակի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դառնում է առոչինչ, քանի որ եթե խնդիրը ՀՀ անվտանգությունն է, այլ ոչ թե մեր ձեռքով եւ Արեւմուտքի պահանջով Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելը, որ հետո Թուրքիան մտնի Հայաստան, ապա Իրանը բացեիբաց խոստանում է, որ կապահովի ՀՀ անվտանգությունը։