Արցախի երեխաներն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը․ մեկ նպատակ՝ երկակի չափանիշներ

Արցախի երեխաներն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը․ մեկ նպատակ՝ երկակի չափանիշներ

Չնայած միջազգային հանրության, համաշխարհային ուժային կենտրոնների, ազդեցիկ գործիչների և տարբեր պետությունների ղեկավարների՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու կոչին, Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով շուրջ 22 օր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։ Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետի, շարունակվող ագրեսիայի պայմաններում, մարդու և միջազգային հիմնարար իրավունքների կոպիտ խախտմամբ ՝ 120000 արցախցի կտրված է աշխարհից, 1100 քաղաքացի և 270 անչափահաս չի կարողանում վերադառնալ տուն, տասնյակ երեխաներ վերակենդանացման բաժնում են։ Աշխարհն այս հարցով, թվում է, չի լռում, բայց համաշխարհային հանրույթի հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում և վաղուց չեն շոյում մեր՝ ավանդաբար դյուրազգաց ինքնասիրությունն ու սիրտը։

Միջազգային հանրության երկակի չափանիշների մասին շատ է խոսվել
դրանց նախապատմության ու նոր դրսևորումների մասին հիշատակելու առիթներ առաջիկայում ևս կլինեն։ Մինչ աշխարհասփյուռ հայությունը շարունակում է տագնապով հետևել Արցախի ու հատկապես արցախցի տարագիր, անասելի տառապանքի միջով անցնող երեխաների ճակատագրին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) 10,3 միլիարդ ԱՄՆ դոլարի շտապ ֆինանսավորում է խնդրել՝ ամբողջ աշխարհում հակամարտություններից, աղետներից և կլիմայական ճգնաժամերից տուժած երեխաներին օգնելու համար։ Միջոցները կօգտագործվեն մինչև 2023 թվականի ավարտը՝ 155 երկրներում և տարածքներում ավելի քան 110 միլիոն երեխաների համար անհրաժեշտ ծրագրեր ապահովելու համար։

«Այսօր ավելի շատ երեխաներ հումանիտար օգնության կարիք ունեն, քան երբևէ նորագույն պատմության մեջ», - ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը,-«Ամբողջ աշխարհում նրանք բախվում են ճգնաժամերի մահացու խառնուրդի՝ հակամարտությունից և հարկադիր տեղահանումից մինչև հիվանդությունների բռնկում և թերսնուցում: Մինչդեռ կլիմայի փոփոխությունը սրում է այս ճգնաժամերը և ստեղծում նորերը։ Շատ կարեւոր է, որ մենք ունենանք անհրաժեշտ ֆինանսավորում երեխաներին ժամանակին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»։

Ըստ վիճակագրության, երեխաներն իրենց բնակության, երկրի, ծննդավայրի սահմանները հատում են ռեկորդային թվով. Ընդհանուր առմամբ, շուրջ 37 միլիոն երեխա ստիպված է եղել լքել իրենց տները ճգնաժամերի պատճառով։ Նման ցուցանիշ չի գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Իսկ հիմա, ուշադրությո՛ւն, ամենաուշագրավ տեղեկությունը՝ առանց թերագնահատելու աշխարհի որևէ երկրի որևէ երեխայի կյանքի ու այլ հիմնարար իրավունքները։ 2023 թվականի համար ֆինանսավորման կարիքների առումով առաջին հնգյակում են՝ Աֆղանստանը (1,65 միլիարդ ԱՄՆ դոլար), Ուկրաինան և ուկրաինացի փախստականները (1,058 միլիարդ ԱՄՆ դոլար), սիրիացի փախստականները (867 միլիոն ԱՄՆ դոլար), Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը (862 միլիոն ԱՄՆ դոլար) և Եթովպիան (674 միլիոն ԱՄՆ դոլար):

Եվ ոչ մի խոսք, ոչ մի տող, ոչ մի ակնարկ Արցախի՝ թեկուզ որպես միջազգայնորեն չճանաչված պետության, թեկուզ որպես նույն իրավունքներով օժտված, բայց օրհասական կարիքներ ունեցող մարդկանցով բնակեցված տարածքի մասին (նորից մեջբերենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի պահանջի այս հատվածը՝ «․․․միջոցները կօգտագործվեն մինչև 2023 թվականի ավարտը՝ 155 երկրներում և տարածքներում ավելի քան 110 միլիոն երեխաների համար անհրաժեշտ ծրագրեր ապահովելու համար»)։ Արցախը, որ շաբաթներով ամբողջական շրջափակման մեջ է, Արցախը, որ հումանիտար աղետի մեջ է, Արցախը, որ հայաթափման ու զինաթափման սպառնալիքի տակ է, ըստ էության հայտնվում է նաև համաշխարհին գութի ու գործնական աջակցության բլոկադայի մեջ, և մեծ հարց է, թե երկու շրջափակումներից որն է ավելի անդառնալի, աղետալի ու դապարտելի։ Մինչդեռ աշխարհի, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար պետք է լիներ մեկ նպատակ՝ երեխայի անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան, առանց երկակի չափանիշների և բազմաշերտ համահարթումների։