Տարածաշրջանում ամենախոշոր ներդրումը Հնդկաստանն իրականացրել է Ադրբեջանում` նավթային բիզնեսում

Տարածաշրջանում ամենախոշոր ներդրումը Հնդկաստանն իրականացրել է Ադրբեջանում` նավթային բիզնեսում

Օրեր առաջ հնդկական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ Հնդկաստանը Հայաստանին զենք է վաճառել։ Խոսքը, մասնավորապես, հնդկական արտադրության «Պինակա» կոչվող համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հարցազրույցում չհերքեց այդ տեղեկությունը։ Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հնդկաստանն ամենախիստը դատապարտեց Ադրբեջանին: Իսկ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեւալն օրերս հայտարարեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին մեր մշտական ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները եւ պահպանի հրադադարը։ Ընդհանրապես, ԱԽ նիստում Հնդկաստանն ամենախիստն է դատապարտել ագրեսորին. մեր դիրքորոշումն աներկբա եւ հստակ էր»։ Ակնհայտ է, որ հայ- հնդկական հարաբերություններում նոր իրողություններ են ի հայտ գալիս, որոնց վերաբերյալ զրուցել ենք Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ։

- Պարոն Մարտիրոսյան, կարո՞ղ է Հայաստանը Հնդկաստանի հետ ավելի սերտացնել հարաբերությունները՝ ընդհուպ մինչեւ ռազմավարական դաշնակցի մակարդակով։

- Ես կարծում եմ՝ «ռազմավարական» բառը մի փոքր զգուշությամբ է պետք օգտագործել։ Այս ռազմական համագործակցության հիմքերը դրվել են տարիներ առաջ, եւ թող շատ բարձրագոչ չհնչի` 2017 թվականից այդ աշխատանքներն ակտիվացան, երբ ինձ հանձնարարություն տրվեց, կոնկրետ խնդիրներ դրվեցին դեսպանության առջեւ, եւ դրա առաջին արդյունքը եղավ 2019 թվականին կնքված պայմանագիրը։ Բնական է՝ այստեղ, բացի քաղաքական կոմպոնենտից, կա նաեւ այն հանգամանքը, որ Հնդկաստանը հետապնդում է իր շահերը, այսինքն՝ բացի առեւտրական, արտահանման հարցերից, ցանկանում է նաեւ իրեն դրսեւորել որպես ռազմարդյունաբերական երկիր: Զենք արտահանող խոշոր երկրներից մեկն է ուզում դառնալ, ինչն իրեն անհրաժեշտ է global power (գերտերություն` Կ. Ս.) դառնալու տեսակետից, եւ այս պահին քաղաքական քամիները բարենպաստ են։ Բայց, կրկնում եմ, ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին խոսելը, ես կարծում եմ, փոքր-ինչ վաղաժամ է, որովհետեւ հնդիկներն այդ բառին, այդ գաղափարին լուրջ իմաստ են տալիս։ Շատ հաճախ եթե որոշ երկրներ այդ համագործակցությունը կարող են շատ հեշտությամբ կոչել ռազմավարական, ապա հնդիկներն ավելի զգույշ են: Թեեւ ես կարծում եմ, որ այս պահին, հաշվի առնելով ընդհանուր քաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում, մեր շահերը համընկել են, եւ այս պահը պետք է օգտագործել։ Հիմքերը դրված են, պետք է դա շարունակել զարգացնել։

- Հնդկաստանի հետ հարաբերությունները միայն զենք-զինամթերքի գնմա՞ն տեսանկյունից կարելի է զարգացնել։

- Ինչո՞ւ միայն զենքի գնման, մենք ունենք բավականին համապարփակ համագործակցություն նաեւ այլ բնագավառներում։ Իհարկե, այդ connectivity-ն երկու երկրների միջեւ լուրջ խոչընդոտ է, բայց, այնուամենայնիվ... Այլ բնագավառ վերցնենք՝ կրթության բնագավառը։ Դուք գիտեք՝ հազարավոր հնդիկներ սովորում են Հայաստանի բուհերում, եւ ես միշտ պնդել, հետամուտ եմ եղել այդ բնագավառին, որն ունի մեծ ներուժ, առավել եւս՝ ներկա զարգացումների կոնտեքստում։ Ընդունող ամենամեծ շուկան եղել է Ռուսաստանը, նաեւ՝ Ուկրաինան, եւ այս պարագայում հնարավորություններ են բացվում՝ Հայաստանում ամրապնդել դիրքերը նաեւ կրթական համագործակցության բնագավառում։ Հնդկաստանն այն երկիրն է, որի հետ պետք է հետամուտ լինել բոլոր բնագավառներում։ Օրինակ, ինձ իմ աշխատած ժամանակ հաջողվեց կազմակերպել ալկոհոլային խմիչքների արտահանում Հայաստանից՝ գինու եւ կոնյակի, թե հիմա ինչ վիճակում է գտնվում` 2 տարի է անցել, ճիշտ ասած՝ տեղյակ չեմ։ Շատ ծանր աշխատանք էր՝ հաշվի առնելով շուկայի սպեցիֆիկան։ Այսինքն՝ ցանկացած բնագավառ հետաքրքրություն է ներկայացնում, ուղղակի մնում է, որ մեր գործարարները, ովքեր, իմ կարծիքով, այդ շուկան թերագնահատում են, եւ մի փոքր էլ վախ կա, որովհետեւ շուկան իր սպեցիֆիկայով մի փոքր բարդ շուկա է, հեշտ չէ մտնել՝ ի տարբերություն մյուս շուկաների՝ Էմիրություններ, Եվրամիություն, անգամ Չինաստանի հետ համեմատած ունի իր յուրահատկությունները, բայց եկեք չմոռանանք, որ գրեթե 1.4 միլիարդանոց շուկա է, աճող շուկա է, պետք է անպայման այդ հնարավորություններից օգտվել։

-  Արդյոք Հնդկաստանն Ադրբեջանին, Թուրքիային իր համար սպառնալի՞ք է համարում՝ հաշվի առնելով, որ այս երկրները մշտապես աջակցում են Պակիստանին։

- Ես այդպես չէի ձեւակերպի, որ սպառնալիք են, քանի որ, եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը Հնդկաստանի հետ քաղաքական հարաբերություններ ունի, դեսպանություններ ունեն։ Եթե նայեք ներդրումները Հայաստանում եւ Ադրբեջանում (2 տարվա տվյալներով եմ ասում եւ չեմ կարծում, որ շատ լուրջ բան է փոխվել), ներդրումներն Ադրբեջանում շատ ավելի շատ են, քան Հայաստանում, եւ ընդհանրապես՝ տարածաշրջանում ամենից խոշոր ներդրումը Հնդկաստանն իրականացրել է հենց Ադրբեջանում` նավթային բիզնեսում։ Այսինքն՝ Ադրբեջանին համարել Հնդկաստանի համար թշնամի կամ հակառակորդ երկիր՝ չի կարելի, այստեղ ուղղակի տարբեր խնդիրներ ծագում են ժամանակ առ ժամանակ՝ կախված նրանից, թե Պակիստանը որքանով է ակտիվանում, որքանով է Պակիստանին պատրաստ լինում աջակցել Թուրքիան, եւ Ադրբեջանը, որպես հետեւանք, ստիպված է լինում աջակցել եւ իր համերաշխությունը հայտնել ոչ այդքան Պակիստանին, որքան՝ Թուրքիային։ Իրենք 3 երկրներով ունեն տարբեր համագործակցություններ, Պակիստանն Ադրբեջանի հետ ունի երկկողմ համագործակցության լայն ծրագիր։ Այդ լարվածությունը Հնդկաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորված է նաեւ Թուրքիայի ակտիվությամբ, թե որքանով է նա աջակցում Պակիստանին։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ Հնդկաստանի համար չափազանց կարեւոր է Աֆղանստանի հանգամանքը, իսկ Թուրքիայի դերն Աֆղանստանում կտրուկ բարձրացել է։ Այսինքն՝ այստեղ Հայաստանը ռազմաքաղաքական առումով այդքան մեծ նշանակություն չունի, որքան ավելի լայն դիտարկելով տարածաշրջանը... Հնդկաստանը որոշակի ուշադրություն եւ զգուշավորություն դրսեւորում է, որովհետեւ Թուրքիայի դերակատարումն Աֆղանստանում մեծացել է, եւ Հնդկաստանը դա չի կարող անտեսել։

- Ադրբեջանը Հայաստանին նորանոր պահանջներ է ներկայացնում, լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ կա։ Հնդկաստանն իր ներուժով, հեղինակությամբ կարո՞ղ է հօգուտ Հայաստանի նշանակալի ազդեցություն ունենալ։

- Ես չգիտեմ, թե Դուք ինչ նկատի ունենք «նշանակալի» ասելով, որովհետեւ այդ բառը տարբեր մեկնաբանություններ կարող է ունենալ։ Իր քաղաքական կշռով՝ կոչեր, հորդորներ Հայաստանին ու Ադրբեջանին, իհարկե, հնարավոր են, բայց միեւնույն ժամանակ չի կարելի չափազանցնել այդ դերակատարումը։ Ես էլի եմ ասում՝ երբեք պետք չէ համարել, որ Հնդկաստանն Ադրբեջանին դիտարկում է որպես թշնամի։ Ոչ: Ուղղակի կա վստահության պակաս։ Եթե հայ-հնդկական հարաբերություններն 1991 թվականից կառուցվել են փոխադարձ վստահության վրա, ապա Ադրբեջանի հետ կապված՝ պայմանավորված Պակիստանով ու Թուրքիայով, կա որոշակի վստահության պակաս, բայց սա դիտարկել որպես կարեւոր ռազմաքաղաքական գործոն, ես մի փոքր զգույշ կլինեի։