Ալիեւն ադրբեջանցի հերոսներ է կերտում, Փաշինյանը ոչնչացնում է հայ հերոսներին

Ալիեւն ադրբեջանցի հերոսներ է կերտում, Փաշինյանը ոչնչացնում է հայ հերոսներին

Ադրբեջանցին ուղիղ եթերում ասել է, որ ինքը դավաճան չէ, ինքը հայի արյուն է թափել: Ադրբեջանում հայի արյուն թափելը խրախուսվում է պետականորեն, հայի արյուն թափողը`հայ սպանողը, արդեն հերոս է: Ամենահայտնի «հերոսը», իհարկե, Ռամիլ Սաֆարովն է, ով կացնահարեց քնած Գուրգեն Մարգարյանին: Բայց նա միակը չէ: 2010 թվականին Մուբարիզ Իբրահիմովը գիշերվա քողի տակ մտել էր հայկական բլինդաժ եւ սպանել քնած չորս հայ զինվորի, վիրավորել եւս չորսի: Նա սպանվեց հայ զինվորների կողմից, բայց Իլհամ Ալիեւը նրան շնորհեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:

Ադրբեջանում արդեն 30 տարի եւ ավելի քարոզվում է ատելություն հայերի նկատմամբ: Թշնամուն հաղթելու համար պետք է նրան ատես. սա է ընկած ադրբեջանական քարոզչության հիմում: Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ատելության քարոզը չի դադարում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը 2020-ի հաղթանակը վերջնական չի համարում, որ նրանք ծրագրում, նախապատրաստում են նոր հաղթանակ:

Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ պետականորեն ոչ միայն ատելության քարոզ չկա, այլեւ հակառակը՝ Փաշինյանի եւ նրա կնոջ կողմից իրականացվում է հաշտեցման, բարիդրացիության, խաղաղության, եթե կուզեք՝ հնազանդության քարոզ: Պատերազմից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ պետք է այնպիսի խաղաղություն, այնպիսի փոխզիջում, որը կբավարարի-կհամապատասխանի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերին: Փաշինյանը հայ հասարակությանը քարոզում էր, որ Ադրբեջանի ժողովուրդը մեր թշնամին չէ, որովհետեւ թշնամու շահերը հաշվի չեն առնում, թշնամու շահերը չեն պաշտպանում, թշնամուն ոչնչացնում են: Նույնն էր անում նաեւ վարչապետի կինը, ով ուզում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Իլհամ Ալիեւի կնոջ հետ եւ նրան հրավիրում էր Շուշի՝ թեյախմության: Որեւէ մեկը թշնամու հետ թեյ չի խմում կամ նրա հետ երաժշտություն չի լսում: Նրանք՝ ի դեմս Ադրբեջանի ղեկավարության եւ Ադրբեջանի ժողովրդի, փորձում էին ձեւավորել բարեկամի կերպար: Իսկ ինչպե՞ս կռվես կամ՝ ինչպե՞ս սպանես բարեկամին:

1991-1994 թվականների հայ-ադրբեջանական պատերազմում մեր տարած հաղթանակի պատճառներից մեկն էլ այն էր, որ խորհրդային-խորհրդահայ քարոզչությունը հայ ժողովրդի մեջ՝ ի դեմս թուրքերի, ձեւավորել էր ատելի թշնամու կերպար: Խորհրդահայ գրողներն ու բանաստեղծները` Սեւակը, Շիրազը, Խաչիկ Դաշտենցը եւ մյուսները, հայ ժողովրդի մոտ՝ ի դեմս թուրքի, թուրք զինվորի, ձեւավորել էին արյունարբու մարդակերի կերպար, որը միայն մի նպատակ ունի՝ սպանել հայ կնոջն ու երեխաներին, ավիրել հայերի տներն ու սրբությունները, տիրանալ հայկական հողին, միայն մեկ հայ թողնելով, այն էլ՝ թանգարանում: 1990-91 թվականներին, երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը, տասնյակ հազարավոր հայեր, այդ թվում՝ համալսարանականներ, մտավորականներ, առանց որեւէ կոչի կամ հորդորի զենք վերցրին, որ թույլ չտան երկրորդ ցեղասպանություն, որ վրեժ լուծեն նախորդ սերունդների ցեղասպանության, անարգանքի ու ստորացման համար:

Ճիշտ է՝ Խորհրդային Միությունը, իր աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով, բայց հայ ժողովրդին սովորեցրել էր ատել իր թշնամուն, թուրքին եւ Թուրքիային, իսկ մեր հանրային գիտակցության մեջ Ադրբեջանն ու ադրբեջանցին նույնականացված էին թուրքի հետ: Խորհրդահայ մարդը հաղթեց թուրքին, քանի որ ավելի շատ էր ատում իր թշնամուն, քան թուրքը՝ մեզ, չնայած այնտեղ եւս հակահայկական տրամադրություններ կային, ինչի ապացույցը հայերի ջարդերն ու կոտորածներն էին տարբեր քաղաքներում:

Փաշինյանի գլոբալիստական, ծայրահեղ լիբերալիստական գաղափարախոսությամբ ուղղորդվող իշխանությունը չի կարող թույլ տալ, որ հայ ժողովուրդն ունենա թշնամու կերպար եւ ատի իր թշնամուն: Նույնիսկ երբ ադրբեջանցիները շարունակում են գրավել Հայաստանի տարածքները, երբ շարունակում են սպանել հայ զինվորներին ու խաղաղ բնակիչներին, Փաշինյանը հայտարարում է, որ չպետք է շեղվել խաղաղության օրակարգից, թուրքերին թշնամի չի կարելի համարել: Նա չի էլ կարող շեղվել այդ օրակարգից, քանի որ այդ օրակարգը ոչ թե իրենն է, այլ իրեն թելադրվում է դրսից: Ինքը գիտի, որ գլոբալիստական օրակարգից ցանկացած շեղում իրեն կարող է արժենալ իշխանության կորուստ․ իրեն նշանակողները նույն հեշտությամբ կազատեն աշխատանքից: Իրեն կարող են հեռացնել գործից եւ իշխանությունը հանձնել ավելի նվիրյալ գլոբալիստի, ավելի հավատավոր թրքասերի:

Ադրբեջանում հայերի կողմից սպանված զինվորականները եւ առավել եւս՝ հայ սպանածները, հերոսներ են, նրանց հերոսացնում են պետականորեն: Մինչդեռ Հայաստանում հիմա չկա որեւէ կենդանի կամ զոհված հերոս: Հայաստանում հերոսությունը չի խրախուսվում կամ քարոզվում, ընդհակառակը՝ հերոսի շիրիմի մոտ կանգնած իշխանության ներկայացուցիչը հայ ժողովրդին հռչակում է դասալիք ու վախկոտ: Թուրքի եւ ադրբեջանցու հետ խաղաղության կամ, ավելի ճիշտ՝ հպատակության օրակարգը չի կարող ենթադրել հերոսների առկայություն: Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից հերոս հրամանատարների այն մասը, որը չհամաձայնեց ծառայել գլոբալիստական իշխանություններին, տարբեր մեթոդներով ոչնչացվեց․ Մանվել Գրիգորյան, Ռուստամ Գասպարյան, Արկադի Տեր-Թադեւոսյան: Մյուսները, ովքեր գլոբալիստական հեղաշրջումն ավելի բարձր արժեք հռչակեցին, այն էլ՝ Արցախն ու արցախյան պայքարը հրապարակավ նսեմացնելու միջոցով, ծառայության վերցվեցին նոր իշխանությունների մոտ․ Սասուն Միքայելյան, Ռազմիկ Պետրոսյան, Մելիքսեթ Պողոսյան եւ այլք: Մյուսները, զգալով իրենց գլխին գալիքը, չցանկանալով ո՛չ ծառայել, ո՛չ սպանվել, գերադասեցին լուռ հեռանալ քաղաքական, հանրային դաշտից, ինչպես Արցախի կռված գեներալները: Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է մերօրյա հերոսներին՝ կալանավորելով ու քրեական հետապնդումների ենթարկելով հայրենիքին անմնացորդ նվիրված ու ծառայած այնպիսի զինվորականների, ինչպիսիք են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Փաշինյանն ընդամենը ուզում է ցույց տալ, որ ինքը ցանկացած հերոսի կարող է դարձնել դավաճան, հող հանձնող կամ պարզապես՝ պետական միջոցները թալանած շարքային գող:

Հայի արյունը թափելու մասին հայտարարող ադրբեջանցին, հաստատ, երկրի իշխանությունների կողմից կհայտարարվի հերոս, եւ Ալիեւն ամեն ինչ կանի նրա ազատությանը հասնելու համար: Իսկ Փաշինյանը, հաստատ, կաջակցի ադրբեջանցու ազատ արձակմանը, գուցե փոխանակելով մեր՝ որեւէ ադրբեջանցու չսպանած եւ իշխանության անմեղսունակության պատճառով գերության մեջ հայտնված մեկի հետ: Դե հո չի՞ թողնելու, որ ադրբեջանցի հերոսը մնա հայկական գերության մեջ, ձեռքի հետ էլ ցույց կտա, որ հայ գերիներից մեկին ազատեց:

Ավետիս Բաբաջանյան