Բացվեց խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը

Բացվեց խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը

Խելացի լուծումների կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունները:
4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում պահանջված են դառնում այն մասնագիտությունները, որոնք մինչ այժմ գոյություն չունեին, իսկ համաձայն ուսումնասիրությունների՝ դպրոցական երեխաների 65%-ն աշխատելու է մասնագիտություններով, որոնք այսօր դեռեւս գոյություն չունեն։ Այս իրավիճակը Հայաստանի համար շատ լավ առիթ է՝ դիրքավորվելու տնտեսության նոր առաջացող ճյուղերում, որտեղ ստեղծվում է մեծ հավելյալ արժեք։ Էականորեն բարձրանում է հիմնարար կրթության դերը եւ մի քանի հարակից մասնագիտությունների տիրապետելու ինժեներների կարողությունը։ Իր հերթին տնտեսության բոլոր ճյուղերում եւ պետական հատվածում թվայնացումը եւ բարձր տեխնոլոգիաների զանգվածային օգտագործումն առաջացնելու են այդ ճյուղերում աշխատող մասնագետների նկատմամբ նոր պահանջներ։ 

«Թվայնացումը բերում է գործունեության փոխակերպման՝ կյանքի անխտիր բոլոր ոլորտներում:  Արձագանքելով զարգացման գլոբալ միտումներին ու նաեւ նախահարձակ լինելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս կենտրոնի ստեղծմանը: Հեռահաղորդակցությունն ընթանում է դեպի  թվային էկոհամակարգերի զարգացում: Բաժանորդը գնալով ավելի շատ թվային սարքերից ու ծառայություններից է օգտվում: Անհատների ու ձեռնարկությունների մոտ անհրաժեշտություն է առաջանում կապված լինել ավելի ու ավելի շատ սարքերի, ծառայությունների, մատակարարների ու հաճախորդների հետ: Գործընթացների թվայնացումը, գերավտոմատացումը, տվյալների վերլուծությունն ու այս ամենի արդյունավետ կառավարումը պահանջում են նոր որակներ: Աշխատաշուկա է մտնում նոր՝ «Z» սերունդը՝ 90-ականների երկրորդ կեսից հետո ծնվածները, որոնք պետք է կարողանան ստեղծագործել ու ազգային արժեք ստեղծել նոր՝ փոխկապակցված ու թվայնացված աշխարհում: Հետեւաբար՝ այս սերունդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության  ներքո է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի լուծումների կենտրոնը հարթակ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր մարտահրավերներ: Կենտրոնն ունենալու է երեք ուղղվածություն. առաջինը՝ մագիստրոսական ծրագիր, երկրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ծրագիր, եւ երրորդը՝ միջմասնագիտական վերապատրաստում:

Այս կենտրոնը վառ օրինակ է մասնավոր ընկերությունների եւ բուհի համագործակցության, եւ կարծում ենք, որ կարելի է այս համագործակցությունը տրանսֆորմացիա անել՝ մասնավոր-բուհ-պետություն համագործակցության: Խելացի լուծումների կենտրոնը հանդիսանում է «Silicon Mountains» մեծ նախագծի կրթական հատվածը»,- ասել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Այդ մարտահրավերներին լավագույնս դիմակայելու եւ հնարավորություններից օգտվելու համար շատ կարեւոր է կրթական համակարգի եւ հատկապես բուհերի տրանսֆորմացիան՝ նոր տիպի կրթական մոդելներին համապատասխան։ Այս ճանապարհին մեծ կարեւորություն է ստանում կրթություն-արտադրություն եւ պետական-մասնավոր հատված համագործակցությունը։ 
Խելացի լուծումների նորաբաց կենտրոնն այդ համագործակցության արդյունքն է եւ մասնավոր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակը։
Խելացի լուծումների կենտրոնում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական, մասնագիտական վերապատրաստման, միջմասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իսկ հետագայում կենտրոնը կհամալրվի նաեւ բակալավրիատի ծրագրերով, գիտահետազոտական աշխատանքներով եւ ստարտափ էկոհամակարգով։ 
Այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած երկու լսարան, որոնցից յուրաքանչյուրում գործում է երեք լաբորատորիա․
•  Կիբերանվտանգություն
•  Միկրոէլեկտրոնիկա
•  ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ։

Ծրագրերը կունենան տեսական, գործնական եւ գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։ Խելացի լուծումների կենտրոնում 3-4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 15-20 լսարան եւ հագեցած ժամանակակից լաբորատորիաներ, ուսումնական պրոցեսում ներդնել ժամանակակից բովանդակություն, վերապատրաստել ՀԱՊՀ դասախոսներին։ Նախատեսվող ուղղություններն են՝ կիբերանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, իրերի համացանց (ներառյալ խելացի քաղաք, խելացի տուն), գերժամանակակից կապ, ինքնակառավարվող սարքեր, տվյալագիտություն եւ այլն: