Մի «չտեսնված» տեղեկանքի պատմություն

Մի «չտեսնված» տեղեկանքի պատմություն

Նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմության հարցը շարունակում է մնալ օդում կախված խնդիրների շարքում։ Բանն այն է, որ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Մինչդեռ Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ՝ 2006-2007 թվականներից սկսած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը զուգահեռ ունեցել է նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։ Եվ որպեսզի Արմեն Սարգսյանն իրավունք ունենար ընտրվելու Հայաստանի նախագահ, ապա նա առնվազն 2012 թվականի ապրիլի 9-ից սկսած, չպետք է ունենար որեւէ այլ պետության քաղաքացիություն, բացի Հայաստանի Հանրապետությանից։

Սակայն Արմեն Սարգսյանն այդպես էլ հանրությանը փաստաթուղթ չի ներկայացրել բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Նա մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը 2011 թվականին դիմել է Մեծ Բրիտանիայի պատկան մարմնին՝ քաղաքացիությունից դուրս գալու հարցով։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ Սարգսյանը երբեք չի ասել, որ ինքը 2011 թվականից Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, այլ խոսել է ընդամենը դիմում տալու մասին։
Մի ուշագրավ փաստ եւս. Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում այլ պետության քաղաքացի լինելու հարցին պատասխանել է, որ ինքը 2011թ. դեկտեմբերին դիմում է գրել։ Այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Ինչո՞ւ այդ դիմումն այնտեղից չեք վերցնում, հրապարակում, տեղեկանք բերում, որ Դուք այդ երկրի քաղաքացի եք կամ քաղաքացի չեք, եւ բոլոր այս խոսակցությունները կդադարեն։ Երկու ամիս է՝ այս խոսակցությունը գնում է, Դուք ասում եք՝ իրավաբանների հետ խորհրդակցեմ, այնպիսի տպավորություն է, որ Դուք այդ հարցում Ձեզ մեղադրյալի կարգավիճակում եք զգում եւ փաստաբանական համաշխարհային գրասենյակներից եք օգտվում՝ ինչ խոսեք։ Տեսեք, Դուք ասում եք սխալի մասին, բայց մամուլում հրապարակում կա, որ Դուք եք ստորագրել։ Կա պարզ գործողություն՝ այդ թուղթը բերեք-հրապարակեք, վերջացնենք։ Ու սա միայն հիմա չի Ձեզ հետապնդելու, անընդհատ հետապնդելու է։ Ինչո՞ւ չեք հրապարակում»։

Փաշինյանն իրավացի էր, փաստաթուղթը չհրապարակելու փաստն ու դրանից բխող ենթադրությունները Արմեն Սարգսյանին շարունակում են հետապնդել մինչ օրս: Զարմանալին այն է, որ այդ դիմումը չհրապարակվեց նաեւ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո: Նա սահմանափակվեց ընդամենը 2018թ. ապրիլի 27-ին Ֆեյսբուքում արված մի գրառմամբ, թե «պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաեւ փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։ Մինչդեռ որոշ ժամանակ առաջ պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերից հետո այնպիսի փաստաթղթեր է ստորագրել (հիմնականում՝ հարկային), որոնք նա կարող էր անել բացառապես որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Արմեն Սարգսյանն այդ փաստերը չի ժխտել եւ ասել է. «Այո, այդ փաստաթղթի տակ կա իմ ստորագրությունը, այդ փաստաթուղթը փաստացի այն մասին է, որ այդ ընկերությունը գտնվում է սառեցված վիճակում, այդ փաստաթուղթը նրա մասին չէ՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Ստորագրելիս ես չեմ էլ կարեւորել՝ ես քաղաքացի եմ, թե ոչ։ Դա էական չէ ընդհանրապես»։ Արմեն Սարգսյանի կողմից իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին կցկտուր պատասխաններն ու Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ոչ հատուկ համեստ արձագանքը հուշում են, որ ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը, մեղմ ասած, անկեղծ չեն հանրության հետ։

Փաստերի համադրությունը հիմք է տալիս պնդելու, որ Արմեն Սարգսյանը ոչ միայն 2011 թ․ դուրս չի եկել մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, այլ նաեւ մինչեւ 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները, իր գրպանում ունեցել է Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր եւ մոտ մեկ տասնյակ արտասահմանյան ուղեւորություն է կատարել, այդ թվում՝ Ամերիկա եւ Ասիա, հենց Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագրով։ Այսինքն` ինքը եւս այս ողջ ժամանակահատվածում ոչ միայն փաստաթղթեր է ստորագրել, այլ նաեւ օգտվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքներից, տվյալ դեպքում՝ համապատասխան երկրներ առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու իրավունքից։ Գուցե Արմեն Սարգսյանն իր փաստաբանական գրասենյակին բանավոր ասել է, որ կազմեն քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը։ Սակայն, ինչպես հետագայում պարզվել է, այդ դիմումը չի կազմվել, հետեւաբար, Արմեն Սարգսյանն այդ դիմումը չի ստորագրել, հետեւաբար, պատկան մարմին այդ դիմումը չի ուղարկվել, հետեւաբար, Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս չի եկել։

Մեկ այլ վարկածով՝ դիմումը կազմվել է, Արմեն Սարգսյանը ստորագրել է, սակայն այն պատկան մարմին չի ուղարկվել։ Իրականում փաստաբանական գրասենյակի կողմից Արմեն Սարգսյանի քաղաքացիությունից դուրս գալու դիմում կազմվել եւ պատկան մարմնին է ներկայացվել միայն 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եւ նա քաղաքացիությունից դուրս է եկել 2013 թվականի հունվարին։ Եվ հարց է ծագում․ իսկ ի՞նչ փաստաթուղթ է Արմեն Սարգսյանը ցույց տվել Նիկոլ Փաշինյանին։

Ըստ հավաստի տեղեկությունների, այդ փաստաթղթի բնօրինակը կազմվել է Հայաստանում, հայերեն եւ հետագայում է թարգմանվել։ Այդ փաստաթղթի բովանդակությունն այն է, որ Արմեն Սարգսյանի փաստաբանական գրասենյակը հավաստում է, որ Սարգսյանից ստացել է պատվեր կազմելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմում, եւ որ իրենք դա կազմել են 2011 թվականի նոյեմբերին: Սա է գրության բովանդակությունը, ուրիշ ոչինչ։ Այսպիսով` վերոգրյալից պարզ է դառնում, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, ընտրվել է Սահմանադրության խախտմամբ, հետեւաբար, պետք է պաշտոնանկ արվի։