Տարբեր առաջնահերթությունների դաշնակցություն․ Կոմերսանտ

Տարբեր առաջնահերթությունների դաշնակցություն․ Կոմերսանտ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրան, ի թիվս ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միջոցառման տեղեկատվական ֆոնը Հայաստանի իշխանությունների տեսանկյունից ամենահաջողը չէր, գրում է «Կոմերսանտ»-ը։ Նախօրեին ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն ասել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որում Հայաստանն առաջին հերթին հույսը դնում է ՀԱՊԿ-ի աջակցության վրա, «կազմակերպության իրավասությունների մեջ չի մտնում»։ Ավելի վաղ նման մտքեր էր հայտնել Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Սակայն «Կոմերսանտի» երեւանյան զրուցակիցները շարունակում են դաշնակիցներից ակնկալել «հստակ դիրքորոշում՝ հիմնված ՀԱՊԿ կանոնադրության վրա»։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները, որոնց թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, Երևանում հավաքվել են կազմակերպության նպատակների վերաբերյալ շատ տարբեր տեսլականներով, գրում է պարբերականը և նշում, որ նման եզրակացության կարելի է հանգել հայ, ռուս և բելառուս քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններից։

«Ադրբեջանի չարդարացված և չսանձազերծված ագրեսիան հանգեցրեց Հայաստանի տարածքի մի մասի օկուպացմանը՝ պատճառելով զգալի ավերածություններ, մահ և տառապանք խաղաղ բնակչությանը։ Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել այս երկրի՝ Հայաստանի այլ տարածքների նկատմամբ հավակնություններին։ Մենք ակնկալում ենք, որ այսօր, ի դեմս նոր սպառնալիքների, միջազգային հանրությունը արդարացիորեն կգնահատի մեր երկրում տիրող իրավիճակը՝ դատապարտելով Հայաստանի տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքերը»,- նոյեմբերի 19-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնում է «Կոմերսանտ»-ը։

Հոդվածում նշվում է, որ ՀՀ իշխանությունները այս հարցում աջակցություն են սպասում ՀԱՊԿ երկրներից, քանի որ այս կազմակերպության կանոնադրությամբ հնարավորություն կա արտաքին ագրեսիայի դեպքում դիմել դաշնակիցների օգնությանը։ Մինսկում «Կոմերսանտ»-ի զրուցակից, քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը, ով հաճախ է արտահայտում իշխանությունների տեսակետը, գործնականում կրկնել է սենատոր Կոսաչովի ասածը. «Եթե ՀԱՊԿ-ը հանդես գա ի պաշտպանություն Հայաստանի, ապա հակամարտությունը կսրվի, քանի որ նույնիսկ Ղարաբաղից դուրս տեղի ունեցող իրադարձությունները դեռևս կապված են Ղարաբաղյան հիմնահարցի հետ։ Հայաստանը պետք է խաղաղ համաձայնագիր կնքի Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանը նման մեթոդներով ճնշում է գործադրում Երեւանի վրա։ Առայժմ, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ շատ դանդաղ է ընթանում, այդ թվում՝ հայկական կողմի դիրքորոշման պատճառով»։

ՀԱՊԿ երկրների մյուս մայրաքաղաքներում նույնպես հեռու են մնում Հայաստանին պաշտպանելու լայնածավալ քայլերից։ «Ինչ վերաբերում է Ղազախստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշմանը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հակամարտության վերաբերյալ, այն անփոփոխ է»,-այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի միջազգային, անվտանգության ու պաշտպանության հարցերով կոմիտեի քարտուղար Յուլիա Կուչինսկայան։ Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Երևանը շարունակում է հուսալ, որ բուն գագաթնաժողովում կամ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններում (նախատեսված է երկկողմ հանդիպում) ինչ-որ հաստատող, հուսադրող բան կհնչի։

«Հուսով եմ, որ ՀԱՊԿ-ն ի վերջո կօգտագործի իր բոլոր գործիքները՝ կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու և երաշխավորելու համար»,- ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը,- «Բայց այստեղ շատ բան կախված է Հայաստանի իշխող վերնախավից, գործընկերների հետ աշխատանքի որակից»։ Ըստ Մամիջանյանի, հայկական դիվանագիտության բազմաթիվ ձախողումներ կապված են հենց իշխանությունների ապաշնորհության հետ, որոնք տեղավորվում են Բաքվի քաղաքականության մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքերում յուրօրինակ լավատեսություն կար, նկատում է պարբերականը. «Թեև Դաշնության խորհրդի փոխվարչապետ Կոնստանտին Կոսաչովը «փորձառու և հարգված քաղաքական գործիչ է», նա չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ ավելի լավ է կենտրոնանալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և ՌԴ նախագահի վարչակազմի հայտարարությունների վրա: Եթե այդ կառույցների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարություն անեն, ապա պետք է ակնկալել արձագանք»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Արսենյանը։

«Առաջին հերթին մենք ակնկալում ենք հստակ դիրքորոշում մեր դաշնակիցներից։ Ոչ թե լղոզված դիրքորոշում, ոչ թե բառերով ծածկված անորոշություն, այլ հստակ դիրքորոշում՝ հիմնված ՀԱՊԿ կանոնադրության վրա»,- ընդգծել է իշխանական պատգամավորը և հավելել,- «Այս հարցում անորոշությունը կարող է օգտագործվել որոշ քաղաքական և ոչ քաղաքական ուժերի կողմից՝ հայ հասարակության մեջ որոշակի բացասական տրամադրություններ առաջացնելու և կազմակերպությանը վարկաբեկելու համար»։