Թե ինչպես առանց պլատայի S-300-ով խոցել «կուկուռուզնիկ»

Թե ինչպես առանց պլատայի S-300-ով խոցել «կուկուռուզնիկ»

Հայերի նման անլուրջ, իրենց իսկ ողբերգությունը չգիտակցող ազգ մեկ էլ երեւի եղել է Մարսի վրա: Հասկանալի է, որ այդպիսի «բացառիկ» հատկանիշներով օժտված ազգերը կենսունակ չեն կարող լինել, այդ իսկ պատճառով վերացել են ու այդ գեղեցիկ մոլորակը դառնա անմարդաբնակ:
Լրահոսից տեղեկանում ենք, որ դատախազությունը կասեցրել է հրթիռներից ոսկյա պլատաներ հափշտակելու գործը: Հենց այստեղ էլ պետք է դրվեր հաղորդագրության վերջակետը, մինչդեռ տրվել է կասկածահարույց մի բացատրություն. «քանի որ հայտնի չէ մեղադրյալը»: Եթե վերջակետը ճիշտ տեղում դրված լիներ, ապա կարելի էր հպարտության զգացողություն ունենալ՝ իրավապահ համակարգի այդ կարևոր կառույցի կոմպետենտության բարձր մակարդակի համար: Բայց անլրջացել են ու «քար գցել» մյուս, ոչ պակաս կարևոր կառույցների՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի «բախչաները»…

ԱՄՆ մի հեղինակավոր հետազոտական կենտրոն պատրաստել է հետաքրքիր զեկույց, որը պարունակում է նաև արցախյան պատերազմի համառոտ նկարագրությունը: Դժվար է հավատալ, որ այդպիսի որակյալ ու տեղեկատվական զեկույց պատրաստված լինի նաև ՀՀ ինչ-որ կառույցում: Բայց սա այլ հարց է:

Բերված գծապատկերն այդ զեկույցից է: Ինչպես երևում է դրանից, խորհրդային Ан-2-ը (որը հայտնի է նաև «կուկուռուզնիկ» անվանմամբ) վերափոխվել և դարձել է ԱԹՍ (հագեցված ISR-ով (Intelligence, Surveillance, Reconnaissance))՝ որպես խայծ հանդես գալու համար, խոցվում է հայկական S-300-ով, իսկ Harop (կարծես, դրան անվանում են նաև «կամիկաձե») ԱԹՍ-ն, ստանալով բացահայտված S-300 կոորդինատները՝ խոցում է վերջինիս:

Փաստորեն, պլատայազերծ հայկական հակաօդային պաշտպանության համակարգերը մարտունակ են նաև առանց պլատաների: Հետևաբար, դատախազությունը կարող էր շարունակել գործի կասեցմանն առնչվող իր մեկնաբանությունը. «պլատաների գողությունը որևէ կերպ չի ազդել հրթիռների մարտունակության վրա…»

Հ.Գ. Մի շատ հայտնի քաղաքական գործիչ հաճախ է օգտագործում «լրջանալու պահը» արտահայտությունը: Ավելին, «ճարահատյալ», վերջերս նա նույնիսկ որո­շա­կիացրեց լրջանալու չափը. «եկել է հազարապատիկ ավելի լրջանալու պահը»: Չգիտես, թե ինչու, թվում է, թե այդպիսի պահի անհրաժեշտություն հայերը երբևէ չեն էլ զգացել: Նրանք լուրջ չեն վերաբերվել նաև հակառակորդի ռազմական մեծացող կարողություններին, ինչի համար 2005 թվականից մինչև 2020 թվականը ծախսվել է 34 միլիարդ դոլարից ավելի գումար՝ ապահովելով հակառակորդի տեխնոլոգիական բացարձակ գերազանցությունը, որն էլ իրացվեց պատերազմի առաջին փուլում՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում մարտերի ժամանակ: Իսկ սարերում և անտառապատ տեղանքում թեպետ հայկական ուժերն ունեցել են առավելություն, գուցե հոգեբանական (օրինակ՝ ԱԹՍ-երի գործոնով պայմանավորված, որոնք անտառապատ սարերում արդյունավետ չեն եղել) ընկճվածության կամ այլ պատճառներով չեն կարողացել շրջել երկրորդ փուլի ընթացքը: 

Գագիկ Վարդանյան