«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի թեկնածությունն առաջադրել են մի շարք նոբելյան մրցանակակիրներ

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի թեկնածությունն առաջադրել են մի շարք նոբելյան մրցանակակիրներ

Ինչպես հայտնի դարձավ օրերս, Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական եւ մարդասիրական գործունեության համար։ «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր եւ աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում»,- հայտնել են Վարդանյանի գրասենյակից։

Ռ․ Վարդանյանի թեկնածությունն առաջադրողների համար գնահատելի է համարվել նաեւ այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա հեղինակային խոշոր նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու եւ ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր, վտանգելով սեփական կյանքը, բարիք են գործում:

«Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրումն ինչքանո՞վ կօգնի ու կազդի այն իրավիճակի վրա, որում 2023թ․ սեպտեմբերի 27-ից ի վեր գտնվում է Ռուբեն Վարդանյանը։

«Կարծում եմ՝ Խաղաղության նոբելյան մրցանակին առաջադրելը նվազագույն քայլն է՝ արձանագրելու Ռուբենի այն հսկայական ներդրումը, որ ունեցել է մեր երկրի ու Արցախի պահպանման ուղղությամբ, ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչ արդյունքի է ինքը հասել։ Մարդիկ հասկանում են, որ այդ քայլերն ուղղված են եղել խաղաղության, մարդասիրության ապահովմանը, եւ բոլոր այն ծրագրերը, որ Ռուբեն Վարդանյանն իրականացրել է, ի վերջո, ուղղված են եղել մարդկանց։ Եվ անկախ նրանից՝ մենք խոսում ենք Հայաստանի, Արցախի, թե աշխարհի մասին։ Ռուբենի կատարած քայլը ոչ միայն Հայաստանի կամ Արցախի համար է ունիկալ, այլ նաեւ բացառիկ է համաշխարհային պատմության մեջ, եւ ես ուրախ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ նոբելյան մրցանակակիրները, այդ քայլը գնահատելով, առաջադրել են նրան Նոբելյան մրցանակի։ Թե ինչքանով դա կօգնի նրա ազատման գործընթացին, այս պահին չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ ավելի շատ կմեծանա համաշխարհային ճնշումն այն երկրի նկատմամբ, որն ապօրինաբար ձերբակալել է մի մարդու, որին տարբեր անհատներ, այդ թվում՝ նոբելյան մրցանակակիրներ, առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի։ Սա չափազանց ակնհայտ պարադոքս է, որին աշխարհը պետք է վերջ դնի, անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական շահեր կարող են լինել այդտեղ»,-ընդգծում է Ռ․ Հայրապետյանը։
Նոբելյան մրցանակի կոմիտեն հստակ սահմանում է, թե ովքեր իրավասություն ունեն թեկնածուներ առաջադրել: Մասնավորապես, առաջադրումներ կարող են անել Նոբելյան մրցանակի դափնեկիրները, տարբեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչներ, Հաագայի արդարադատության միջազգային դատարանի անդամներ, ակադեմիական շրջանակների անվանի մարդիկ եւ այլք: Թե ովքեր են համաշխարհային ճանաչում ունեցող անհատները, նոբելյան մրցանակակիրները, որ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ չի կարող անուններ ասել, բայց, ամենայն հավանականությամբ, հետագայում հայտնի կդառնան այդ մարդկանց անունները. «Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ ճնշում չգործադրվի համապատասխան կառույցների կողմից, որոնք աշխատում են՝ ներկայացնելով Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, եւ լավ կլինի, որ այդ մարդիկ զերծ մնան ճնշումներից»։           

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի առաջադրումը 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակին՝ հիստերիայի մեծ ալիք է առաջ բերել Ադրբեջանում։ Այս մասին նախօրեին ահազանգեց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը՝ մասնավորապես գրելով, որ ադրբեջանական մամուլը թիրախավորում է ոչ միայն Վարդանյանին, ում խնդիր է դրված ներկայացնել որպես «ահաբեկիչ», այլեւ դատապարտում են Արեւմուտքին՝ նման քայլի գնալու համար։ «Տարբեր մեկնաբաններ նշում են, որ այս մրցանակաբաշխությունը «կառավարվում է հայկական սփյուռքի կողմից», որ «չկա որեւէ սկզբունքայնություն այս միջոցառման վերաբերյալ»։ Ըստ ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի՝ այս առաջադրումը PR ակցիա է, որի նպատակը Վարդանյանի դուրսբերումն է Բաքվի բանտից, բայց իրենք չպետք է թույլ տան, որ դա տեղի ունենա։ Այս արձագանքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանում լուրջ անհանգստացել են այս թեմայի առթիվ։ Հույս ունեմ, որ հետագա զարգացումներն իրապես կօգնեն՝ եւս մեկ անգամ ցույց տալ, թե ինչպիսի պետություն է Ադրբեջանը, եւ ինչպես է այդ երկրի ղեկավարությունը փորձում խեղաթյուրել արցախյան ազատագրական շարժման ողջ էությունը։ Հույս ունեմ նաեւ, որ այս գործընթացը կհանգեցնի Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում ապօրինաբար պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակմանը»,- նշել է Տ․ Հայրապետյանը։