Ուշագրավ նրբություններ՝ իշխանական ցուցակից

Ուշագրավ նրբություններ՝ իշխանական ցուցակից
Արդեն իսկ հրապարակվեցին 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները։ Մասնակցում է, ինչպես արդեն հայտնի է, 11 քաղաքական ուժ․ «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Լուսավոր Հայաստան», Հայաստանի հանրապետական, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր», «Օրինաց երկիր», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները։ Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ պետք է նրանց ներկայացրած փաստաթղթերը ստուգի եւ գրանցի կամ մերժի գրանցումը, սակայն, քանի որ արդեն իսկ հրապարակվել են որոշ մասնակիցների ցուցակները, որոշ հետեւություններ կարելի է անել։ Բնականաբար, ամենահետաքրքիրն իշխանության ցուցակն է՝ «Իմ քայլը» դաշինքի, որը բաղկացած է 183 անունից՝ գումարած ազգային փոքրամասնությունների ցանկը, ինչն օրենքի պահանջն է․ Բակոյան Ռուստամ Զուրբայի - ՔՊԿ, եզդիական համայնք Սադիկով Ալեքսեյ Իվանի - անկուսակցական, ռուսական համայնք Միխայլով Արսեն Պետրովիչի - անկուսակցական, ասորական համայնք Հասանով Կնյազ Համիդի - անկուսակցական, քրդական համայնք։



Հիշեցնենք, որ մենք արդեն գրել էինք, որ եզդիական համայնքում լուրջ դժգոհություններ են հասունացել Բակոյանի թեկնածության առնչությամբ։ Նախկին խորհրդարանում համայնքի ներկայացուցիչը ՀՀԿ ցուցակով անցած Ռուստամ Մախմուդյանն էր։ «Քաղպայմանագիրը», փաստորեն, որոշել է ազատվել նրանից, սակայն վերցրել է անցած խորհրդարանի մյուս փոքրամասնություններին՝ Միխայլովին եւ Հասանովին։ Հավանաբար, վերջիններս «խելամիտ» են եղել եւ «ՔՊ»-ին այս ընթացքում չեն զայրացրել։ Իսկ Ռուստամ Բակոյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ինչ վերաբերում է «ՔՊ» ցուցակին, ապա այն շատ խայտաբղետ է՝ բաղկացած հիմնականում հեղափոխականներից կամ հեղափոխությանը ծառայած, Նիկոլ Փաշինյանի հետ «քայլած» անձանցից։



183 հոգանոց ցուցակում 54 անկուսակցական կա եւ 3 հոգի գործընկեր «Առաքելություն» կուսակցությունից, որի հետ «ՔՊ»-ն դաշինք է կազմել։ Բայց խորհրդարան կանցնեն, հավանաբար, միայն երկուսը՝ 37-րդ համար Եղիշե Սողոմոնյանը եւ 61-րդ համար Կորյուն Մկրտչյանը։ Նկատենք, որ «Առաքելության» առաջնորդներ համարվող Մեսրոպ Առաքելյանը եւ Մանուկ Սուքիասյանը ցուցակում չկան։ Բայց ամենից ուշագրավն այն է, թե ովքեր կան։



Նախապես հայտնի էր, որ ցուցակում մեծ թիվ են կազմում գործադիրում աշխատող պաշտոնյաները, ուստի բոլոր գերատեսչություններում անհամբերությամբ սպասում էին, թե իրենց ղեկավարներից ովքեր են տեղ զբաղեցնելու ցուցակում եւ որ տեղը, ինչից կարող էին ենթադրություններ անել, թե իրենց ղեկավարի նկատմամբ ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, արդյոք ընտրություններից հետո նա կշարունակի՞ պաշտոնավարել, եւ, առհասարակ՝ ինչ «ռեյտինգ» ունի նոր իշխանության շրջանակներում իրենց «շեֆը»։



Այսպես․ «Իմ քայլի» ցուցակում են 9 մարզերի ղեկավարները․ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջատարն է՝ 13-րդ հորիզոնականում, 21-րդը սկանդալային վարքով աչքի ընկած Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, 23-րդը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, 25-րդը Ռադիոտան դուռը ջարդելու համար Վայոց ձորի մարզպետ նշանակված Տրդատ Սարգսյանն է, 26-ը՝ Լոռվա ատամնաբույժ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, 29-ում Թուրքիայի հետ սահմանը բացելու առաջարկով հանդես եկած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն է, ով «Հրապարակին» դատի տված առաջին պաշտոնյան է նոր կառավարությունում։ 27-րդ տեղում Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն է, իսկ 31-ում՝ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը։ Առավել հետաքրքիր է կառավարության անդամ նախարարների ներկայությունն ԱԺ համամասնական ցուցակում։



Փոխվարչապետները զբաղեցնում են ցուցակի պատվավոր 2-րդ եւ 4-րդ հորիզոնականները, 5-րդ տեղում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, 8-ում՝ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, 9-ում՝ ՏԿ նախարար Սուրեն Պապիկյանը, 14-ում՝ սփյուռքի երիտնախարար Մխիթար Հայրապետյանը, 17-ում՝ տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, 18-ում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, 22-ում՝ բնապահպանության անկուսակցական նախարար Էրիկ Գրիգորյանը, 42-ում նաեւ ռեյտինգայինով Շիրակում առաջադրված ԱԻ նախարար, ճամբարափոխ Ֆելիքս Ցոլակյանն է։ Փոխնախարարների հարցում «Քաղպայմանագիրը» շատ խստապահանջ է եղել, եւ քչերին է հաջողվել տեղ զբաղեցնել իշխանական փաստաթղթում։ Մենք գտանք միայն մի քանի փոխնախարարի․ կրթության փոխնախարարներից մեկին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, 59-րդ տեղ, ՏԿ փոխնախարար Հակոբ Սիմիդյան՝ 34-րդ տեղ, ով նաեւ ռեյտինգայինով է առաջադրվել Էրեբունի-Կենտրոն ընտրատարածքից։



Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը 41-րդն է, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ Կարապետ Ռուբինյանի որդին, 12-րդը։ Փոխնախարարների ահռելի բազմությունից միայն նրանք են տեղ գտել բաղձալի ցուցակում։ Մեծ խումբ են կազմում լրագրողներն ու նախկին լրագրողները, հատկապես «Հայկական ժամանակի» ներկա եւ նախկին աշխատակիցները՝ Հայկ Գեւորգյան, Վահագն Թեւոսյան, Վահագն Հովակիմյան, նաեւ «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանն ու «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ովքեր ոչ միայն ցուցակում են տեղ գտել, այլեւ անդամագրվել են «Քաղպայմանագիր» կուսակցությանը։



«168 ժամ»-ի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը 71-րդն է, գրող Համբարձում Համբարձումյանը՝ 119-րդը, Սուրեն Զոլյանի քաղաքագետ որդի Միքայել Զոլյանը՝ 78-րդը, անգամ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն է իշխանական ցուցակում՝ 73-րդն է։ Ցուցակը եզրափակում են Նիկոլ Փաշինյանի ազգականները․ աներորդին՝ Հրաչ Հակոբյանը, 181-րդն է, առաջադրվել է նաեւ ռեյտինգայինով՝ Մալաթիա-Շենգավիթ համայնքներից։ 182-րդն ԱԻ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին, ով նաեւ «ՔՊ» ակունքներում է կանգնած եւ առաջադրվել է Իջեւանում։



Եվ, որպեսզի ցուցակը չսկսվի ու ավարտվի «Փաշինյան» ազգանունով, եւս մի անծանոթ անուն, որին անգամ «ՔՊ»-ում չեն ճանաչում՝ 183 համար Նարեկ Մկրտչյան։



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**