Նոր օրենք՝ նոր կոռուպցիա

Նոր օրենք՝ նոր կոռուպցիա
Կառավարությունը եւ անձամբ վարչապետի պաշտոնակատարը մեծ նշանակություն են տալիս վարչական իրավախախտումների մասին օրենքի նոր փոփոխություններին՝ հույսով, որ դրանք թեթեւացնելու են քաղաքացու կյանքը եւ հատկապես ոստիկանության հետ հարաբերություններում բարձրացնելու են վերջինիս նկատմամբ վստահությունը: Դրանք, ինչպես բազմիցս հայտարարվել է, վերացնելու են ՃՈ կողմից քաղաքացիներին ամեն գնով հետապնդելու եւ տուգանելու ավանդական նպատակադրումները: Համենայնդեպս, նման հույս ունի Փաշինյանը: Առաջարկվող փոփոխություններով վերանայվում են տուգանքի չափերը, վարորդական իրավունքից զրկվածների համար դրանց վերականգնման ավելի մեղմ պայմաններ են սահմանում, ՃՈ-ն, դրանց համաձայն, վերակազմավորվում է, դառնում է պարեկային ծառայություն եւ այլն: Սակայն կարծիք կա, որ նոր կանոնները, որոնք մշակվել են ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից, իրականում կոռուպցիայի թաքնված ռիսկ են պարունակում, եւ եթե դրանք իրավական ուժ ստանան, ապա ՃՈ տեսուչներին տրվող կաշառքի չափերը մեծանալու են, իսկ քաղաքացիների կյանքն ամենեւին էլ չի թեթեւանալու, այլ, լավագույն դեպքում, մնալու է նույնը: Այս կարծիքը «Հրապարակ»-ի հետ զրույցում հիմնավորեց փաստաբան Հակոբ Ճարոյանը: Նա՝ որպես իրավաբան ու ավտովարող, որը շատ է երթեւեկում, մանրամասն ուսումնասիրել է առաջարկվող փոփոխությունները, վերլուծել դրանք: Նոր օրինագծով ՃՈ խախտումների համար սահմանված տուգանքների չափը մեծացվել է:



Օրինակ, այսօրվա օրենքը նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով՝ անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում, կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելու դեպքում: Նոր օրենքով հաճախ թույլ տրվող այս խախտումների համար տուգանքն ավելանում է կրկնակի, այսինքն՝ առանց ամրագոտու երթեւեկելու դեպքում վարորդը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Գործող օրենքը սահմանում է, որ վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը, հետիոտնային անցումների հատման, վազանցի կանոնները խախտելու, ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելու համար նրանք տուգանվում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Նոր օրենքով այս տուգանքները նույնպես կրկնապատկվում են: «Իսկ սա նշանակում է,- ասում է Ճարոյանը,- որ եթե հիմա խախտում կատարելու դեպքում տեսուչը 3 հազար դրամ կաշառք է վերցնում եւ մարդուն ազատում է 5 հազար դրամ տուգանքից, ապա առաջարկվող փոփոխությունից հետո կաշառքի չափը դառնալու է 5 հազար հազար: Նկատեք, որ նշված իրավախախտումներն ամենատարածվածն են»: Տուգանքի չափի նվազում տեղի է ունեցել այն դեպքում, եթե վարորդը հեռահար լույսը մոտակայի չի փոխարկել կամ արգելված դեպքերում հեռահար լույսով է վարել, նաեւ՝ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատարների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք եւ ավելի երթեւեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթեւեկելու դեպքում: Այս խախտումների համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի եւ յոթնապատիկի չափով, բայց նոր օրենքում նշված է հնգապատիկ չափը: Այլ դեպքեր էլ կան «բարձր տուգանային» գոտուց: «Սակայն այդ իրավախախտումները տարածված չեն, եւ մեղմացումն էական նշանակություն չի ունենալու»,- ասում է փաստաբանը:



Նախագծով առաջարկվում է, բացի սահմանված տուգանքներից, կիրառել նաեւ տուգանային միավորներ: Ամեն տուգանքից հետո վարորդի վիճակը մեկ միավորով վատթարանում է, «փչանում» է նրա, այսպես ասած՝ «բանկային պատմությունը», եւ, ի վերջո, նա հայտնվում է «սեւ ցուցակում», այսինքն՝ զրկվում է վարորդական իրավունքից, կամ այն ժամանակավորապես կասեցվում է: Տուգանային միավորի կիրառումը եւս, ըստ Ճարոյանի, մեծացնելու է ՃՈ տեսուչին կաշառելու հնարավորությունը: «Վարորդը նախընտրելու է սահմանված տուգանքը վճարել ոչ թե բյուջե, այլ տալ տեսուչին, քանի որ գումարը նրան տալու դեպքում խախտումը չի արձանագրվում, ինքը լրացուցիչ տուգանային միավոր չի կորցնում, վարորդական իրավունքից էլ չի զրկվում»,- բացատրում է Ճարոյանը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի վրա, այն է. «Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով»: Գործող օրենսգրքով այս խախտման համար վարորդը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, բայց չի զրկվում վարորդական իրավունքից: Գործնականում այս խախտումը հաճախ կատարում են ոսկե երիտասարդության ներկայացուցիչները, «լավ մամա ու պապա» ունեցողները: Նրանք նաեւ «ամենամուծվող» խումբն են: Պարզ է, որ, չցանկանալով կորցնել վարորդական իրավունքը կամ ժամանակավոր զրկվել դրանից, այս կատեգորիան մեծ հաճույքով ու լավ գումար է մուծելու ՃՈ աշխատակցին, եւ սա այն փողն է լինելու, որը կարող է մտնել պետբյուջե:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**