Կարեն Կարապետյան՝ «եկող-գնացող» պաշտոնյան

Կարեն Կարապետյան՝ «եկող-գնացող» պաշտոնյան
#  



Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը երեկ գրեց, որ մոտ ապագայում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կնշանակվի ռուսական «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդում, դեռ ավելին՝ անկախ տնօրենի պաշտոնում։ Պարբերականը նաեւ հավելել է, որ սա Ռուսաստանի կողմից կարող է դիտվել ե՛ւ որպես քաղաքական ժեստ, ե՛ւ որպես Ռուսաստանում նրա երկար տարիների կարիերայի հետեւանք։ Թերեւս տարակուսելի է՝ Կարապետյանը հայաստանյա՞ն, թե՞ ռուսաստանյան քաղաքական գործիչ է։ Նույնիսկ Հայաստանում նրա՝ տարբեր պաշտոններում պաշտոնավարելու ժամանակներում էր խոսվում նրա հեռանալու ու Ռուսաստանում նոր պաշտոն զբաղեցնելու մասին, ինչի արդյունքում, շատերի ընկալմամբ, Կարեն Կարապետյանը մնաց որպես «եկող-գնացող» պաշտոնյա։ Վերհիշենք Կարապետյանի հայաստանյան կարիերան․



1985-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետպլանի հաշվողական կենտրոնում, Գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում, այդ ընթացքում նաեւ դասավանդել է Երեւանի պետական համալսարանում:



1996-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն:



2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:



2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:



2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:



2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:



**Կարեն Կարապետյանը՝ քաղաքապետ**



2010 թվականի դեկտեմբերին Երեւանի ավագանու խորհրդի անդամները քաղաքապետ ընտրեցին Կարեն Կարապետյանին։ «Երդվում եմ հոգ տանել մեր հին մայրաքաղաքի բարի համբավի պահպանմանը, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն ու սեփականությունը, ուժերս անմնացորդ ուղղել ազգի հավատի պահպանմանը, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր աճին: Օժանդակել բոլոր ազնիվ եւ արդար նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն իմ համաքաղաքացիների լուսավոր գաղափարների իրականացմանը»,- իր երդմնակալության արարողության ելույթի ընթացքում ասել էր Կարապետյանը։ 2011 թվականի մարտին քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը համաձայնագիր են ստորագրում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում էր Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն մոլի» շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում: Հանուն արդարության նշենք, որ այս նախագծերը հիմնականում արդեն կյանքի են կոչվել։ 2011-ի ապրիլի 11-ին ելույթ ունենալով իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում, Կարեն Կարապետյանն ասել էր, որ իրեն այդ պաշտոնում առաջադրած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր առջեւ «կուսակցական առաջադրանք» չի դրել։ Ասել էր նաեւ, որ երբեք նպատակ չի ունեցել քաղաքապետի պաշտոն զբաղեցնել․ «Ինձ համար շատ հետաքրքիր է այստեղ: Ինչպես ասում են՝ ես այստեղ դրայվ եմ զգում»։ Վերջին՝ «դրայվ» արտահայտությունն ու հետագայում՝ «ժիլետները» դարձան նրա այցեքարտը։



Անպատասխան մնաց այն հարցը, թե ինչու Կարեն Կարապետյանը 11 ամիս անց հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից։ «Որոշումը կայացրել եմ շատ դժվարությամբ եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով»,- ասել էր նա՝ հետագայում հավելելով, որ «կարիք չկա հասարակությանը ծանրաբեռնել այդ անձնական պատճառների մանրամասներով»։



2011թ․ դեկտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվեց ռուսաստանյան «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնում: 2012թ. նոյեմբերին դարձավ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` պահպանելով «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը: «Գազպրոմբանկ»-ը Ռուսաստանի խոշորագույն ունիվերսալ ֆինանսական ընկերություններից է: Հայաստանում «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունն «Առէկսիմբանկ»-ն է։



**Կարեն Կարապետյանը՝ ՀՀ վարչապետ**



Սերժ Սարգսյանի 2016 թվականի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ Նրան բերեցին հասարակական խուլ դժգոհությունը մարելու, տնտեսությունում տեղաշարժեր ապահովելու համար։ Սակայն կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ կլանային եւ քրեաօլիգարխիկ համակարգը նրան թույլ չի տալիս լիարժեք աշխատել։ Դրան գումարած նաեւ կուսակցական խանդն ու նրա բարձր վարկանիշից ունեցած վախը։ Շատ արագ նրան մտցրեցին ՀՀԿ, ապա կարգեցին փոխնախագահ, եւ «դրայվային» վարչապետը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում դարձավ ՀՀԿ դեմքը՝ գլխավորելով նրա ցուցակը։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեց, որ նա տիրապետում է հարվածային գործիքներին, այնքան էլ չի սիրում լրագրողներին եւ շատ էլ ինքնուրույն չէ։ Հենց Կարեն Կարապետյանի պաշտոնավարման վերջին շրջանում որոշում ընդունվեց կառավարության նիստերը լրագրողների համար դարձնել դռնփակ, հետագայում Փաշինյանը լրագրողների առջեւ կրկին բացեց կառավարության նիստերի դահլիճի դռները։ Թվում էր՝ նա լինելու է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, եւ երկրի ղեկավարման լծակները հեռացող նախագահը հանձնելու է Կարապետյանին, սակայն Սահմանադրությունը փոխելուց հետո կամաց-կամաց ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը հեռանալու մտադրություն չունի, ուստի ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը հատուկ ստեղծեցին Կարապետյանի համար՝ նրան չնեղացնելու եւ հատուկ կարգավիճակ շնորհելու համար։ Նա միաժամանակ նաեւ ՀՀԿ փոխնախագահն էր։ Կարեն Կարապետյանի ողբերգությունն այն էր, որ համաձայնեց երկրորդը լինելու առաջարկին, թեեւ պարզ էր, որ նրան էլ խաբեցին։



**Կարեն Կարապետյանը՝ բիզնեսմեն**



Կարեն Կարապետյանին է պատկանում Երեւանի ամենաէլիտար ռեստորաններից մեկը՝ Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենս»-ը, որտեղ ՀՀԿ-ն պարբերաբար հավաքույթներ էր անցկացնում։ Այդ ռեստորանում առաջինը նրա դստեր հարսանիքը նշեցին։ Այժմ այդ ռեստորանը դարձել է էլիտայի զավակների հարսանիքների, կնունքների եւ ծնունդների, ՀՀԿ-ի խնջույքների հավաքատեղի, թեեւ՝ հեղափոխությունից հետո կարծես այս ավանդույթն էլ է վերանում։ Կարապետյանը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, քաղաքի հենց կենտրոնում գործող «Արմենիա» հյուրանոցի հարեւանությամբ եւս մեկ ռեստորան ունի, անունը՝ էլի «Ֆլորենս»։ Ռեստորանային բիզնեսից բացի՝ Կարապետյաններին է պատկանում «Kerbedanz» ժամացույցների բրենդը, որը ղարաբաղյան բարբառով հոլովված անունից է կազմված․ Kerbedanz-Կարպեդանս՝ նույն «Կարապետանց»-ն է: Այս բիզնեսով զբաղվում է նրա որդին՝ Տիգրանը։ Նա նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի տեղակալն է՝ շինարարության եւ վերանորոգման գծով։