Ինչո՞ւ «հայկական Երեւան»․ պարզաբանում է փոխքաղաքապետը

Ինչո՞ւ «հայկական Երեւան»․ պարզաբանում է փոխքաղաքապետը
«Էրեբունի-Երեւան տոնակատարությանը ծախսվել է շուրջ 260 միլիոն դրամ՝ ներառյալ հյուրերի մասը, արտերկրի ժամանած հյուրերի, ձեւավորման, մշակութային ծրագրերի, մի քանի քայլարշավների եւ այլն»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նախատեսված է եղել ծախսել 1 միլիարդ 700 միլիոն դրամ․ «Նախատեսված թիվ չի եղել, որ ասեմ ինչքան է եղել։ Փաստաթուղթ չկա 1 միլիարդ 700 միլիոն դրամի մասին»։



**«Հրապարակ»**-ի հարցին՝ ինչո՞ւ էր Ազատության հրապարակում «Իմ Հայկական Երեւանը» կարգախոսով բեմահարթակ կառուցվել, շատերի կարծիքով դա անճաշակություն էր, փոխքաղաքապետը պատասխանեց․ ««Իմ հայկական Երեւանը» վերաբերում էր բացառապես տվյալ բեմահարթակին։ Դա բնավ չէր վերաբերում քաղաքի այս տարվա տոնակատարության վերնագրին կամ կարգախոսին։ Ինչպես գիտեք, բազմաթիվ բեմահարթակներ կային, որոնք ունեին իրենց ժանրն ու անունը, սա հայկական երգարվեստի, ժողովրդական երգերի, հայկական երգասացության բեմահարթակ էր, հանդես էին գալիս ժողովրդական, հայկական արվեստի ներկայացուցիչները։ Ունեինք նաեւ «Իմ ջազային Երեւան», ոչ ոք չասաց՝ ինչո՞ւ «իմ ջազային Երեւան», նույն հաջողությամբ ունեինք «իմ դասական Երեւան» բեմահարթակը։ Ուրեմն այստեղ այդ ֆրազան վերաբերում էր տվյալ բեմահարթակին»։