Եթե բավարար ժամանակ ունենայինք քննարկելու, գուցե կոնսենսուս լիներ Ընտրական օրենսգրքի շուրջ

Եթե բավարար ժամանակ ունենայինք քննարկելու, գուցե կոնսենսուս լիներ Ընտրական օրենսգրքի շուրջ
ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի ԸՕ նախագծի ընդունմանը։ Այս մասին **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։



Թե ինչով է դա պայմանավորված, Հովհաննիսյանն ասաց․ «Պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ ՀՀԿ ներկայացուցիչները, այդ թվում՝ ես, նշել ենք, որ ընտրական գործընթացը կատարված է չափազանց արագ տեմպերով, և այդ հապճեպությունն, իրականում, հանգեցրել է ինչպես Ընտրական օրենսգրքի որակի հետ կապված բավականին խնդիրների, այնպես էլ հանգեցրել է նրան, որ ուղղակի բավարար ժամանակ չկա, որպեսզի քաղաքական ուժերը պատշաճ կարգով քննարկեն Ընտրական օրենսգիրքը և հանգեն քաղաքական կոնսենսուսի»։



Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը ԸՕ նախագծի վերաբերյալ՝ տիկին Հովհաննիսյանն ասաց․ «Վենետիկի հանձնաժողովն ընդամենը մի բան է նշել, որ պետք է պահպանել այն ժամկետը, որ 47 անդամ երկրների փորձառության հիման վրա ձևավորվել է և տարիներ շարունակ կրկնվում է։ Այն է՝ մեկ տարի առաջ պետք է փոխվի ընտրակարգը, որպեսզի քաղաքական ուժերն ունենան բավարար ժամանակ՝ պատրաստվելու։ Մեկ տարին օրացուցային ժամկետ չէ, գուցե 12 ամիս չէ՝ 10 ամիս, բայց, համենայնդեպս, ընտրություններից մեկուկես ամիս առաջ Ընտրական օրենսգիրք փոփոխել՝ սա չի կարող համարվել թույլատրելի, և այդ վերապահումը շարունակում է գոյություն ունենալ։ Բացառություն կարող է լինել միայն այն դեպքը, երբ բոլոր քաղաքական ուժերը հանգել են կոնսենսուսի այս տեսանկյունից։ Այսինքն՝ կոնսենսուսի առկայությունն ինքնին ձևական գործոն չէ։ Կոնսենսուսը նշանակում է, որ քաղաքական ուժերը, վերադասավորվելով և գնահատելով իրենց պատրաստվածությունը պրոցեսին մասնակցելու, արժևորելով ամբողջ այս գործընթացը, կողմ են քվեարկում նախագծին»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։



**-Հիմա Հանրապետականը դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխմանը, որովհետև ինքը պատրա՞ստ չէ նոր օրենսգրքով մասնակցելու ընտրություններին, թե՞ այլ հանգամանքներ կան։**



-Հանրապետական կուսակցությունը կողմ չէ, որ Ընտրական օրենսգիրքն էսպես փոխվի, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀՀԿ-ն պետք է ժամանակ ունենա, որպեսզի վերադասավորի, վերանայի իր հնարավորությունները։ Որովհետև, երբ ընտրակարգ է փոխվում, սա ոչ թե ինչ-որ կուսակցության լավ կամ վատ լինելու, պատրաստ կամ անպատրաստ լինելու մասին է, այլ, պարզապես, մարտավարություն որոշելու մասին է՝ որ ընտրակարգով ինչպիսի մարտավարությամբ կարող ես գնալ ընտրությունների։ Եթե մյուս քաղաքական ուժերը համարում են, որ իրենք պատրաստ են ցանկացած ընտրակարգով գնալու, ապա խոսքը վերաբերում է նրան, որ նույն ՀՀԿ-ն, ի դեպ՝ մյուս քաղաքական ուժերն էլ անգամ ժամանակ չեն ունեցել նույնիսկ քննարկելու՝ իսկ իրենք ո՞ր Ընտրական օրենսգրքով են ուզում գնալ։ Գուցե ՀՀԿ-ն քննարկեր և հանկարծ որոշեր, որ իրեն ձեռնտու է նույն փակ ցուցակներով կամ մաքուր համամասնական տարբերակը։ Բայց նույնիսկ պատշաճ քննարկում այդ դիրքորոշմանը հանգելու համար չի եղել։



**-Ձեր կուսակից Արմեն Աշոտյանն, ի դեպ, ասում է, որ այնպես չէ, թե գործող ընտրակարգը՝ ռեյտինգային համակարգով, ձեռնտու է ձեզ, հատկապես, որ ռեյտինգայինով ընտրված ՀՀԿ-ականներն արդեն հեռացել են թիմից։**



-Ես հենց դա նկատի ունեի, ես նկատի չունեմ, որ ՀՀԿ-ին ձեռնտու է ռեյտինգայինը, դրա համար Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր դիրքորոշումը բացասական է։ Ասում եմ, եթե բավարար ժամանակ ունենայինք քննարկելու, գուցե հրաշալիորեն կոնսենսուս լիներ, և մենք հանգեինք այն եզրակացության, որ այս տարբերակը մեզ էլ է ձեռնտու, կամ նույնիսկ, եթե պակաս ձեռնտու է և այլն, բայց, ի վերջո, վերադասավորելով մեր ուժերը, վերանայելով մարտավարությունը և այլն, հանգեինք նրան, որ կա կոնսենսուս, որ մենք էլ ենք կողմնակից։ Բայց մենք նույնիսկ այդ ժամանակը չենք ունեցել բավարար կարգով կուսակցությունում իրականացնելու էդ պրոցեսը։



**-Հիմա, եթե տապալվի նոր օրենսգիրքը և ընտրություններին գնան հին կամ գործող օրենսգրքով, դուք ժամանակ ունե՞ք, կհասցնե՞ք ռեյտինգայինով նորից մասնակցել։**



-Ռեյտինգայինը, որպես այդպիսին, կամ գոյություն ունեցող ընտրակարգն արդեն մշակված է ընտրական ադմինիստրացիայի տեսանկյունից նաև։ Ախր, չէ՞ որ ընտրական պրոցեսում միայն քաղաքական ուժերը չեն։ Ի վերջո, կա ընտրական ադմինիստրացիա, այլ դերակատարներ, որոնք ևս պիտի պատրաստ լինեն։ Այս տեսանկյունից երկիրը պատրաստ կարող է համարվել գործող Ընտրկան օրենսգրքով գնալու տարբերակին։ Իսկ քաղաքական ուժերն էլ, ըստ էության, իրենց ավելի հարմար կզգան գուցե այս Ընտրական օրենսգրքով գնալու, որովհետև իրենք ծանոթ են այդ ընտրակարգի մանրամասներին։



**-Այս հապճեպությունը, այս արագ ռեժիմով ԸՕ-ն քննարկելու և ընդունելու անհրաժեշտությունը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բացատրեց երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակով։**



-Չեմ կիսում Արտակ Զեյնալյանի տեսակետը։ Ես չեմ համարում, որ երկրում կա ֆորսմաժորային իրավիճակ։ Կարելի է միշտ ինչ-որ տարբեր էպիտետներ իրադրությանը վերագրել և այդուհետ դրանով հիմնավորել դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ ոչինչ տեղի չէր ունենա, եթե, դիցուք, երեք կամ չորս ամիս հետո տեղի ունենային այդ ընտրությունները։



**-Հիմա, եթե առաջին ընթերցմամբ տապալվի նոր օրենսգրքի ընդունումը, ընթացակարգային առումով ի՞նչ է սպասվում հաջորդիվ, կառավարությունը կարո՞ղ է նորից փորձել այս նախագիծը բերել և անցկացնել։**



-Կառավարությունը կորոշի՝ ինչպես է ինքը այդ առումով նպատակահարմար համարում շարժվել առաջ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**