Արթուր Բաղդասարյանը «լեվի» գիծ չունի, իր հորի ջուրն է օգտագործում

Արթուր Բաղդասարյանը «լեվի» գիծ չունի, իր հորի ջուրն է օգտագործում
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում «Հայասի» կոնյակի և գինու գործարանին մեղադրում էր ապօրինի ջրօգտագործման մեջ։ Բանն այն է, որ «Հայասի գրուպ» գործարանը պատկանում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ որպես գործարանի տնօրեն 2014 թվականից մինչ այսօր անշարժ գույքի կանդաստրային բազայում գրանցված է Վահան Արթուրի Բաղդասարյանը։



Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․«Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ընկերություններ, որոնք օգտագործում են խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում»:



Նշվածի ապացույց է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազում դեռևս 2014թ. հիմնադրված և մինչ օրս գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն՝ կոնյակի և գինու գործարանը: Հատկանշական է, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա (որոնցից ամենամեծը «Ղազարավանի» 500մմ-անոց՝ ք. Էջմիածինը սնող ջրատարն է), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր: Բազմիցս՝ 2017թ. և 2018թ., ինչպես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, այնպես էլ Ջրային կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փորձեր են արվել «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ և դարձնել խմելու ջրի բաժանորդ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու (քլորացված) ջրի սպառման փաստը և արգելել նշված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը գործարանի տարածք։ Այն, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը իր տարածքում ունի խմելու (քլորացված) ջրի աղբյուր, փաստվել է մի քանի անգամ՝ տարբեր պատրվակներով գործարանի աշխատակիցներից ծորակից խմելու ջուր խնդրելով. նույն պահին հատուկ նյութի օգնությամբ բաժակում հայտնաբերվել է քլոր, ինչով փաստվել է, որ գործարանի ծորակներով հոսում է քլորացված խմելու ջուր:



Այսպիսով, երկամյա դիտարկումներից համոզված ենք, որ Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը, ունենալով արտադրական մեծ հզորություն, ապօրինի խմելու ջուր է օգտագործում: Հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով, սակայն պահակային ծառայությունը նրանց դուրս է հրավիրել՝ փակելով դռները, որևէ մեկը ղեկավար անձնակազմից այդպես էլ կապ չի հաստատել այցելուների հետ: Տեղում, հենց պահակակետում դրական արդյունքով կրկնվել է ծորակի ջրում քլորի առկայության ստուգման փորձը»։



Թեմայի առնչությամբ զանգահարեցինք «Հայասի» կոնյակի և գինու գործարան՝ պարզաբանում խնդրելով ապօրինի ջրօգտագործամն մեղադրանքի վերաբերյալ, մամուլի բաժնի պատասխանատուն միայն նշեց, որ իրենք արդեն հերքում տարածել են այդ մեղադրանքների մասով, և խորհուրդ տվեց կապվել գլխավոր հաշվապահի հետ։ Նա այնուամենայնիվ պատասխանեց մեր մի քանի հարցերի, սակայն չցանկացավ ներկայանալ՝ ասելով, որ մենք իր անունից հրապարակումներ չանենք, քանի որ ինքը պարզապես զրուցում էր մեզ հետ․



«Մենք ջրային կոմիտեին պաշտոնապես պատասխանել ենք, ընդահանուր մամուլի համար էլ հրապարակում կլինի, այնպես որ ամեն ինչ նորմալ է, և գործընթացը կիրականացվի օրենքի սահմաններում։ Իրենց միշտ էլ թույլ տրվել է մուտք գործել գործարանի տարածք, իրենք երբ եկել, մտել են, չեմ կարծում, որ պրոբլեմ լինի, ես այլ ասելու բան չունեմ։ Ես չգիտեմ, թե «Վիոլիա ջուր» ընկերության խողովակներ անցնո՞ւմ են, թե՞ ոչ, չեմ կարող ասել․ դա պրոֆեսիոնալ հարց է, ես նման տեղեկություններ չունեմ, իսկ գործարանում օգտագործում են մեր խորքային հորի ջուրը»։



Նշենք նաև, որ հաշվապահից տեղեկացանք, որ տնօրեն Վահան Բաղդասարյանը՝ Արթուր Բաղդասարյանի որդին այս պահին գտնվում է հիվանդանոցում։