Ո՞ւր կգնան ԲՀԿ-ից նեղվածները

Ո՞ւր կգնան ԲՀԿ-ից նեղվածները
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդմանը տված վերջին հարցազրույցում հայտարարեց, որ առաջիկայում հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ, «որոնք չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ»։ Ծառուկյանն այս հայտարարությունն արեց արտահերթ ընտրություններին մասնակցության համատեքստում։ Մոտ երկու շաբաթ է անցել նրա հայտարարությունից, վարչապետն արդեն հրաժարական է տվել, եւ հայտնի է, որ ընտրությունները մոտավորապես կլինեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում, սակայն նրա թիմում անտեղյակ են, թե երբ եւ որ ուժերի հետ են բանակցություններ սկսվելու, առհասարակ՝ սկսվելո՞ւ են, թե՞ ոչ։



Իվետա Տոնոյանը, մի քանի օր առաջ մեր հարցին պատասխանելով, ասաց, որ պարոն Ծառուկյանը Հայաստան այցելած ռուս գործընկերների հետ ակտիվ շփումների մեջ է, եւ առաջիկայում հնարավոր կլինի անդրադառնալ այդ հարցին։ Երեկ էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը տեղեկացված չէ այդ գործընթացի մասին, երեկ է վերադարձել Ստրասբուրգից։ Իսկ, իր կարծիքով, ԲՀԿ-ն ի՞նչ ֆորմատով պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ լայն կոնսենսուսո՞վ, թե՞ միայնակ։ Զոհրաբյանն ասաց, որ երբ կլինեն քննարկում եւ որոշում, կհայտնեն այդ մասին։



Որոշ տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մտադիր է եղել համագործակցության առաջարկ անել «Սասնա ծռեր» կուսակցությանը՝ մտածելով, որ կուսակցության շատ անդամներ ազատության մեջ են հայտնվել նաեւ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ եւ անձամբ Ծառուկյանի՝ որպես գրավ վճարած գումարներով: Անկախ ամեն ինչից, այդ կուսակցության վարկանիշն այսօր բավականին բարձր է, եւ ռեալ շանսեր ունի խորհրդարան անցնելու։ Իսկ, առհասարակ, Ծառուկյանն առանձնապես ոգեւորված չէ արտախորհրդարանական ուժերի հետ դաշինքով գնալու մտքից։ Նա հասկանում է, որ լայն կոնսոլիդացիան միայն հզորության պատրանք է ստեղծելու, իսկ գործնականում, օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն, «Ժառանգությունը» կամ մեկ ուրիշ մեռած ուժ չեն կարող ընտրություններում «եղանակ փոխել»։



Քաղաքական նոր իրողության պարագայում Ծառուկյանը հասկանում է, որ խաղադրույք պետք է արվի այնպիսի անհատների ու կուսակցությունների վրա, որոնք կարող են ձայն բերել այդ ուժին։ Բանն այն է, որ անցած խորհրդարանական ընտրություններից հետո նա ինչ-ինչ պատճառներով եւ հանգամանքներում կորցրել է մի շարք կուսակցականների, որոնք ռեյտինգային ցուցակով «Ծառուկյան դաշինքի» համար մեծ թվով ձայներ են ապահովել։ Թեպետ դեկտեմբերին սպասվող ընտրություններին ռեյտինգային համակարգը չի գործելու, եւ չեն լինելու ռեյտինգային թեկնածուներ, ու ընտրակաշառքը գործոն չի դառնալու, սակայն, եթե Ծառուկյանն այդ մարդկանց գրի ցուցակի համեմատաբար անցողիկ տեղերում, ապա այդ մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց տարածքներում վաստակել են հարց լուծողի ու բարեգործի համբավ, կարող են որոշակի ձայներ բերել կուսակցությանը։ Օրինակ՝ դեռեւս նախորդ ընտրություններում ԲՀԿ-ական Վահան Կարապետյանն Աջափնյակում մոտ 9 հազար ձայն է հավաքել, սակայն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հողի վրա նրա եւ կուսակցության հարաբերություններն այնքան խզվեցին, որ «Չերրին» դուրս եկավ կուսակցությունից։ Նա նեղացել է, որ Ծառուկյանը քաղաքապետի ընտրություններին ոչ թե իրեն է վստահել այդ տարածքի վերահսկումը, այլ՝ ուրիշի։ Ծառուկյանից նեղացած է նաեւ Սյունիքից ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանը․ նա մի քանի ամիս առաջ, երբ ԲՀԿ-ն մաս կազմեց Փաշինյանի կառավարությանը, ակնկալում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը, սակայն Ծառուկյանի ընտրությունն այլ թեկնածուի վրա կանգնեց։ Սիմոնյանն անգամ հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, բայց հետո հետ վերցրեց դիմումը։ Մոտ 4-5 հազար ձայն էլ ապարանցի Լյովա Խաչատրյանն էր ապահովել այս ուժի համար, սակայն օրերս նա հայտարարեց ԲՀԿ-ից դուրս գալու եւ նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Նեղսրտածների թվում են նաեւ Աղասի Հակոբջանյանը՝ Սյունիքից, նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը։ Մյուս կողմից՝ այս կատեգորիայից շատերի համար էլ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները դաս են եղել, եւ նախկին էնտուզիազմով չեն աշխատելու ընտրությունների համար։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**