Կրթության նախարարը ուսուցիչներին պարտադրում է համակերպվել հին համակարգի հետ

Կրթության նախարարը  ուսուցիչներին պարտադրում է համակերպվել հին համակարգի հետ
Հեղափոխությունից հետո դպրոցները պայթյունավտանգ օջախներ են դարձել։ Մանկավարժները հաճախ բողոքի ակցիաներ են կազմակերպում, դասադուլներ, «բունտեր»։ Տարիներ շարունակ նրանք համակերպվում էին կեղծ ինքնակառավարման հետ, «նշանակովի» տնօրենի առաջ լռում էին, այսօր ակտիվանում են։ Ուսուցիչները որոշել են, որ երջանիկ քաղաքացիներ դառնալու իրենց ժամանակն էլ է եկել, և ուզում են նոր, արդար ընտրությունների ճանապարհով ձևավորված խորհուրդներ ունենալ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ուզում արտահերթ, արդար ընտրություններ։ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ազնիվ մղումը հասկանում է, իսկ մանկավարժներինը՝ ոչ։



«Ես համաձայն եմ, որ արդար չի ընտրվել խորհուրդը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք», - ասել է ԿԳ նախարարը Լևոն Միրիջանյանի անվան համար 155 դպրոցի մանկավարժների ներկայացուցչին, որը գնացել էր նախարարի մոտ բացատրելու՝ որ դպրոցի կոլեկտիվը չի ուզում, որ ՀՀԿ-ի ժամանակներում հազար ու մի ծանոթ-բարեկամական կապերով ձևավորված հին խորհուրդը գործի։



Այսօր 155-րդ դպրոցում տնօրենի ընտրություն էր։ Առաջադրվել էին 12 թեկնածուներ։ Նրանց թվում էր 181-րդ դպրոցի փոխտնօրեն Նաիրա Մանվելյանը, որը, ըստ տարածված լուրերի, ազդեցիկ ազգական ունի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում: Ուսուցիչները մտավախություն ունեն, որ հենց նրանց է ընտրելու խորհուրդը։



«Կրթության նախարարության և դպրոցի կապը կտրված է, - ասում է 155-րդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, որը չի առաջադրվել տնօրենի թեկնածու և արտահայտում է կոլեկտիվի կարծքը - մեր տնօրենին ընտրելու է մի խորհուրդ, որի անդամները տարիներով դպրոց չեն մտնում, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Մենք ծանոթ ենք միայն ԿԳՆ-ի ներկայացուցչին՝ 47-րդ մանկապարտեզի տնօրեն Գոհարիկ Աշուղ-Աթոյանին։ Նա եկել էր, շատ սրտացավ, մտահոգված, տեսել է թեկնածուների ծրագրերը։ Մյուսներից տեղեկություն չունենք, նրանք՝ դպրոցից հեռու, դպրոցից անտեղյակ, կգան, մեր ճակատագիրը կորոշեն ու կգնան»։



Ընտրությունից երկու շաբաթ առաջ դպրոցի կոլեկտիվը նամակ էր գրել կրթության նախարարին` պահանջելով, որ նա գա դպրոց, տեղում լսի իրենց բողոքները։ Բայց «սարը Մոհամմեդի մոտ չգնաց», և կոլեկտիվը ստիպված իր ներկայացուցչին ուղարկեց նախարարի մոտ։ «Դուք խորհրդարան եք ցրում, ասում եք՝ այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի շահերը, բայց Ձեզ չի՞ հետաքրքրում, որ դպրոցի խորհուրդը մանկավարժների շահերը չի արտահայտում։ Տեսեք, ինչ երկակի ստանդարտներով եք առաջնորդվում», - ասել է կոլեկտիվի ներկայացուցիչը Արայիկ Հարությունյանին։ 155-րդ դպրոցում ստեղծված իրավիճակի շուրջ մի քանի հարց տվեցինք հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին։



**-Ինչո՞ւ ուսուցիչներին չի տվում նոր խորհուրդ ձևավորելու իրավունքը։ Նրանք չեն վստահում հին կազմին, ձեր կարծիքը այս կոնֆլիկտի հետ կապված կհայտնե՞ք։**



-Որևէ կոնֆլիկտ դպրոցում չկա, խորհուրդը սահմանված կարգով իր լիազորություններն իրականացնում է։ 



**-Մանկավարժներն ասում են, որ խորհուրդը կապ չունի դպրոցի հետ, որ խորհրդի անդամները դպրոց չեն գնում, նրանց չեն ճանաչում։** 



-Ճանաչելը՝ բոլորին էլ ճանաչում են, այլ հարց է, վստահություն չներշնչելը։ Նման ահազանգեր մենք էլ ենք ստացել։ Առավոտյան դպրոցում եմ եղել, խորհրդի անդամների հետ զրուցել եմ, բոլորին հորդորել եմ, որ որևէ ուղորդում, ուղորդված քվեարկություն չիրականացնեն, այլ յուրաքանչյուրն իր խղճի մտոք, ուսումնասիրելով հավակնորդների ծրագրերը, իր լիազորությունն իրականացնի։



**-Բայց այս խորհուրդները չե՞ն լուծարվելու, ամենուրեք մեծ դժգոհություն կա։**



-Այո, մենք էլ ենք գիտակցում, որ այս խորհուրդները չեն արդարացնում իրենց։ Մեղմ ասած, միայն խորհուրդների անդամների մեջ չէ խնդիրը, այլ կառավարման համակարգի մեջ է։ Առաջիկայում փոփոխություններ կլինեն, հիմա մենք աշխատում ենք դրա վրա և առաջիկայում հանրությանը դպրոցական խորհուրդների ձևավորման նոր կարգը կներկայացնենք։



Տնօրենի ընտրությունը սկսվել էր ժամը 14.00 և ավարտվեց 18.15 րոպե։ Ինչպես և կանխատեսում էին բողոքավոր մանկավարժները, ընտրվեց 181-րդ  դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, քիմիայի ուսուցչուհի Նաիրա Մանվելյանը։ Խորհրդի նիստից հետո մանկավարժները վրդովված էին, միջանցքներում կրքերը եռում էին։ Նաիրա Մանվելյանի հետ կապվել չհաջողվեց, սակայն մենք պատրաստ ենք լսել նրա պատասխաններն իր ծրագրի մասին, ինչպես նաև այն հարցի, թե ինչպես է անելու, որ կոլեկտիվում կրքերը հանդարտվեն: 



**Սյուզան Սիմոնյան**