ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել

ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել
Առաջիկայում խորհրդարանը լուծարելու շուրջ բանակցություններ կսկսվեն։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը պատրաստ են քննարկել ԱԺ բոլոր խմբակցությունները։ Տեղեկություններ կան, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել, իրատեսները հասկացել են, որ արտահերթ ընտրություններին խոչընդոտելն այլեւս անիմաստ է․ Երեւանում 300 հազար քվե ստացած Նիկոլ Փաշինյանի իշխանության համար եւս 200 հազար ստորագրություն հավաքելն ու սահմանադրական հանրաքվե կազմակերպելը որեւէ խնդիր չեն լինելու։



Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են առանց վարչապետի հրաժարականի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Գործող Սահմանադրությամբ՝ Ազգային ժողովը կարող է լուծարվել այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի եւ մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրվի: Ավագանու ընտրության նախնական արդյունքների ամփոփումից հետո Փաշինյանը Նյու Յորքից իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոստացավ Հայաստան վերադառնալուն պես քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու մեխանիզմների շուրջ։ «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որ այսօր գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ, որովհետեւ խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին»,- ասաց վարչապետը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեխանիզմների մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ, իր կարծիքով, ԱԺ-ն լուծարելու արդյունավետ միջոցը սահմանադրական փոփոխության տարբերակն է, որի ուղղությամբ կառավարությունում աշխատանքներ կսկսվեն:



«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի տեղեկացմամբ՝ ԱԺ-ն լուծարելու մեխանիզմները կհստակեցվեն խորհրդարանական ուժերի հետ վարչապետի նախաձեռնած քննարկումների արդյունքում․ «Ցանկացած դիմադրություն ընդամենը ավելացնելու է լարվածությունը հանրության մեջ: Մենք տեսանք, որ այս ավագանու ընտրությունների արդյունքում կա շատ հստակ խզում Ազգային ժողովի եւ հանրության միջեւ, Ազգային ժողովը չի ներկայացնում հանրության քաղաքական կողմնորոշումները եւ տրամադրությունները»: Փաշինյանի թիմակիցները հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ընտրությունները մինչեւ տարեվերջ անցկացնելու համար։



ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ում կուսակցությունն ավագանու ընտրություններում 7 տոկոս ձայն հավաքեց, մինչդեռ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժն է՝ 31 մանդատով, եւս այն կարծիքին է, որ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, քանի որ «ավագանիում ՀՀԿ-ն ներկայացված չէ, փոխարենը ԱԺ-ում մեծամասնություն է»։ Սակայն համաձայն չէ վարչապետի դիտարկմանը, քանի որ, իր կարծիքով, ԱԺ եւ ՏԻՄ ընտրությունները տարբեր են․ «Երեւանի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, համապետականը քաղաքական տեսլականների մրցակցություն է։ ԲՀԿ-ն ապացուցեց, որ այս հեղափոխական մթնոլորտում էլ ինքը երկրորդ ուժն է, նա իր երկրորդ տեղը հաստատեց, եղավ ժողովրդի իշխանություն՝ 80 տոկոս, եւ ԲՀԿ, այլ ուժ չկա, չէ՞։ «Քաղաքացիական պայմանագիրն» իրականացնում է ժողովրդի երազանքն ու իր հետեւից տանում զանգվածներին, ինչպես Շարժման տարիներին, հետեւաբար, պետք չէ շատ ու քչով դատել»։ Պատգամավորը կարծում է, որ պետք է ծանոթանան ԱԺ-ն լուծարելու վարչապետի առաջադրած մեխանիզմներին, նոր միայն կարծիք հայտնեն․ «Այո, մենք պատրաստ ենք քննարկել, բայց չգիտենք, թե ինչ է ներկայացվելու։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է դրվում դրանով։ Եթե մեր վարչապետը, ինչպես ես լսեցի, անկյունաքարը ներդրումներն է համարում, ապա այստեղ մենք պետք է աջակցենք մեր վարչապետին, քանի որ որակյալ ընտրություններն էլ են դրանց գրավականը։ Մենք կողմ ենք արտահերթ ընտրություններին, բայց պետք է մեխանիզմները հասկանալ»։



ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը կարեւոր է համարում, որ քննարկումների արդյունքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը որոշվի կոնսենսուսային ճանապարհով եւ համաձայնությամբ, ինչպես նաեւ Սահմանադրությունը չխախտելով։ Դաշնակցականի կարծիքով, չարժե երկարաձգել գործընթացը եւ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ԱԺ-ն լուծարել, եթե կարելի է պայմանավորվել․ «Եվ դա ոչ թե նոր պայմանավորվածություն է լինելու, այլ վերաթարմացվելու է այն պայմանավորվածությունը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ, եւ ընդունվել է գործող կառավարության ծրագիրը՝ ներառյալ արտահերթ ընտրությունների գնալու կետը։ Դա ենթադրում է, որ քաղաքական ուժերը կոնսենսուսով կընդունեն Ընտրական օրենսգիրքը, կոնսենսուսով ընդունելու են վարչապետի հրաժարականը, համաձայնությամբ երկու անգամ անընդմեջ չեն ընտրելու վարչապետ, եւ ԱԺ-ն օրենքի ուժով լուծարվելու է, ու գնալու են արտահերթ ընտրության»։



Չնայած հանրապետական պատգամավորներից շատերը հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների թեման փակված է, ԱԺ-ն բնականոն աշխատում է, սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցնում է, որ հարցը խմբակցությունում չի էլ քննարկվել, եւ մինչ օրս հնչեցված կարծիքներն անձնական են։ «Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ բոլոր դերակատարները, այդ թվում՝ ՀՀԿ-ն, պետք է ներգրավվեն քաղաքական խորհրդակցություններում եւ բանակցային ճանապարհով հասնեն որեւէ որոշման»,- իր անձնական տեսակետը ներկայացրեց նա՝ մանրամասնելով․ «Ինչո՞ւ է կարեւոր որեւէ որոշման հասնելը հենց քաղաքական հիմնական բանակցողների ներգրավմամբ եւ բանակցային եղանակով, որովհետեւ դա կարեւոր է ոչ այնքան սպասվող արդյունքի տեսանկյունից, որքան այդ արդյունքի ունեցած ազդեցության՝ երկրում զարգացման տեսանկյունից»։ ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ցանկալի է, որ բանակցողներից յուրաքանչյուրը խնդրին մոտենա պետական շահի տեսանկյունից, իսկ իր կարծիքով՝ պետական շահից բխում են արտահերթ ընտրությունները։ «Քանի դեռ հարցը կուսակցությունում չի քննարկվել, ես կարծիք հայտնել չեմ ցանկանում։ Թույլ տվեք իմ անձնական կարծիքը ներկայացնել գործընկերներիս, նոր բարձրաձայնել»,- ասաց նա։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**