«Սև շորերից, բորդո վարդից ազատվել ենք»․ խորհուրդներ հաջողակ բիզնեսմենից

«Սև շորերից, բորդո վարդից ազատվել ենք»․ խորհուրդներ հաջողակ բիզնեսմենից
«Էնի Ռոուզ» խանութի սեփականատեր Արտաշես Լալազարյանը հաջողության դասական պատմություն ունի եւ կարող է ոգեւորել ցանկացած ազնիվ մարդու, որն ուզում է զրոյից, առանց հովանավորության բիզնես հիմնել։



Նրա ծաղկի խանութը Թումանյան փողոցում բացվել է 2009 թվականին եւ ընդամենը 4 ամսում ցանցային հարցումների արդյունքով առաջին տեղում հայտնվել։ Այսօր էլ, շատերի կարծիքով, «Էնի Ռոուզը» Երեւանի ամենահայտնի ու «կրեատիվ» ծաղկի խանութն է։ Արտաշեսը վստահեցնում է, որ բիզնեսը սկսել է զրոյից, ոչ մի հովանավորություն չի ունեցել, երկար տարիներ քնել է օրը 3 ժամ, 21 ժամ աշխատել։ Հիմա իրեն թույլ է տալիս 8 ժամ հանգստանալ։ Վերջին տարում առաջարկներ է ստացել՝ «Էնի Ռոուզ»-ի նմանակները բացել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ռուսաստանում։ Պատմում է․ «Աբու Դաբիից վերջերս երեք հոգի եկել էին՝ դեպուտատ, հարուստ ընտանիքից մեկը, մեկն էլ՝ բլոգեր։ Հրավիրում էին, որ այնտեղ խանութ բացեմ։ Բայց այստեղ հեղաշրջում եղավ, ես հետաձգեցի բոլոր առաջարկներին պատասխաններս։ Հիմա սպասում եմ։ Եթե լավ օրենքներ ընդունեն, կմնամ»։



**-Ի՞նչը կփոխեիք հարկային օրենքներում, որ բիզնեսը հեշտանար։**



-Ես գտնում եմ, որ պետք է ֆիքսված գումար լինի որոշված, որ բիզնեսմենը վճարի մեկ տարվա համար ու հանգիստ աշխատի։ Եթե բիզնես ես անում եւ չունես տարածք, պետք է վարձակալես։ Վարձակալությունն արժե, ասենք, 1000 դոլար։ Այսինքն ստացվում է, որ ինքնարժեքի մեջ արդեն 33 դոլարը վարձակալությունն է։ Սրան գումարած՝ լույս, ջուր, աշխատավարձ, վերջում էլ անհատ ձեռներեց կլինես, ՍՊԸ կլինես, եթե եկամուտդ ինչ-որ ֆիքսված գումարից անցավ, արդեն ԱԱՀ պետք է մուծես։ Սա չի թողնում, որ բիզնեսը զարգանա։ Իսկ եթե ֆիքսված գումար լինի, բիզնեսն ավելի կանխատեսելի կդառնա։ Դուբայը, օրինակ, այդպես է զարգացել։ Ճիշտ է, անցած տարի այնտեղ 5 տոկոս հարկ մտցրեցին, բայց բողոքներ կան, որովհետեւ սովոր չէին մարդիկ դրան։ Վճարում էին տարվա համար ինչ-որ գումար եւ ազատ աշխատում էին։ Մի միլիոն կստանաս, թե տակ կտաս, ոչ մեկին չի հետաքրքրում։



**-Օրինակ, Դուք ի՞նչ բարդություններ ունեք։**



-Ես աշխատում եմ գյուղացիների հետ, նրանց ազատել են հարկից, իսկ ինձ ասում են՝ դու մուծի։ Գյուղացին թուղթ չի բերում, եւ հիմք չկա, որ ես այդ ծախսն արել եմ։ Ես ծախս կարող եմ ցույց տալ, եթե նա, ումից ես ապրանք եմ վերցնում, ԱԱՀ-ով է աշխատում։ ԱԱՀ-ով աշխատող 1-2 ջերմոց կա Հայաստանում, մնացածը առնում են անհատ ձեռներեցից։ Արդյունքում մեր ծաղիկը դրսի վաճառողից ավելի բարձր գնով ենք վաճառում։ Իհարկե, մեր հաճախորդը չի նեղվում, գիտի, որ մերը ճիշտ պայմաններում պահած ծաղիկ է։ Փողոցինն ի՞նչ է, մի սեղան են դնում ծաղիկների համար, մի շիշ ծաղիկները ցողելու համար։ Իսկ ես խանութում միշտ հատուկ ջերմաստիճան եմ պահում, դիզայներներ են աշխատում։ Նույնիսկ դպրոց ունենք՝ սովորեցնում ենք ծաղկի դիզայն։



**-Իսկ Դուք փորձե՞լ եք ինքներդ աճեցնել։**



-Դա այլ բիզնես է, որը պահանջում է եւս 24 ժամ աշխատանք։ Եթե ես դա անեմ, կարող է երկուսն էլ կորցնեմ։ Ծաղիկը պահանջում է, որ դու իրեն 24 ժամ սիրես, շոյես, ջուր տաս, պահես, նույնիսկ կան ջերմոցներ, որոնք ծաղիկներին երաժշտություն են մատուցում։ Երեխան ո՞նց է փորի մեջ՝ լավ է զգում, որ հետը խոսում ես, փայփայում ես։ Նույնն էլ ծաղիկն է։



**-Հիմա կառավարությունը նոր տնտեսական քաղաքականություն է մշակում, հարկային օրենքներ։ Հայաստանում ո՞ր ճյուղն ապագա ունի։**



-Տուրիզմը։ Ինձ համար լավագույն օրինակն էլի Դուբայն է։ Այնտեղ հարկ չէին վերցնում, բոլորը գնացին այնտեղ, ու հիմա իրենց էլ պետք չէ մանր բիզնեսը, վերացնում են։ Իրենց 95 տոկոս եկամուտը տուրիզմից է։ Արդեն ստեղծել են 2-3 հազար հատ 5-աստղանի հյուրանոց։ Ամեն ինչի ամենալավն իրենց մոտ են ստեղծում՝ ամենաբարձր շենքը, ամենալավ ավիաուղիները, հիմա կառուցում են ամենաբարձր Սատանի անիվը, որն Անգլիայի Սատանի անիվից մեծ է։ Ամբողջ աշխարհից գնում են Դուբայ՝ հաշվի չառնելով, որ այնտեղ ահավոր շոգ է։ Ու լավ են վերաբերվում տուրիստներին։ Այն, ինչ իրենց քաղաքացիներին արգելված է, տուրիստներին կարելի է։ Ես Հայաստանին կառաջարկեի «Турист всегда прав» կարգախոսը։ Պետք է շոյել, փաղաքշել, ուրախացնել տուրիստին։ Ռեստորաններում ծամոն նվիրել, ծաղկի խանութում՝ ծաղիկ։ Խանութներում, օդանավակայանում մարդկանց պետք է ժպիտով դիմավորել, օդանավակայաններում հատուկ գեղեցիկ ժպիտ ունեցող մարդկանց ընդունել աշխատանքի։ Իսկ մեզ մոտ… իջնում ես երկար թռիչքից հետո, հոգնած, տեսնում ես օդանավակայանի աշխատողը տխուր դեմքով Ֆեյսբուքն է փորփրում, դեմքիդ էլ չի նայում։



**-Հայաստանի բոլոր վարչապետները հրամայել են տուրիզմ զարգացնել, բայց ոչինչ չի ստացվել։ Ի՞նչ պետք է անել։**



-Շեյխ Զաիդի խոսքով ասեմ․ ինքն ասել է՝ դու սարքի, տուրիստը կգա։ Այդպես էլ Դուբայը կառուցեցին, սարքեցին ճոխ շենքեր, ամենամեծ «մոլը», ու մարդիկ գնացին։ Դուբայն ի՞նչ էր։ 70-ական թվերից է սկսել զարգանալ։ 40 տարում 200-300 տարի զարգացող երկրներից անցավ։ Տուրիզմը երկրի համար ամենալավ բիզնեսն է, մարդիկ գալիս են երկրում փող թողնելու ու գնալու։



**-Դուբայը ծովի ափին է, մենք ծով չունենք։**



-Ո՞րն է իրենց ծովը։ Մի Պարսից ծոց ունեն, ջրի ջերմաստիճանը՝ 60 աստիճան։ Որ մտնում ես, ոնց որ տաք վաննա ընդունես։ Լողանալ լինում է մեկ-երկու ամիս մաքսիմում։ Բնությունը, ծառերը, կանաչը՝ բոլորն արհեստական են, ավազի վրա «շլանգով» աճեցրած։ Մենք իսկական բնություն ունենք։



**-Առաջ հաշվի չէին առնում գործարար մարդկանց, հարկայինը «ռեկետ» էր անում, Դուք փոփոխություն զգո՞ւմ եք։**



-Հարկայինի հետ ես խնդիր չեմ ունեցել, ես նույնիսկ մեծ գումար եմ ներդրել, որ փողոցը բարեկարգեմ, խանութից դուրս հատվածը գեղեցկացրել եմ։ Ուրիշներին պետք է պարտադրեին, որ տարածքը բարեկարգեն, իսկ մեզ մոտ ամեն տոնին գեղեցիկ սարքված է։ Դրա համար մեր հանդեպ լավ են եղել։



**-Դուք անձա՞մբ եք ընտրում վաճառքի համար ծաղիկներ։**



-Այո։ Նախ գնում ենք շուկա։ Ծաղկի մեծածախ շուկայի գները խայտառակություն են՝ օրվա մեջ 200-300 տոկոս կարող է թանկանալ ծաղկի մեծածախ գինը ու կրկին իջնել, գումարած՝ ջերմոցների հետ աշխատանքով եմ զբաղվում։



**-Դուք երաժշտությամբ «պառնիկների» հե՞տ եք աշխատում։**



-Նաեւ՝ նրանց հետ։ Այնտեղ ավելի թանկ է, բայց ծաղիկներն ավելի լավն են, նոր տեխնոլոգիայով են աճեցնում։ Բնականաբար, որակը չի հասնում Էկվադորին։ Դրա համար Էկվադորից, Հոլանդիայից էլ ենք բերում վարդեր։ Մեզ մոտ կան ծաղիկներ, որ հոլանդականից լավն են։ Բայց այնտեղ օգտագործում են հատուկ նյութեր, որ ծաղիկը երկար քնի, կտրես դնես ջուրը՝ արթնանա եւ այլն։ Դրանք թանկ են, եւ մերոնք չեն օգտագործում։ Բայց կան տեսակներ, որոնք մեզ մոտ ավելի լավ են աճում, քան Հոլանդիայում՝ օրխիդեայի որոշ տեսակներ, ֆալինոպսիս, աստրոմերիա։ Մի ժամանակ հարսանիքների համար էին պատվիրում, իսկ հիմա մեզ մոտ աստրոմերիան այնքան է շատացել, որ դարձել է «պսակի» ծաղիկ։ Արդեն դուրս է եկել մոդայից, ոչ ոք դա չի գնում նվերի համար։



**-Իսկ ո՞րն է հիմա մոդայիկ։**



-Վարդը։ Միշտ մոդայի մեջ է։ Մեր ազգը սիրում է վարդ, վարդ ու վարդ։ Հիմա մի քիչ փոխվել ենք։ Ոնց որ սեւ շորերից դուրս ենք եկել, սկսել ենք գունավոր հագնել, այդպես էլ կարմիր, բորդո վարդից ենք հրաժարվում։ Ժամանակին 80 տոկոսով դա էր վաճառվում, իսկ հիմա արդեն սովորել ենք, որ կարող է վարդը դեղին, վարդագույն, սպիտակ լինի, մանուշակագույն, կանաչ, կաթնագույն։ Հիմա բորդո վարդը վաճառքի հինգ տոկոսն է։



**-Մեկ-երկու օրից քաղաքապետի ընտրությունն է։ Նոր քաղաքապետն ինչի՞ վրա ուշադրություն դարձնի։**



-Ամբողջ քաղաքի վրա։ Որոշ բաներ կենտրոնից պետք է վերացնեն, կենտրոնը թողնեն տուրիստին։ Նախարարությունները կարող են տանել ծայրամասեր։ Ասենք, մի նախարարություն տանեն 15 թաղամաս, մյուսը՝ Բանգլադեշ, ու այդ մասերը կզարգանան։ Ֆիննախը տանեն Արեշ։ Ինչքան աշխատող կա, այնտեղ կսկսի սնվել, բիզնեսը կզարգանա։ Մեծածախ առեւտրի կետերը պետք է հանեն քաղաքից դուրս, ներսը թողնեն տուրիստի համար։ Ես կառաջարկեի, որ մեր վարչապետը գնա դուրս, խնդրի մի միլիարդատեր հայի, որը, օրինակ, Մոսկվայում մի 3 հազար հատ խանութ ունի, խնդրի, ասի՝ քեզ, չգիտեմ՝ պատվավոր քաղաքացի ենք տալիս, 1000 հեկտար հող ենք տալիս, ինչ ուզում ես, այդտեղ աճեցրու, բայց արտահանիր, որ տեղի բիզնեսներիս չխանգարես։ Ո՛չ հարկ ենք քեզնից ուզում, մենակ պամիդոր, բիբար, վարունգը մեր ազգից պետք է առնես քո խանութների համար։ Մենք հազարավոր հեկտարներ հող ունենք դատարկ։ Մի հող նվիրեն իրեն, մի շենք, ինչ ուզում է․ ինչքա՜ն բան ենք նվիրել անիմաստ։ Ես գաղափարն եմ ասում։ Շատերը պամիդոր եւ բիբար, բադրիջան կաճեցնեն, կտանեն-կհանձնեն։ Մենք աշխատող ազգ ենք։ Հայերը լավ են ապրում ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից։ Ես դրսում աղքատ հայ չեմ տեսել, կան աղքատներ, սպասում են, որ Եվրոպան իրենց փող տա, կամ խանութից երշիկ գողանան, բայց դրանք ծույլերն են։



**-Դուք որտե՞ղ եք ավարտել։**



-Էկոնոմիկայի եւ կառավարման մասնագետ եմ։ Հետո՝ ամբողջ աշխարհի բիզնեսն ուրիշ է, Հայաստանինը՝ ուրիշ։ Օրինակ, եթե Ռուսաստանում մի տեղ կարողանում ես հերթ գոյացնես, ուրեմն քո բիզնեսը ստացվեց։ Ռուսը եթե տեսնում է, որ մի տեղ հերթ է, խելոք գալիս կանգնում է, հետո նոր հարցնում՝ ինչի՞ համար է հերթը։ Մեր ազգը հերթ չի սիրում։ Բոլորն ուզում են, որ այդ օրն իրենց առաջինը սպասարկեն։ Ռուսաստանում եթե մարդը գիտի, որ հարսանիք է, երեք օր առաջ փունջ է պատվիրում, իսկ մերոնք նույն օրը, վերջին րոպեին են պատվեր տալիս։



**-Դուք հեղափոխությունից հետո Ձեզ ավելի՞ լավ եք զգում, թե՞ ցնցումներ եք սպասում։**



-Մեկ ամիս հետո, եթե ցրտերը սկսվեն, կեսը գնալու են։ Մտավախություն կա, որ մի ամիս հետո շատ վատ կարող է լինել բիզնեսը Հայաստանում, եթե պայմաններ չստեղծվեն։ Ես կառաջարկեի տուրիստների համար ստեղծել մի մեծ բողոքի արկղ, որտեղ տուրիստը գնա՝ իր հարցով բողոքի։ Տուրիստներին շատ են խաբում։ Ուշադիր պետք է լինել։ Մեզ մոտ մի շրջան Ֆիլիպիններից էին գալիս Դուբայով, մի երկու օր մնում էին, գնում էին։ Նրանք էլ են քրիստոնյա։ Հոսթելները սկսեցին զարգանալ նրանց հաշվին, Դուբայի չվերթներն ավելացան, բայց հիմա էլ չեն գալիս։ Ինչ-որ մի երկիր նրանց տարավ՝ տոմսերն էժանացրին, թե հոսթելները, չգիտեմ։ Հասկանալ է պետք։



**-Պետությունն այստեղ անելիք ունի՞։ Ի՞նչ պետք է անի։**



-Օրինակ, Եվրոպայում ո՞նց է, բողոքում են, որ հարկերը շատ են, բայց պետությունը բիզնեսի հետ հավասար աշխատում է։ Ոնց որ մի հարուստ փայատեր ունենաս, մի բան ասես, ինքը մի վայրկյանում լուծի։ Գերմանիայում, օրինակ, 50-60 տոկոս հարկ է քեզնից վերցնում պետությունը, բայց հենց քեզ փող է պետք, տալիս է, հենց քեզ նեղացնում են, կողքիդ է, մի բան ես ուզում անել, կողքիդ է։ Այդպես է պետք անել։



**-Հիմա պատերազմ է հայտարարված նախկինում խախտումներ արածների դեմ։ Ո՞րն է ճիշտ՝ ներե՞լը, թե՞ պատժելը։**



-Ես էլ եմ խախտումով աշխատել էն ժամանակ՝ պատահել է։ Համակարգ է եղել, չկային առանց խախտումների աշխատողներ։ Մի հաշվեհամար է պետք բացել ու ասել, որ բոլորն այնտեղ գումար դնեն։ Ով սահմանված գումարը վճարի, թող ներեն։