Տրանսպորտի նախարարությունը չունի համարձակություն նեղացնելու ռուսական ընկերությանը

Տրանսպորտի նախարարությունը չունի համարձակություն նեղացնելու ռուսական ընկերությանը
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, և երեկ հերթական նիստը անցկացրեց: Հիմքը «ԱՄ գրուպ» ընկերության բողոքն է: Նիստը հետաձգվեց, քանի որ կողմերից մեկը ժամանակ խնդրեց վարույթի նյութերին ծանոթանալու համար: Ռուսական ընկերության դեմ բողոք ներկայացնող «ԱՄ գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է վագոնների առք ու վաճառքով, «Երկաթուղու» վաղեմի թշնամին է: Այս երկու ընկերությունները, որոնք նախկինում գործընկերներ են եղել, արդեն մի քանի տարի է, դատական հայցեր են ներկայացնում միմյանց դեմ: Վեճը առաջացել է 2014 թվականին, երբ «ԱՄ գրուպը» ձեռք է բերել 40 միավոր երկաթուղային բեռնատար վագոններ, վաճառքի պայմանագրեր է կնքել վրացական ընկերությունների հետ, իսկ «Երկաթուղիները» պետք է դրանք փոխադրեին Վրաստան, սակայն չի փոխադրել: «Շուրջ չորս տարի վագոններն ապօրինի պահել է իր տիրապետման տակ, կամայական հրաժարվել է վագոնները փոխադրել Վրաստանի նշանակման վայր և փոխադրման պարտավորությունը չկատարելով հանդերձ՝ շահագործումից դուրս գրված վագոնների նկատմամբ հաշվարկել է 158,286,000 ՀՀ դրամի չափով պարապուրդի վճար, այն դեպքում, երբ մեր միջև առկա չեն եղել վագոնները պահպանելու, կամ «ՀԿԵ» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծերի վրա վագոնների կանգի, պարապուրդի վճար հաշվարկելու/վճարելու պարտավորաիրավական հարաբերություններ». - գանգատվել է «ԱՄ գրուպի» տնօրենը Նիկոլ Փաշինյանին գրված բաց նամակում, խնդրելով, որ միջոցներ ձեռնարկի, որ գերիշխող դիրք ունեցող «ՀԿԵ» «ԱՄ Գրուպ»-ի վագոնները փոխադրի Վրաստան, իսկ ՏՄՊՊՀ-ն հնարավոր սեղմ ժամկետում կայացնի որոշում: 2016 թվականից Քննչական կոմիտեն քրեական գործ է քննում «ԱՄ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանի դիմումի հիման վրա: Նա հայտնել էր այս նույն փաստերը, որ «Հարավկովկասյան երկաթուղին» չի կատարել իր ընկերության առաջ ստանձնած պայմանագրային պարտավորությունը և ձախողել է իրեն 40 վագոնների մատակարարումը: Ըստ «ԱՄ ԳՐՈՒՊ»-ի` դրա հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս, վաճառված 40 վագոններից 12-ը դուրս են գրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռից այն դեպքում, որ դուրս գրման պահին հայտնի չեն եղել 12 վագոններից 8-ի սեփականատերերը, իսկ մեկ վագոն եղել է Լատվիայի Հանրապետության սեփականություն: «Երկաթուղու» դեմ քրեական գործ հարուցվեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, օգտագործելը հատկանիշներով: ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը հայտնեց, որ «ԱՄ գրուպ» ընկերության բողոքի հիման վրա վարույթը նույնպես վերաբերում է չմատակարարված վագոններին: «Մի քանի նիստ անցկացվել է: Վերջնական որոշումն ընդունվելու պես կհրապարակվի», - ասաց նա: ՏՄՊՊՀ-ն երկրորդ անգամ է զբաղվում «Հարավկովկասյան երկաթուղով»: 2015 թվականին հանձնաժողովը ուսումնասիրություններ կատարեց և «Երկաթուղուն» խիստ նախազգուշացում տվեց և առկա թերացումները հետևողականորեն շտկելու հանձնարարական: Շաբոյանի հանձնաժողովը երկարատև ուսումնասիրություններ էր կատարել ընկերությունում, բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել և մի ամբողջ փաթեթ նյութեր էր ուղարկել Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Բայց նախարարությունը մշտապես աչք է փակել «Երկաթուղու» թերացումների վրա, մատների արանքով նայելով դրանց, չունենալով համարձակություն վնասել ռուսական ընկերությանը: