Կրինիցայի ֆորումին չմասնակցելը պատճառաբանված չէ

Կրինիցայի ֆորումին չմասնակցելը պատճառաբանված չէ
Հայաստանի չմասնակցելը սեպտեմբերի 4-6-ը Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում տեղի ունեցած տնտեսական ֆորումին լարված երկխոսության, էպիստոլյար վեճի առարկա դարձավ երկրի թիվ մեկ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի միջեւ։ Լեհական Կրինիցայի միջազգային ֆորումն Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցող նմանատիպ խոշոր միջոցառումներից մեկն է։ Այն համեմատում են Դավոսի համաժողովների հետ եւ երբեմն անվանում են լեհական Դավոս։ Դրան մասնակցում են գալիս քաղաքական ղեկավարներ, տնտեսական եւ հասարակական գործիչներ, ոլորտային փորձագետներ, գործարար մարդիկ, լրագրողներ Եվրոպայից, Ասիայից եւ Ամերիկայից։ Այս անգամ այն անցնում էր «Ընդհանուր արժեքների՞, թե՞ ընդհանուր շահերի Եվրոպա» խորագրի ներքո։ Համաժողովի աշխատանքներին այս անգամ եւս, ինչպես նախորդ տարիներին, մասնակցում էին աշխարհի բոլոր անկյուններից մոտ 5 հազար փորձագետներ, պաշտոնյաներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։ Հայաստանը, սակայն, հավաքին չի մասնակցել։



ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ՖԲ էջում նշել է, որ 5 հազար տնտեսագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, վարչապետներ ու նախագահներ են մասնակցել համաժողովին, որի հիմնական թեման Մետաքսի ճանապարհն է եղել, որը Եվրասիա մայրցամաքի գլոբալ ծրագիր է, եւ որին բոլորն են ուզում մասնակցել։ «Թուրքիան կառուցում է Արեւելք-Արեւմուտք մագիստրալը, Ստամբուլի օդանավակայանը կաշխատի HUB-ի տարբերակով՝ հոկտեմբերի 1-ից (200 մլն ուղեւորաշրջանառությամբ), նմանատիպ մի HUB էլ լեհերն են կառուցում, վրացիք ներկայացնում էին Թբիլիսիի նոր օդանավակայանը, որը կառուցելուց հետո էլ ավելի կիջնի «Զվարթնոցի» դերը։ Ադրբեջանը հպարտանում էր Բաքվից Իրան երկաթգծով ու դեպի Աստարա ճանապարհով (գազամուղն ու նավթամուղը՝ մի կողմ)։ Ղազախստանն առաջարկում էր մայրցամաքի ֆինանսական կենտրոն դարձնել Աստանան։ Բա ո՞նց, մարդիկ բիզնես են գեներացնում։ Վրաստանից, օրինակ, մի 25 հոգի կլինեին։ Լավ, սա էլ հո գազ ու նավթ չէ՞, որ մեզ շրջանցեն։ Մեր պետական այրերից մարդ չիք»։



Եթե Հայաստանի վարչապետը մասնակցեր Կրինիցայի ֆորումին, ապա Հայաստանին նվիրված հատուկ պլենար նիստ էր հրավիրվելու, որի ժամանակ նա ընդամենը պետք է հիմնավորեր, որ ավելի գերադասելի է, եթե Մետաքսի ճանապարհն անցնի Հայաստանով, ինչպես եղել է միջնադարում։ Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի տնտեսագետները վերլուծում են չինական այս խոշորագույն ծրագրի հեռանկարները Հայաստանի համար, տարբեր հարթակներում հիմնավորում են, որ մայրուղիների ընտրության հարցում Հայաստանն առավելություն ունի, քանի որ լավ հարաբերություններ ունի ե՛ւ Չինաստանի, ե՛ւ, ի տարբերություն Ադրբեջանի՝ նաեւ Իրանի հետ, ուստի Չինաստանի համար առավել արդյունավետ է այդ ճանապարhն անցկացնել Հայաստանով։ Սակայն մեր կառավարությունը ներկայացուցիչ չուղարկեց։



Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը Araratnews.am կայքի միջոցով Բագրատյանին պատասխանել է, որ իր մասնակցությունը բավարար է Հայաստանը ներկայացնելու համար, որ իրենք ուշ են ստացել հրավերը, որ առջեւում կարեւոր միջոցառումներ ունեն՝ Երեւանի տոնակատարություն եւ այլն, եւ իրենք ծանրաբեռնված են, այլ կերպ ասած՝ ժամանակ չունեն մանր-մունր ֆորումների վրա վատնելու, նաեւ փող չունեն։ «Եթե մենք մասնակցեինք, մի քանի տասնյակ հազար դոլարներ պետք է ծախսեինք»,- գրել է Սիսեռյանը, նաեւ փորձել է ուղղել Բագրատյանին։ «Բագրատյանը գրել է, որ ֆորումին մասնակցել են նախագահներ, վարչապետներ, սակայն իրականում այդքան էլ այդպես չէ: Ներկա են եղել Ռումինիայի էներգետիկայի նախարարը, Պորտուգալիայի համալսարանի պրոռեկտորը: Հիմա այսքանից հետո ինչքանո՞վ է ճիշտ փոխվարչապետի կամ նախարարի մակարդակով մասնակցել միջոցառմանը»,- հակադարձել է Սիսեռյանը Հրանտ Բագրատյանին՝ մոռանալով, որ նրան որոշ տնտեսագետներ, պատգամավորներ եւ անգամ եվրոպական պաշտոնյաներն են խուսափում հարցեր ուղղել, քանի որ չգիտեն, թե ինչ կլինի դրանից հետո՝ կխայտառակվե՞ն, տապալվելով նրա թվերի ու փաստերի տարափի տակ, թե՞ Աստված կխնայի։ Այս անգամ չխնայեց։



Բագրատյանը շուրջ 40 վարչապետների, փոխվարչապետների, խորհրդարանների նախագահների եւ նրանց տեղակալների, նախարարների եւ փոխնախարարների մի ամբողջական ցուցակ ներկայացրեց Սիսեռյանին՝ հավելելով, որ խոսքն ընդամենը 800-900 դոլարի ծախսի մասին է՝ մեկ մասնակցի համար, իսկ եթե կառավարությունը ծանրաբեռնված է, «ուրեմն պակաս կարեւոր բաների վրա ժամանակ մի ծախսեք կամ էլ ավելացրեք կառավարության անդամների աշխատանքի արտադրողականությունը»։ **Հրանտ Բագրատյանն** առանց որեւէ մեկի հուշելու էլ է ներկայացրել Հայաստանը։ «Բայց խնդիրն այն է, որ պետք է ներկայացնել պետության տեսակետն ու դիրքորոշումը»,- գրում է նա։ Նախկին վարչապետին հարցրինք, թե ինչ զեկույց է կարդացվել Կրինիցայում։ Նա պատասխանեց կարճ․ «Ես կանխատեսում եմ ներկայացրել, թե առաջիկա 20 տարում աշխարհում ՀՆԱ-ն ինչքան կաճի, ՀՆԱ-ին զուգահեռ արտաքին առեւտուրն ինչքան կաճի, արտաքին առեւտրին զուգահեռ բեռնաշրջանառությունն ինչքան կաճի։ Տոննայով բեռնաշրջանառությունը բաժանել էի 4 մասի՝ ցամաքային, օդային, երկաթուղային, ծովային։ Ապա ցույց էի տվել, թե որքան բեռ կընկնի հարավային երկաթգծի ուղղության վրա»։



Անձնական նախաձեռնությամբ Կրինիցա էր մեկնել նաեւ տնտեսագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Նրան՝ որպես «անկախ արբիտրի», հարց տվեցինք, թե արդյոք կարեւո՞ր էր ՀՀ կառավարության մասնակցությունը լեհական տնտեսական ֆորումին։ «Կրինիցայի համաժողովն Արեւելյան Եվրոպայի ամենամեծ քննարկման հարթակներից է՝ տրամադրություններ շոշափելու համար, որովհետեւ լուրջ փորձագիտական ներկայացուցչություն կար, ինչպես նաեւ եվրոպական երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինում, եւ հնարավորություն կար ավելի հանգիստ միջավայրում միմյանց հետ կարծիքներ փոխանակել, պայմանավորվածություներ ձեռք բերել։ Այն հաջողությամբ օգտագործում են երկրները, որոնք, օրինակ, ինչպես Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը, հույս ունեն իրենց արտաքին քաղաքական կուրսն ավելի հասկանալի դարձնել, դաշնակիցներ գտնել՝ ներդրումներ դեպի իրենց երկրներ ուղղելու համար։ Ահա ինչու կարեւոր եմ համարում, որ Հայաստանը նման հարթակներում ներկայացված լինի բարձր մակարդակով, չլինի միայն փորձագիտական շրջանակներից մասնակցություն։ Բացի դա, հնարավորություն կա լավ բացատրելու, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, նաեւ նոր ինովացիոն ծրագրեր են ներկայացվում եւ այլն։ Եվ այս տեսակետից լավ կլիներ, եթե Հայաստանը ներկայացված լիներ»։ Ըստ Մելիք-Շահնազարյանի, մեծ հետաքրքրություն կար Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ, բազում հարցեր կային կուտակված։ «Եվրոպացիք առիթը բաց չէին թողնի՝ տեսնելու Հայաստանի ներկայացուցչին ու այդ հարցերը բարձրացնելու, իմանալու, թե ինչ հնարավորություններ են բացվում մեր երկրում հեղափոխությունից հետո։ Ահա ինչու գտնում եմ, որ պարտադիր չէր մասնակցությունը պաշտոնյաների, բայց ցանկալի էր»։ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գումար էր անհրաժեշտ մասնակցության համար, եւ նա պատասխանեց․ «Մասնակիցների հաշվին էր միայն Երեւանից մինչև Կրակով և հետդարձին՝ Կրակովից մինչև Երեւան ճանապարհածախսը: Մնացածը ապահովում էին կազմակերպիչները»:։ Մելիք-Շահնազարյանը 5-6 տարի է՝ մասնակցում է Կրինիցայի ֆորումին, եւ ամեն անգամ մասնակցության ծախսը կազմել է մոտ 120-130 հազար դրամ։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**