Իշխանություններն ընկան ՀՀԿ-ի լարած թակարդը

Իշխանություններն ընկան ՀՀԿ-ի լարած թակարդը
Նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, օրենքի խախտմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսելու ժամանակը երկարացրեց՝ հնարավորություն տալով նրան մինչեւ վերջ պատմել, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր եւ դատավորների միջեւ Խաչատուրովին եւ մյուսներին կալանավորելու առնչությամբ։ Մեր աղբյուրներն ասում են, որ թեեւ արտաքուստ սպոնտան, բայց լավ մտածված քայլ էր։ Բաբլոյանն ուզում էր ընդհատել Փաշինյանի ելույթը, բայց ՀՀԿ-ականները նրան շատ արագ հուշեցին՝ թույլ տալ, որ վարչապետն ավարտի խոսքը։ Փաշինյանն էլ սիրով օգտվեց այդ «բացառիկ հնարավորությունից»։ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ վարչապետը կշարունակի, իր սովորույթի համաձայն, խոսել եւ «բացվել»՝ ներկայացնելով սկանդալային հեռախոսազրույցի եւ դատավորների հետ իր խոսակցությունների մանրամասները՝ դրանով ՀՀԿ-ին նոր հաղթաթղթեր տալով։



Իսկ երեկ ՀՀԿ-ականները տոնեցին իրենց մինի-հաղթանակը՝ ձեւավորեցին քննիչ հանձնաժողով, որը կքննի վարչապետի եւ նրա թիմակիցների կիքսերը։ Իսկ միայն այն փաստը, որ վարչապետը խոսել է դատավորների հետ, արդեն կիքս է։ Չի բացառվում, որ քննիչ հանձնաժողովը վաղը որոշի վարչապետի ելույթի հիման վրա հերթով բացահայտել, թե ովքեր են եղել նրան զանգող դատավորները եւ ինչու։ Թերեւս նաեւ դա էր պատճառը, որ Փաշինյանի թիմակիցները երեկ ամեն գնով փորձում էին կասեցնել այս հանձնաժողովի ձեւավորումը, թեպետ այն արդեն ձեւավորվել էր օրենքի ուժով, եւ ընդամենը հարկավոր էր կազմը հաստատել։ Հանձնաժողովի կազմը բաղկացած է 11 հոգուց, որտեղ Դոնթի բանաձեւով ՀՀԿ-ն կունենա 5 անդամ, ԲՀԿ-ն՝ 3, ՀՅԴ-ն` 1, իսկ «Ելք»-ը՝ 2։ Սա արել են, որ «Ելք»-ից հանձնաժողովի կազմում ընդգրկվեն ե՛ւ Ալեն Սիմոնյանը, ե՛ւ Էդմոն Մարուքյանը՝ որպես իրավաբաններ, որ նրանց միջեւ պայքար չգնա, թե ով է լինելու։ ՀՀԿ-ից հանձնաժողովի կազմում կլինեն Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Կոստանյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանն ու Ալիկ Սարգսյանը։ Նրանցից առաջին երեքը, որ ՀՀԿ-ի «ծանր հրետանին» են համարվում, երեկ գործի դրեցին իրենց ողջ իրավական ներուժը, որ չեզոքացնեն «Ելք»-ի հարձակումներն ու ապացուցեն, որ կարելի է նման հանձնաժողով ստեղծել, չնայած կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս, եթե կա հարուցված քրգործ։ Իրենց ուզածին հասնելու համար ՀՀԿ-ականներն անգամ փոխեցին հարցի վերնագիրն ու մի խճճված, երկարաշունչ ձեւակերպում հնարեցին, որ հիմնավորեն, թե դրանով չեն խոչընդոտում նախաքննությանը։ Վստահաբար, ՀՀԿ-ի իրավաբանները նույն պրոֆեսիոնալիզմով կհիմնավորեին նաեւ, թե ինչու չի կարելի քննիչ հանձնաժողով ստեղծել այս հարցով, եթե դրա առաջարկը լիներ ոչ թե իրենց, այլ «Ելք»-ի կողմից։ Հարցը վերնագրեցին այսպես․ «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին»։



Ի դեպ, դատախազությունը հարուցել է երկու քրեական գործ․ առաջինը՝ գաղտնալսում իրականացնելու փաստի առթիվ, հարուցվել էր ավելի վաղ։ Իսկ մյուս քրգործն արդեն խոսակցության բովանդակությանն է վերաբերում եւ հարուցվել է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալների հիման վրա։ ՀՀԿ-ականներն արդեն հայտարարում են, որ դատախազությունն այս երկրորդ գործը հարուցել է, որպեսզի դրանով կանխի քննիչ հանձնաժողովի ձեւավորումը։ Բայց հանձնաժողովը ձեւավորվեց օրենքի ուժով՝ անհրաժեշտ ստորագրությունների առկայությամբ։ Եթե դատախազությունը որոշի երրորդ քրգործը հարուցել արդեն այն հատկանիշներով, որոնք մատնանշված են հանձնաժողովի կողմից քննվող հարցի վերը նշված ձեւակերպման մեջ, ապա հնարավոր է առաջանա այս հանձնաժողովը լուծարելու հարցը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**