Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կրկին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։



**«Հրապարակ»**-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը փոխանցեց, որ 10 օր առաջ Սեֆիլյանը դիմել է քաղաքացիություն ստանալու համար․ «Աշխատում են։ Վերջին կետին է հանձնված։ Ինձ ասացին, որ պատրաստ է, շուտով կլինի»։



Նշենք, որ օրենքը սահմանում է, որ դիմած անձը 6 ամսվա ընթացքում պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն։



Նշենք նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռ 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, դիմել էր Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, սակայն դիմումն անպատասխան էր մնացել, իսկ արդեն 2006 թվականին մերժվել էր նրա երկրորդ դիմումը:



2006 թվականին Սեֆիլյանը ձերբակալվել էր եւ այնուհետեւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման ապօրինաբար զենք պահելու համար: Բանտարկության ժամանակ Սեֆիլյանը եւս մեկ անգամ դիմել էր քաղաքացիություն ստանալու համար, սակայն անձնագրերի եւ վիզաների վարչությունը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր ընդունել դիմումը: