Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով․ Վլադիմիր Կազիմիրովի անդրադարձը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով․ Վլադիմիր Կազիմիրովի անդրադարձը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին
Բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ փլուզման գործում քիչ դերակատարություն չունեցավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը առաջ եկավ կապված Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հետ։ Այն անկասկած ազդեց երկու ազգերի միջեւ հարաբերությունների վրա վիթխարի, միասնական, սակայն բազմազգ պետության մեջ։ Ունենալով իր նախապատմությունը եւ նոր փուլով սկսվելով 1988-ի փետրվարին՝ այն աստիճանաբար քաղաքական պրոցեսից վերաճեց ռազմական հակամարտության, տանելով մեծ թվով զոհերի, բերելով ավերածություններ եւ ճակատային գծի փոփոխություններ, ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելով բազմաթիվ շրջաններ։ Միայն մի քանի տարի անց՝ 1994-ին, Ռուսաստանը կարողացավ բոլոր կողմերին ի մի հավաքել հրադադարի շուրջ։ Այդ ժամանակներից անցել է գրեթե 25 տարի։ Բոլոր նրանք, ովքեր այս իրադարձությունների հետ կապ են ունեցել կամ եղել են մասնակից, ակամա սկսում են հետաքրքրվել եւ հետեւել ռեգիոնում իրադարձությունների զարացմամբ, ուսումնասիրել, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք արդեն ընթացքի մեջ են քառորդ դար։



Ուրախացնում է այն, որ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, չնայած որ ունեն տարակարծություններ այլ հարցերում, Ղարաբաղի հարցում աշխատում են բավականին համախորհուրդ եւ փորձում են հասնել հակամարտության կարգավորմանը։ Իրադրությունն Ադրբեջանում այնքան էլ միանշանակ չէ։ Ֆինանսապես հարաբերականորեն բարեկեցիկ երկրում չի կրճատվում սոցիալական անհավասարությունը, եւ իշխող վերնախավը շարունակում է խաբել իր ժողովրդին՝ հայրենասիրական ապրումների վրա շեշտադրումներ կատարելով, մշտապես սպառնալիքներ տեղալով, որ ուժի կիրառմամբ կվերադարձնի այն, ինչ կորցրել է 1991-1994 թթ, թեեւ լավ է հասկանում նոր պատերազմի բոլոր ռիսկերը երկրի եւ հենց իր համար։



Հենց այստեղից են գալիս ուժի կիրառման փորձերը կամ բանակցային պրոցեսի խցանմանն ուղղված գործողությունները։ Պատերազմի զոհերին նոր պատերազմով չես վերադարձնի, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ շնչում է անցյալի ատելությամբ եւ ոչ թե հակամարտությունը լուծելու ապագայի պատրաստակամությամբ։ Ահա այսպես ռուսական «Նովայա գազետա» պարբերականում 1992-1996 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը հեղինակած հոդվածում իր մտորումներն է կիսում։ Նախկին բարձրաստիճան դիվանագետը գրում է, որ մինչեւ վերջին ժամանակներս Հայաստանի դիրքորոշումն այս խնդրում հստակ էր։ Հայաստանը ընթանում էր փոխզիջումների որոնման ճանապարհով, լիովին բացառելով հակամարտության ուժային լուծումը, ինչը համապատասխանում էր, ըստ Կազիմիրովի, այն փաստաթղթերին, որոնց հիման վրա կայացել էր հրադադարը 1994 թվականին։ Հայաստանում այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները եւ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղան վերադարձնել Լեռնային Ղարաբաղին, համապատասխանում է հակամարտության ոչ սովորական եռակողմ կոնֆիգուրացիային, հատկապես, որ 90-ականների կեսերին բանակցություններն ընթանում էին հենց 3 կողմերի միջեւ, այսինքն՝ մասնակցում էր բանակցություններին նաեւ ԼՂ-ն։ Ավելին՝ երկու համաձայնագրերում էլ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին եւ կնքվել են 1994-95 թթ, առկա է երեքի ստորագրությունը։



Ադրբեջանն էլ պատերազմի տարիներին ինքն էր կոնտակտներ հաստատում ԼՂ հետ ճակատային հարցերը քննարկելու համար։ Ռուս դիվանագետը նշում է, որ Բաքվում պետք է հասկանան, թե ինչ կարգավիճակով են այն ժամանակ գործ ունեցել Ղարաբաղի հետ, սակայն ավաղ շատ բաներ չեն հիշում։ Կազիմիրովն անդրադառնում է նաեւ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, առկա ներքին լարվածությանը եւ գրում, որ այդ ամենը այնքան էլ դրականորեն չի ազդի Բաքվի հետ բանակցությունների ժամանակ Երեւանի դիրքերի վրա, եւ պատահական չէ, որ Բաքվից արդեն մեղադրանքներ են հնչում այն մասին, որ Երեւանը բանակցությունները ձգձգում է կամ փորձում խաթարել։