Մնացականյանը կորցրել է վերահսկողությունն իր ղեկավարած գերատեսչության հանդեպ․ REGNUM

Մնացականյանը կորցրել է վերահսկողությունն իր ղեկավարած գերատեսչության հանդեպ․ REGNUM
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական նոր իշխանությունների հասցեին հնչվեցված սուր քննադատությանը, որով Մոսկվան իր մտահոգությունը հայտնեց նաեւ «ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն աշխատանքի հնարավոր խափանումների մասին», որոնց անդամակցում է նաեւ Հայաստանը, Երեւանը պատասխանեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի միջոցով, ով արդեն հայտնի մեկնաբանությունն էր տվել «Арминфо» լրատվական գործակալությանը։



Ինչպես գրում է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Regnum.ru-ում հրապարակված իր հոդվածում, Մոսկվայից հնչած հայտարարություններում հստակ անուններ չկային, թեեւ պարզ էր, որ խոսքն առաջին հերթին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մասին է։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ էլ իր հայաստանյան գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն այն հարցը բարձրացրել էր՝ ուշադրության հրավիրելով ՀԱՊԿ նորմատիվային պրակտիկայի վրա, որի համաձայն, նախ պետք է Երեւանը պաշտոնապես հետ կանչեր իր քաղաքացուն, ով զբաղեցնում է այս փուլում գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ ապա միայն սկսեր հետապնդում իրականացնելը։ Կասկածից վեր է այն, որ նախարար Մնացականյանը այս խոսակցության մասին զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետեւաբար առաջանում է հարց․ իսկ ում տեսակետն է արտահայտել ԱԳՆ խոսնակը Լավրովին պատասխանելիս․ Փաշինյանի՞, թե Մնացականյանի։ Սա առաջին հարցն էր։



Հիմա երկրորդ խնդիրը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն անպաշտոն ձեւով, սակայն հստակ մեսիջով հասկացրեց, որ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոխարինման մասին հայտարարությունը համարում է ոչ պրոֆեսիոնալ։ Սակայն արդյոք կարելի՞ է փորձառու դիվանագետ Մնացականյանին համարել չպատրաստված դիվանագետ։ Սա արդեն ակամա այն մտքին է բերում, որ Մնացականյանը կորցրել է վերահսկողությունն իր ղեկավարած գերատեսչության հանդեպ եւ իրադարձությունների ընթացքը կամ սկսել է վերահսկել միջազգային հարցերում փորձ չունեցող Փաշինյանը, կամ ինչ-որ մեկը նրա շրջապատից։



Եվ հիմա երրորդ խնդիրը։ Հայկական փորձագիտական շրջանակները, վերլուծելով Լավրովի հայտարարությունը, այն եզրակացությանն էին եկել․ որ Մոսկվայի եւ Փաշինյանի միջեւ պայմանավորվածություն էր եղել ձեռք բերված, չհետապնդել նախկիններին, որպեսզի պահպանվի հասարակության մեջ քաղաքական կայունությունը։ Կարելի է հասկանալ, թե ինչ մակարդակի վրա են ձեռք բերվել պայմանավորվածությունները կամ ընթացել խոսակցությունները։ Սակայն Հայաստանի վարչապետը խախտել է խոստումը, ինչը արդեն իսկ կասկածի տակ է դնում նրա հանդեպ եղած քաղաքական վստահելիությունը, իսկ առանց այդ վստահելիության, հետագայում շատ բարդ կլինի հայ-ռուսական հարաբերությունները։ Սակայն խնդիրը միայն դա չէ։ Մոսկվան որպես դաշնակից Երեւանին, մշտապես հետաքրքրված է եղել, որ Հայաստանում լինի կայունություն, ուստիեւ Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգության արտահայտություն է, քանի որ հայկական ղեկավարության գործողությունները կարող են խաթարել ազգային համաձայնությունը եւ բերել ներքաղաքական տուրբուլենտության։ Ինքնին հասկանալի է, որ այս ամենի արդյունքը կարող է լինել Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացումը, իսկ ցայժմ հենց Մոսկվան է, որ կարողանում է զսպել Բաքվին։ Ակնարկելով բառացիորեն երեկ Իլհամ Ալիեւի արած հայտարարությանը՝ Ստանիսլավ Տարասովը գրում է, որ ապագան կարող է լինել շատ անորոշ եւ մտահոգիչ։ Որպես լուծում, ռուս վերլուծաբանն առաջարկում է, որ Մոսկվան սկսի ուղիղ շփումներ Ստեփանակերտի հետ, հանուն ռեգիոնալ կայունության պահպանման։ Բացի այդ, բավական լուրջ է դրությունը նաեւ ամերիկա-իրանական հարաբերություններում նկատվող սրացումներում, եւ այստեղ ցանկացած կրակոց արձագանքվելու է անխոս, նաեւ Հարավային Կովկասում։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե արդյոք այս բոլոր ռիսկերը հաշվարկել եւ գնահատե՞լ են Փաշինյանն ու նրա թիմը։ Տարասովը ամփոփում է՝ հույս հայտնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանն այս անհարթությունը կհաղթահարեն, եւ Փաշինյանի թիմին կհաջողվի ներքաղաքական խնդիրների եւ արտաքին քաղաքական գործակցության միջեւ անցկացնել սահմանագիծը։



**Ստանիսլավ Տարասով**



**REGNUM**