Մեկնարկում է ձմերուկի փառատոնը

Մեկնարկում է ձմերուկի փառատոնը
Ձմերուկի սպառման եւ վայելքի բուռն սեզոն է, եւ հայերիս համար սիրելի ձմերուկի պատվին, ինչպես հայտնի է, ամենամյա միջոցառում է կազմակերպվում: Այս տարին եւս բացառություն չէ: «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում այսօր ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երեւանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված եւ սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:



Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի եւ մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ - Հյուսիսային պողոտա - Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն: Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան յուրօրինակ մրցանակների: